«ՀՀ կենտրոնական բանկը տեսողության խնդիր ունեցող անձանց ավանդների ներգրավման կամ նրանց վարկերի տրամադրման ֆինանսական կազմակերպությունների իրավունքը սահմանափակող որոշում չի ընդունել»։ Այս մասին coalition.am կայքի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ մեզ դիմել էին քաղաքացիներ, ովքեր խնդիրների էին բախվել բանկում և «Մոբայլ սենթր» խանութների ցանցում։ Մասնավորապես, մի դեպքում հրաժարվել էին ապառիկ ձևակերպել, մյուս դեպքում՝ ավանդ ներգրավել, որպես պատճառաբանություն նշելով ԿԲ կողմից ընդունված նոր որոշումը։ Հարցումը փաստում է, որ ԿԲ կողմից որևէ նոր որոշում չի ընդունվել։ Ավելին՝ Կենտրոնական բանկը կարևորում է հասարակաության բոլոր խմբերի համար ֆինանսական ծառայությունների հասանելիությունը։ Սա նշանակում է, որ հաշմանդամություն, այդ թվում՝ տեսողության խնդիրներ ունեցող բոլոր քաղաքացիները կարող են սպասարկվել բոլորին հավասար, իսկ բանկի կամ այլ կազմակերպության կողմից գործարքի մերժումը հաշմանդամության հիմքով անթույլատրելի է։
ԿԲ-ից պարզաբանում են նաև, որ տեսողության խնդիր ունեցող անձանց սպառողական վարկերի տրամադրման և նրանցից ավանդների ներգրավման գործընթացը կարգավորվում են նույն օրենքներով, ինչ այլ մարդկանց տվյալ ծառայությունների մատուցումը (համապատասխանաբար «Սպառողական կրեդիտավորման մասին» և «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքներով)։ Միևնույն ժամանակ, ՀՀ-ում կողմերի միջև գրավոր գործարքի կնքման դրույթները սահմանվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածով, համաձայն որի եթե քաղաքացին ֆիզիկական արատի պատճառով չի կարող իր ձեռքով ստորագրել, ապա նրա խնդրանքով գործարքը կարող է ստորագրել այլ քաղաքացի։ Վերջինիս ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող այլ պաշտոնատար անձը՝ նշելով այն պատճառները, որոնց ուժով գործարք կնքողը չի կարողացել այն ստորագրել։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան