Լուսանկարում թաղիքագործության ուսուցչուհին է 2 աշակերտուհիների հետ՝ թաղիքագործության ընթացքում
Բուրդ, օճառ, օդաբարձիկ. այս երեք բաղադրիչներն էին, որ 10-ամյա Յուրիին գրավեցին ու տարան դեպի թաղիքագործության աշխարհ:
Մայրն ասում է տղան աուտիզմ ունի, Գյումրիում հնարավոր բոլոր կենտրոններ են հաճախում, որտեղ կարողանում են Յուրիի կարիքներին համապատասխան զբաղմունք գտնել:
Գյումրիի Մանկապատանեկան արվեստի պալատի թաղիքագործության խմբակն այն քիչ վայրերից է, որտեղ հաճախում են հաշմանդամություն ունեցող երեխաներն ու հաջողությամբ ներառվում միջավայրում:
Յուրիի և շատ այլ ծնողների հենց թաղիքագործության խմբակի խմբավար Վալերյան է առաջարկել երեխաներին բերել ոչ մասնագիտացված հաստատություն, որտեղ նաև հաշմանդամություն չունեցող նրանց հասակակիցներն են հաճախում:
«Նրանք նաև «Էմիլի արեգակ» են հաճախում: Եվ այստեղ գալը առաջարկվել է իմ կողմից, շատ հեշտ եկել են: Մանկապատանեկան արվեստի պալատի տնօրենը մեծ սիրով համաձայնել է: Ասել ենք, որ աուտիզմով երեխաներ են գալու, կարղ է բարձր ձայներ լսվեն, քանի որ խոսք չունեն երեխաները և իրենց հույզերը, զգացողություններն ու վերաբերմունքն այդ կերպ են արտահայտում:
Ոչ մի խնդիր չի եղել, համագործակցությունը ստացված է ոչ միայն տնօրենի, այլ ամբողջ կենտրոնի հետ»,-ասում է խմբավարը:
Վալերյայի առաջարկի ուղղությամբ երեխաների ծնողները ևս երկար չեն մտածել, արագ համաձայնել են:
Նարեի ու Քրիստինեի մայրիկներն այսօր արդեն փաստում են, ճիշտ որոշում էր:
«2.5 տարի արդեն հաճախում ենք, բավականինառաջընթաց ունենք: Յուրին իրեն շատ լավ է զգում այս թերապիաների արդյունքում: Փրփուրով խաղալը, ջրի հետ շփումն իրեն հանգստացնում է:
Այստեղ կարգուկանոնի է սովորել: Սկզբից որ գալիս էր, լացում էր, չէր մնում։
Հիմա արդեն ինքը շատ լավ գիտի, որ դուռը բաց է, բայց դուրս չի գնում առանց պատճառի»,-ասում է Քրիստինեն:
Վալերյան մանրամասնում՝ թաղիքագործությունը մոտորիկայի զարգացման հետ անմիջական կապ ունի:
«Երեխաներն ունենում են ռելաքս, որի շնորհիվ հանգստանում են:
Գլխուղեղի բջիջները հանգստանում են, և նրանց հետ մասնագիտական աշխատանքն առավել հեշտանում է»:
Յուրիի մայրն ասում է՝ տղան շուտ է հոգնում, բայց այն ժամանակահատվածում, երբ հետաքրքրված է պարապմունքով, արդյունավետ է:
«Յուրին, որ գալիս է, թեյնիկը տանում, ջուրը լցնում է իր ձեռքով, բերում միացնում է: Ամեն ինչ պատրաստում է իր ձեռքով, պարագաները դնում է սեղանին, աշխատում է:
Իր խնդրի պարագայում սա հսկայական աշխատանք ու արդյունք է, որին մենք հասել ենք մեր մասնագետի հետ»,- պատմում է Քրիստինեն ու նշում, որ լավ կլիներ, եթե Գյումրիում լիներ այնպիսի կենտրոն, որտեղ ավելի երկար ժամանակով հաճախեին հաշմանդամություն ունեցող երեխաներն ու չունեցողները՝ միաժամանակ:
Դպրոցում ժամանակը չի հերիքում, որ կարողանան երեխաները միմյանց ընտելանալ ու հասկանալ, իսկ երկար շփումների պարագայում առավել հեշտ կլիներ ներառումը:
Թաղիքագործության այս խմբակն հենց Քրիստինեի ասած խառը խումբն է: 6-18 տարեկան երեխաներ են հաճախում, միասին նստում նույն սեղանի շուրջ, բրդից հողաթափեր, զարդեր ու այլ աքսեսուարներ պատրաստում, ասեղնագործում, զրուցում ու աննկատելիորեն միմյանց առավել խորն ընկալում ու ճանաչում:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Արմենուհի Մինասյան