25-ամյա Վրեժ Սարգսյանը թույլ տեսողությամբ ծնվեց, բայց թույլ տեսողությունը Վրեժի կյանքի որակի ու նպատակների վրա որևէ կերպ չազդեց՝ չնայած բոլոր այն դժվարություններին, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք։
Վրեժը այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում է սովորում, ռեժիսուրայի բաժնի 1-ին կուրսում է, նաև ստեղծագործում է տարբեր ժանրերում։
«Ես 2021-ին կրկին ընդունվել էի Թատերական, բայց 2-րդ կուրսից դուրս մնացի, որովհետև չկարողացա վարձը վճարել։ Ես տրամադրված էի, որ պետք է սովորեմ ու ավարտեմ և կանգ չառա։ Ավելի լավ պատրաստվեցի ու կրկին դիմեցի այս անգամ ընդունվեցի ու ընդունվեցի անվճար լ» — պատմում է Վրեժը։
Ուսման ընթացքում Վրեժը դժվարությունների հանդիպում է, բայց բոլորն էլ հաղթահարում է։ Հիմնական դժվարությունները առողջական վիճակի հետ է կապված ու ելք գտնելը հաճախ շատ դժվար է լինում, բայց դասախոսները փորձում են հասկանալ ու ընդառաջել։
«Ես մկանային թուլություն ունեմ, մկանային հիշողության թուլություն, մկանային դողեր և այլն, իսկ թատրոնում մարմնի ճկունություն է պետք, պարել, պլաստիկ շարժումներ անել դժվարանում եմ։ Ինչ-որ բաներ իհարկե կարողանում եմ անել կամ եթե չեմ կարոողանում, այլ բան եմ փորձում անել, հարմարվել կամ շարժումները հարմարեցնել, իսկ դասախոսները հասկանում են ու փորձում են օգնել։ Ինչ վերաբերում է գրականությանը, ապա այստեղ ևս կա խնդիր՝ չունենք մայրենի լեզվով գրականություն, հիմնականում ռուսերեն և անգլերեն է, դե իսկ աուդիո գրականության մասին էլ չեմ խոսում», — ասում է Վրեժը, նաև նշելով, որ ինստիտուտի շենքն էլ հարմարեցված չէ, չնայած ինքը ունի թույլ տեսողություն և կարողանում է տեղաշարժվել ինքնուրույն։
Վրեժը լավ է սովորում, անվճար համակարգում է, բայց ցավով է նշում, որ հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք է, չկա որևէ աջակցություն նախարարության կողմից, այն պարագայում, երբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կարող են սովորել անվճար, իսկ իր համար նույնիսկ զեղջ չի գործում։
Վրեժը սիրում է իր ընտրած մասնագիտությունն ու իրեն միայն այդ ոլորտում է տեսնում, արվեստից ու բեմից ոգեշնչվում է։ Նաև հաջողություններ ունի գրանցած, ինչն իրեն ուժ է տալիս բոլոր դժվարությունները հաղթահարելու համար։ Վրաստանում մասնակցել է «Իվերիա» գրական փառատոնին և հաղթող ճանաչվել «Ապագա գրող անվանակարգում, Վրաստանում կայացած մեկ այլ միջազգային փառատոնի հաղթողն էլ է ինքը եղել։ Եղիշե Չարենցի ծննդյան օրը Գոյ թատրոնում բեմ է բարձրացել, նաև քննական շրջանում է բեմել ունեցել, արձագանքները շատ լավն են եղել։ Նկարահանվել է Հայաթ պրոջեքթի «Չի կարելի» ստեղծագործության մեջ՝ մարմնավորելով գլխավոր կերպարին։
Վրեժը առաջիկայում նաև անակնկալ ունի, նկարահանման նոր առաջարկ է ստացել, առայժմ փակագծեր բացել չցանկացավ, բայց խոստացավ, որ առաջիկայում հաճելիորեն կզարմացնի։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան