Երբ ծնվեց փոքրիկ Արենը (անունը փոխված է), ծնողները կասկած անգամ չունեին, որ երեխայի մոտ խնդիրներ են ի հայտ գալու։ 1,5 տարեկանում արդեն խոսքի զարգացման հապաղում նկատեցին։ Զննումներից հետո մասնագետները աուտիզմի նախանշանների մասին հայտնեցին ու այդպիսով սկսվեց պայքարը։ Այցեր մասնագետներին ու վերականգնողական կենտրոններ, որոնցից մի մասը՝ անարդյունք։
«Տղաս հիմա 2 տարեկան 11 ամսական է, մեկ տարուց ավելի տարբեր մասնագետների մոտ եմ տանում, բայց նոր-նոր սկսել եմ որոշակի առաջընթաց նկատել», — պատմում է տղայի մայրը։
Մայրը ժամանակի ընթացքում նաև մի շարք խնդիրների է բախվել․ անվճար կենտրոններում, որտեղ երեխան պետք է պետպատվերով վերականգնողական բուժում ստանա, հերթեր են, իսկ ժամանակը ամենաթանկն է զարգացման խնդիր ունեցող երեխայի բուժման համար։
«Ես վերականգնողական կենտրոններից մեկում էի գրանցել երեխային անվճար 7 ամիս հետո միայն հերթը հասավ։ Հիմա երկու տարբեր վերականգնողական կենտրոններում եմ գրանցել, մի տեղում 4, մյուսում՝ 2 ամիս առաջ, բայց դեռ հերթը չի հասել և հույս էլ չկա, որ կհասնի։ Ես սպասել չեմ կարող, ժամանակ կորցնել չեմ կարող, քանի որ բժիշկներն ասում են, որ որքան փոքր տարիքից է սկսվում բուժումն, այնքան արդյունավետ է լինում ու հիմա դրա համար իմ միջոցներով, մեջտեղից ճղվելով 3 տարբեր մասնագետների մոտ եմ տանում երեխային, ամեն մեկին ամսական 50 000 դրամ վճարելով, բայց ես ֆինանսապես ապահովված չեմ և մյուս երեխայիս ինչ-որ բաներից զրկելով, մի կերպ կարողանում եմ հասցնել ու էլի քիչ է, ավելի շատ մասնագետների հետ պարապելու կարիք ունենք», — սրտնեղած պատմում է մայրը։
Օրինակ, ադապտիվ ֆիզկուլտուրայի 40 րոպեն 10 000 դրամ արժե, աշխատելու հնարավորություն չունեցող ծնողների համար սա, որքան երեխային անհրաժեշտ, նույնքան էլ անհասանելի երազանք է մնում։ Պետպատվերով հատկացված պարապմունքներն էլ, եթե անգամ հերթը հասնի, էլի քիչ են, ասում է ծնողը՝ սեփական փորձից։ 18 պարապմունք՝ յուրքանչյուր 6 ամիսը մեկ։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
«Խնդիրներնը բազմաթիվ են», — ասում է coalition.am-ի մյուս զրուցակիցը՝ Աննա Կարապետյանը, ում երկու տղաներն էլ՝ 3,5 և 8 տարեկան, աուտիզմ ունեն։
Աննան նախ ծնողներին տրամադրվող տեղեկության պակասից է դժգոհում։ Երբ առաջին որդու մոտ խնդիրը նկատվեց, առանց տեղյակ լինելու անվճար գործող վերականգնողական կենտրոնների մասին, 1 տարի երեխային մասնավոր կենտրոն է տարել, վատնել ամբողջ խնայած գումարը։ 2-րդ երեխայի ծնվելուց հետո, երբ 1 տարեկանում խոսք չի նկատվել, Աննա երեխային մի քանի տարբեր կենտրոններում է հերթագրել, բայց 2 տարում երեխայի հերթն այդպես էլ չի հասել, ասում է։
«Պոլիկլինիկաներում, որտեղ էլ հաճախ ծնողները առաջին անգամ տեղեկանում են երեխայի մոտ առկա խնդրի մասին, պետք է ոչ միայն տան համապատասխան տեղեկություն հետագա քայլերի մասին, այլև անվճար գործող կենտրոնների մասին։ Բայց ո՛չ, ծնողը մնում է մենակ, հոգեբանական վատ վիճակում ու այդ վիճակի, տեղեկացվածության պակասի պատճառով էլ հաճախ սխալ ուղղությամբ է գնում», — ասում է Աննան։
Որոշ մասնագետների մոտ 40 րոպե պարապմունքը 10 000 դրամ արժե, մինչդեռ «Այդ 10 000-ով մենք մեկ շաբաթ ապրում ենք», — ասում է ԱՆնան։ Աշխատանք չունեցողի համար սա մեծ գումար է։ Մնալով անվճար կենտրոնների հույսին, ծնողները կորցնում են ամենաթանկը՝ ժամանակը։
«2 տարի սպասելուց հետո, 3 տարեկանում մեզ կանչեցին ՀՄԿ-ից, 2 ամիս ստացանք աջակցություն ու մեզ ասացին կներեք, էլ երեխաների հետ չենք աշխատում ու ասացին գնացեք, հերթագրվեք ՏՄԱԿ-ում ու նորից սպասեք։ Ու ես նորից շատ տարբեր կենտրոններ եմ դիմել ու ոչ մի տեղ մեր հերթը չի հասնում, որովհետև հովանավոր չկա, պետական ծրագիր չկա և այլն, և այլն», — պատմում է Աննան։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Coalition.am-ը հաջորդիվ կներկայացնի տեղեկություն գործող վերականգնողական կենտրոնների, այդ կենտրոններում հերթագրվելու և պետպատվերի շրջանակներում տրամադրվող աջակցությունների մասին։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան