Արդեն 58 օր շրջափակման մեջ գտնվող բուժառուները չեն կարողանում գալ Հայաստան և օգտվել բժշկական ծառայություններից։ Նրանք, ստիպված, իրենց հիվանդությունները փորձում են բուժել բժշկի՝ հեռախոսազանգով տրվող խորհուրդներով։
Լեռնիկ Ավանեսյանը 50 տարեկան է։ Նա բնակվում է Արցախի Մաճկալաշեն գյուղում, 3-րդ կարգի հաշմանդամություն ունի։ Նա այս պահին զրկված է անհրաժեշտ գործիքային հետազոտության հնարավորությունից։
Մարտունու շրջանում գտնվող Մաճկալաշենը Ստեփանակերտից հեռու է 54 կմ, սակայն, եթե անգամ Լեռնիկ Ավանեսյանը հասնի մայրաքաղաք, միևնույն է, չի կարող ստանալ իր համար կենսական նշանակություն ունեցող բուժօգնությունը, քանի որ այն հասանելի է միայն Երևանում։
«Ուզում եմ գնալ Երևան բժշկի, բայց փակ ճանապարհների պատճառով չեմ կարողանում»,-ասում է նա։
Լեռնիկ Ավանեսյանի առողջական խնդիրները կապված են ձեռքի հետ՝ նյարդերը չի զգում, ինչի պատճառով էլ ձեռքն անգործունակ է դարձել։ Պետք է Երևանում համապատասխան հետազոտություն անցնի, որ անհրաժեշտ դեղորայք ընդունի։
«Նյարդերի խնդիր ունեմ, Երևանի 1-ին հիվանդանոցում ապարատ կա, պետք է նկարեն նյարդերս նայեն, խորհուրդ տան։ Ստեփանակերտում չկա այդ սարքը, Երևանում է միայն, չեմ կարողանում գնալ»,-ասաց նա։
Լեռնիկ Ավանեսյանը Երևան պետք է գար դեկտեմբերի 12-ին, մեկ շաբաթվա ընթացքում հետազոտվեր, հետո նորից վերադառնար Արցախ։ Հենց այդ նույն օրը ադրբեջանական, այսպես կոչված, ակտիվիստները փակել են Արցախի համար կենսական նաշանակություն ունեցող Լաչինի միջանցքը։
Լեռնիկ Ավանեսյանն առողջական խնդիրները լուծելու հեռավար տարբերակն է ընտրել։ «Բժշկի հետ հեռավար եմ աշխատում, ռենդգեն եմ անում, նկարն ուղարկում եմ բժշկին, ասում է, թե ինչ պետք է անեմ, բայց նյարդերը ստուգող հետազոտությունը, որն ավելի կարևոր է, քան ռենգնը, այստեղ չեմ կարողում նաել»,-ասաց նա։
Շրջափակման մեջ հայտնված Մաճկալաշենում մի բուժկետ կա, որն առաջին բուժօգնություն է միայն տրամադրում, իսկ մասնագիտացված բուժծառայություններից արցախցիները զրկված են։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան