«Առաջին ընկերներն ունեցել եմ «Էմիլի արեգակ» կենտրոնում, պատրաստ եմ եղել դուրս գալ միջավայր, շփվել մարդկանց հետ։ Հետո արդեն դպրոցում, «Փյունիկ»-ում, վերականգնողական կենտրոններում, Ջերմուկում, Կոշում նոր ընկերներ ունեցա։ Երևի որ հարցնեք՝ ինչքան ընկերներ ունեմ, ճիշտ թիվը չեմ կարողանա ասել, աստղերի չափ»։
Գյումրեցի Կատրինն է, ծնվել է մանկական ուղեղային կաթվածով։ Աղջիկը հենաշարժողական խնդիր ունի, սայլակով է տեղաշարժվում։ Փոքր հասակից կարողացել է իր ընկերներին բացատրել, թե ինչու նման չէ բոլորին։
Մինչ դպրոց հաճախելը աղջկան գրկաբաց «Էմիլի արեգակ» կենտրոնն է ընդունել, որտեղ Կատրինը կարողացել է ձեռք բերել կյանքի առաջին հմտությունները, նաև ինտեգրվել հասարակությանն ու պատրասվել միջավայրի մարտահրավերներին։
Այնուհետ թիվ 40 դպրոց հաճախելու որոշում է կայացրել ընտանիքը, քանի որ այն Գյումրու միակ դպրոցն է, որն հարմարեցված է հաշմանդամություն ունեցող երեխաների համար։
«Մենք առաջին անգամ որ գնացինք, դպրոց, մեր մեջ վախ կար, թե ինչպես են ընդունելու Կատրինին։ Բայց շատ լավ ընդունեցին, ինքն էլ որ խոսում էր, կարողացավ բացատրել ու ներկայացնել իր խնդիրը»,-պատմում է Կատրինի մայրը՝ Լուիզան։
Կատրինը դպրոցում լավ է սովորում, կարողանում է դասընկերներին հավասար արդյունքներ ունենալ, մի փոքր գրավոր աշխատանքից է թերանում։
«Ես սկզբում որ գնացի առաջին դասարան, նկատեցին, որ ձեռքով չեմ կարող գրել, հետո «Կարիտաս» -ը պլանշետ տրամադրեց ինձ, որ կարողանամ դրանով աշխատել։ Բայց միևնույնն է չեմ հասցնում այդ արագությամբ, ուսուցչի ձեռագիրն էլ ժամանակ չեմ հասկանում, թե ինչ է գրված գրատախտակին, բայց փորձում եմ հասցնել»,-ասում է Կատրինը։
Առարկաներից ռուսաց լեզուն, հայ գրականությունն ու հայոց լեզուն է շատ սիրում։ Չնայած 13 տարեկան է, բայց ասում է հստակ կողմնորոշվել է մասնագիտության ընտրության հարցում։ Կատրինն ապագա հոգեբան է։ Զրույցի ընթացքում վստահ շեշտում է․ շատ եմ սիրում մասնագիտությունը, հասկացել է, որ իրենն է։ Այս որոշմանը 13-ամյա աղջիկը փուլ առ փուլ է հասել, ունեցած տարբեր փորձառությունների արդյունքում։
«Սկզբում որոշել էի, որ դառնամ բժիշկ, բայց հետո որոշեցի, որ դառնամ ռուսաց լեզվի ուսուցիչ։ Հետո հասկացա, որ էդ մասնագիտությունները շատ դժվար են, ոչ թե մտավորի համար, խոսքի համար, այլ հենաշարժողական խնդրի համար։ Ինչքան էլ մասնագիտությունը սիրես, պետք է կարողանաս ի վիճակի լինել գնալ-գալ աշխատանքի։
Ու հետո որոշեցի, որ կդառնամ հոգեբան, կաշխատիմ տանը կամ օնլայն, ի վերջո 21-րդ դարում այնքան ծրագրեր կան, որոնք օնլայն են արվում, դասեր, այլ աշխատանքներ։ Սա ինձ համար հարմար տարբերակ է, նաև կարող եմ մարդկանց հանգստացնեմ, հասկանամ նրանց հոգեվիճակը»,-իր որոշումն է մանրամասնում Կատրինը։
Կատրինի՝ հոգեբան դառնալու որոշմանը մեծապես նպաստել է շատ ընկերներ ունենալու հանգամանքը։ Աղջիկն անկեղծանում է, ժամանակ է ունեցել յուրաքանչյուրին լուռ ուսումնասիրելու, տարբեր իրավիճակներ քննարկել-հասկանալու։ Առանց նրանց անհնար կլիներ այլապես։
«Որովհետև եթե իրենք չլինեին, եթե ես մենակ լինեի, կողքիս ընկերներ չունենայի, ես երբեք չէի կարողանա մարդկանց հասկանալ, նրանց մտքերը հասկանալ։ Ես ուզում եմ նաև օգնել մարդկանց, օրինակ ընկեր Արմինեի նման (հեղ․-նկատի ունի «Փյունիկ հաշմանդամների միություն» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արմինե Նիկողոսյանին), ինձ նման երեխաներին օգնեմ, որոնք ունեն հաշմանդամություն, որ կարողանան հաղթահարեն իրենց դժվար պահերն ինձ հետ»։
Աղջկա ամեն ցանկություն ծնողները հնարավորությունների առավելագույն չափով փորձում են կատարել։ Այս պահին ընտանիքը կարևոր ու առաջնային լուրջ խնդիր ունի։ Տուն չունեն և ստիպված են ժամանակ առ ժամանակ Գյումրու տարբեր թաղամասերում բնակարան վարձել։ Հիմա Անի թաղամասում են ապրում։ Տունը, որը կարողացել են գտնել համեմատաբար ցածր վարձավճարով, երկրորդ հարկում է, ինչն առավել է բարդացնում Լուիզայի վիճակը, ֆիզիկապես օր-օրի արդեն չի կարողանում սայլակն ու Կատրինին օրվա մեջ մի քանի անգամ իջեցնել և բարձրացնել, տանել դպրոց, տարբեր պարապմունքների ու վերականգնողական թերապիաների։
«Արդեն ամեն մի ողիս վրա ես զգում եմ իր ծանրությունը։ Չենք կարող դրսում քայլել, թեքահարթակներ չկան, մայթեր չկան, ուղիղ ճանապարհ չկա, ցեխոտ, անհարմար, բայց իր ուսման և առողջության համար ամեն ինչ անում ենք։ Ավտոմատացված սայլակ կա, բայց ես էս մեր քարուքանդ ճանապարհներին չեմ կարող իրեն մենակ թողնեմ։ Շներն էլ մի կողմից, անցյալ օրը շները հարձակվել էին մեր վրա ու Կատրինը շատ վախեցավ, թեկուզև ես հետն էի»,-ասում է մայրը։
Հենաշարժողական խնդիր ունեցողները Գյումրիում նաև փոխադրամիջոցից օգտվել չեն կարող։ Հարմարեցված հանրային տրասպորտ չկա, տաքսիները ոչ միշտ են համաձայնում սպասարկել։
«Տաքսին կկանչեմ, գուկան, հենց սայլակը կտեսնին կսեն, էդ սայլակը չենք դնե մեր մեքենայի մեջ։ Այսինքն ոչ միայն ֆինանսական, այլ նաև ֆիզիկական ու հոգեբանակն խնդիր է Գյումրիում ինչ-որ տեղ գնալը։ Բայց ֆինանսականն էլ պակաս կարևոր չէ։ Ճիշտ է, պետության կողմից կան անվճար պարապմունքներ, բայց մենակ դրանով չէ, սովորական տրանսպորտ որ չկա, ամեն օր ես 2000 դրամ պետք է ծախսեմ, որ մեքենայով տանեմ վերականգնողական կենտրոն, հետ բերեմ»,-ևս մեկ խնդիր է բարձրաձայնում Լուիզան։
Կինը Գյումրու համայնքապետարանին ոչ թե խնդրանք, այլ հստակ առաջարկ ունի։ Ասում է, շաբաթական 2 օր ինչ-որ ժամ որոշեն ու սայլակով, հենակով և քայլակով տեղաշարժվողների համար տրանսպորտ հատկացնեն, որ մարդիկ ու նման խնդիր ունեցող երեխաների ծնողները կարողանան երեխաներին թեկուզ Գյումրու կենտրոն, զբոսայգի, թանգարան կամ հանրային այլ վայրեր տանեն, հետո էլ ետ վերադառնան։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Արմենուհի Մինասյան