«Երբ գնացի աշխատանքի ընդունման հարցազրույցի, ինձ հարցրին` արդյո՞ք անհրաժեշտություն տեսնում եմ աշխատասենյակ ունենալ առաջին հարկում, քանի որ հիմնական աշխատասենյակը օֆիսի երրորդ հարկում է, ես պատասխանեցի՝ ոչ։ Իմ բնավորությունն է այդպիսին. խնդրի լուծման հեշտ տարբերակ չեմ փնտրել երբեք, եթե ես չեմ կարող բարձրանալ աստիճանը, դա ոչ թե խնդիր, այլ հնարավորություն է ինձ համար, որ փորձեմ բարձրանալ»,- պատմում է ծրագրավորող Արթուր Սահակյանը, որը մանկական ուղեղային կաթվածով է ծնվել։ Իր խոսքով՝ խնդիրները դիտարկել որպես հնարավորություն. դա իր հաջողության գրավականներից մեկն է։
«Սկսած չհասկացվածության խնդրից մինչև ծաղրանք ու ֆիզիկական կամ մտավոր տարբերության պատճառով մենակ լինելու զգացողություն, որը տալիս է հասարակությունը, երբեմն այս ամենը պատահում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ մանուկ հասակում, երբ նոր են սկսում հասարակության լայն շերտերի հետ շփվել, օրինակ՝ սկսած դպրոցից։ Այս ամենը կոմպլեքսներ, լարվածություն ու պարփակվածություն կարող է առաջացնել անձի մոտ, ուստի, անչափ կարևոր է ընտանիքի մոտեցումը այս հարցում, քանի որ եթե տանը քեզ ընդունում են, ապա իրենք դառնում են քեզ համար հենարան՝ առաջ շարժվելու և կոմպլեքսները հաղթահարելու համար»,-նշում է Արթուրը։
Ինչպես ինքն է պատմում, իր բախտը բերել է ընտանիքի հարցում, վերոնշյալ խնդիրներից և որևիցե մեկը ինքը չի ունեցել կամ եղածներն էլ արագ հաղթահարվել են, և սա շնորհիվ ավագ քրոջ։ Իր հաջողությունների 80%-ը, կարելի է ասել, եղել է հենց ընտանիքի կողմից ունեցած մեծ վստահության ու աջակցության շնորհիվ։ Արթուրը, չնայած հիմա ապրում ու աշխատում է Երևանում, բայց ծնվել ու մեծացել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում։ Հիմա աշխատում է ՏՏ ոլորտում, իսկ այն հարցին, թե ինչպես ընտրեց այս ոլորտը, պատասխանում է։
«Դեռ փոքրուց սիրում էի քչփորել ու ուսումնասիրել այն, ինչը կապված է համակարգչի հետ։ Հետո ձեռք բերելով որոշակի գիտելիքներ՝ ընկերներս ու բարեկամներս հաճախ դիմում էին համակարգիչը կարգի բերելու համար։ Այսպես, սկսվեց իմ ճանապարհը դեպի ՏՏ, և ես հիմա վեբ ծրագրավորող եմ ու սիրում եմ իմ աշխատանքը»։
Արթուրի խոսքից պարզ դարձավ, որ նվազագույն խնդիրներ է ունենում աշխատանքում՝ կապված հաշմանդամություն ունենալու հետ։ Ինչպես գիտենք, ՀՀ աշխատաշուկայում զբաղվածություն գտնելը բարդ է թե՛ հաշմանդամություն ունեցող, թե՛ չունեցողների համար և արդյո՞ք իր համար հեշտ է եղել տեղավորվելը, Արթուրը պատասխանում է, որ այս հարցը իրեն հաճախ տալիս են նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ։
«Նշեմ, որ ամեն ինչ հաշմանդամություն ունեցող անձից է կախված։ Ես երկու երեք աշխատավայր եմ հասցրել ունենալ և միշտ հստակ ներկայացրել եմ, որ ես ունեմ հաշմանդամություն, բայց ես գերհոգատարություն, խղճահարություն կամ հավելյալ ուշադրություն չեմ պահանջում։ Ես ունեմ հմտություններ, որոնք իրենց է պետք, իսկ իրենք՝ ազատ հաստիք, որը ինձ է պետք։ Ես ինձ չեմ ներկայացնում մարդ, որն ունի օգնության կարիք, այլ մարդ, որն եկել է աշխատելու և Ձեզ դիտարկում Է, ինչպես հավասարը հավասարին»։
Արթուրին նաև հարցնում եմ, թե ի՞նչ խորհուրդ կտա բոլոր այն անձանց, որոնք ունեն հաշմանդամություն և անցնելու են մի ճանապարհով, որով ինքն է անցել։ Ժպտում է ու պատասխանում, թե նման խորհուրդ ինքը կուզենար լսեր, երբ փոքր է եղել։
«Ընդհանրապես մենք միշտ բախվում ենք խնդիրների, անկախ նրանից, ունե՞նք հաշմանդամություն, թե՞ ոչ։ Երազանքները նպատակների վերածել է պետք ու գնալ այդ ուղղությամբ, անկախ նրանից, թե որքան դժվար կլինի ու քանի անգամ չի ստացվի, բայց ստացվելու է անպայման, կարևորը չհանձնվելն է»։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան