Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկում է անձնական օգնականի պիլոտային ծրագիրը։ Արդեն ընդունվել են դիմումներ նրանցից, ովքեր ցանկանում են անձնական օգնական դառնալ։ Նախարարության էջում տեղադրվել է հարթակ, որտեղ մի քանի տվյալներ են անհրաժեշտ լրացնել դիմումը ներկայացնելու համար։ Դիմումների ընդունումից հետո արդեն կսկսվեն անձնական օգնականների վերապատրաստման դասընթացները, ասում է ՀՀ ԱՍՀՆ Հավասար հնարավորությունների ապահովման վարչության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը։
«Անձնական օգնական դառնալու համար կրթության ցենզի պահանջ սահմանված չէ, մեծ սահմանափակումներր չկան, միայն անձնական օգնական չեն կարող դառնալ նրանք, ովքեր դատապարտված են եղել բռնության համար, գտնվում են դատական գործընթացի մեջ կամ այնպիսի հիվանդություն ունեն, որի դեպքում հակացուցված է աշխատանքն այլ անձանց հետ։ Դիմելու դեպքում անձնական օգնականները 52 ժամ վերապատրաստում կանցնեն, այսինքն մոտ 8 օր։ Սա նաև հնարավորություն է տալու հստակեցնել թիրախ խումբը, թե ովքեր են այս ծառայությունը ստանալու», — ասաց Աննա Հակոբյանը։
Անձնական օգնականները վերապատրաստում անցնելուց հետո նաև թեստավորում կանցնեն, որից հետո միայն կստանան հավաստագրեր։ Վերապատրաստման գործընթացը նախարարության Ազգային ինստիտուտն է կազմակերպելու։ Վերապատրաստման մոդուլը դեռ մշակման փուլում է, հրավիրվում են նաև մասնագետներ՝ մոդուլը կազմելու համար։ Ընտրված մասնագետների հետ կքննարկվի նաև վերապատրաստման առավել արդյունավետ ժամաքանակը, քանի որ ներկայիս ընտրությունը արվել է հիմնվելով Վրաստանի փորձի վրա։
«Նախնական կարող եմ ասել, որ կլինի մակերեսային վերապատրաստման թեման, հաշմանդամության ոլորտի օրենսդրությունը, մնացածը կլինեն աշխատանքային հմտություններ ձևավորելու դասընթացներ՝ ինչպես խնամել տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես կերակրել, ինչպես լողացնել հենաշարժողական խնդիր ունեցող անձին, ինչպես օգնել, ինչպես խոսել, ինչպես հաղորդակցվել։ Թիրախ խումբը այս պահին կառավարության որոշմամբ սահմանված է, որ կլինեն ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ովքեր հաշվառված են անապահովության համակարգում և ունեն 10 և ավելի միավոր, բաց պիլոտի շրջանակում մի փոքր այլ մոտեցում ունենք, կընտրենք նաև այն անձանց, ովքեր անցել են ֆունկցիոնալության գնահատում և սահմանվել է ծանր կամ խորը աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում։ Պիլոտի ընթացքում կհասկանանք կարիք կա՞ թիրախ խումբը վերանայելու, թե՞ ոչ», — նշեց Աննա Հակոբյանը։
Coalition.am-ի այն հարցին, որ ծնողները ունեն դժգոհություն, քանի որ նշում են, որ իրենք իրենց երեխային խնամելու համար վերապատրաստման կարիք չունեն, նախարարության ներկայացուցիչն ասաց, որ վերապատրաստումը կտա օգտակար գիտելիքներ։ Այդ ծնողները երեխային խնամել սովորել են սեփական փորձի հիման վրա, իսկ մասնագետները նրանց կսովորեցնեն գիտական մոտեցումները։ Մեկ այլ անհանգստացնող խնդիր է վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հնարավորությունը, որ շատերը չունեն։ Մեր այս հարցին ստացանք պատասխան, որ սա էլ կարևոր հարցերից մեկն է, որի լուծումն առայժմ չունեն։ Պիլոտային ծրագիրը թույլ է տալու մի շարք հարցերի մասով վերանայումներ անել, այդ թվում՝ անձնական օգնականի ծառայության տրամադրումը միայն անապահովության համակարգում գրանցված անձանց մասով։
«Մենք կհասկանանք, թե որքանո՞վ է ճիշտ ծրագիրը կապել անապահովության հետ, կվերանայենք թիրախ խումբը և գուցե փորձենք գտնել այլ՝ ավելի լայն թիրախ խումբ», — նշեց Հակոբյանը։
Coalition.am-ը նաև ներկայացրեց մի շարք ծնողների մտահոգությունն այն մասով, որ անձնական օգնականը դպրոց չի ուղեկցելու և դասերի ժամանակ չի լինելու երեխայի կողքին։ Սակայն ծնողները այս հանգամանքը համարում են բացթողում։ Այս մասով նախարարության ներկայացուցիչն ասաց, որ ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումների մեջ են՝ հասկանալու համար, թե այս հարցին ինչ լուծում պետք է տրվի։ Առաջիկայում ևս մեկ քննարկում ունեն։
Պիլոտային ծրագրի իրականացումից հետո, արդեն 2024թ-ից ծրագիրը կներդրվի։ Անձնական օգնականի համար սահմանված է 1050 դրամ՝ 1 ժամի համար, իսկ ծնողները կարող են իրենց երեխայի համար անձնական օգնական դառնալ, եթե երեխան ունի 10 և ավելի ժամ խնամքի կարիք։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան