Տարիներ շարունակ տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպությունները ՀՀ գործադիր եւ օրենսդիր մարմիններին են ներկայացրել քաղաքային եւ գյուղական տրանսպորտային միջոցները հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցնելու հարցը։
Դեռեւս 13 տարի առաջ այս հարցը ուղիղ եւ անմիջականորեն ներկայացվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
Նախարարության ներկայացուցիչը քննարկման ժամանակ առանձնացրել էր հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելու համար առաջին և ամենակարևոր նախապայմանը՝ այլ քաղաքացիների հետ հավասար, մատչելի պայմանների ապահովման հարցը։
Արձանագրվել էր, որ հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական տրանսպորտից օգտվելն ապահովելու համար չափազանց կարևոր է, որ տրանսպորտային ողջ համակարգը մատչելի լինի նրանց համար, սակայն երթևեկությունն ապահովելու համար հանրապետությունում հարմարեցված փոխադրամիջոցների թիվը շատ սահմանափակ էր:
Փոխադրամիջոցների, կապի և հեռահաղորդակցման միջոցների բացակայության պատճառով հեռավոր մարզերի հաշմանդամություն ունեցող բնակիչները հիմնականում հնարավորություն չունեն օգտվել բժշկական, վերականգնողական և այլ ծառայություններից:
2010 թվականից հետո Երեւանում փորձեր արեցին ներկրել եւ շահագործել այնպիսի փոխադրամիջոցներ, որոնք կկարողանան ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի խնդիրը։ Թեպետ այդ խնդիրը 13 տարի անց էլ դեռ ամբողջությամբ լուծված չէ, սակայն 2021 թվականից մեկնարկած Երևանի վերգետնյա հասարակական տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացի շրջանակում ձեռք բերված բոլոր՝ 100 Գազել մակնիշի փոքր դասի միկրոավտոբուսները, միջին դասի «ԺՈՆԳ-ԹՈՆԳ» մակնիշի 361 ավտոբուսները, 2023 թ. Ներկրված թվով 87 «MAN» մակնիշի ավտոբուսները և «Yutong» մակնիշի 15 տրոլեյբուսներն հագեցած են հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժն ապահովող տեխնիկական միջոցներով:
Աջ ձեռքի վնասվածք ունի Տաթեւիկ Մինասյանը։ Իջեւանում 31 տարի բնակվելով՝ նա երբեւէ չի տեսել հարմարավետ փոխադրամիջոց։ «Ցանկալի կլիներ, եթե ես օգտվեի ավտոմատ բացվող եւ ավտոմատ փակվող տրանսպորտից»,-ասում է նա։
Քրիստինե Կիրակոսյանն ապրում է Գյումրիում։ 23 տարի է՝ սայլակով է տեղաշարժվում։ «Համայնքային եւ միջմարզային տրանսպորտային միջոցներն անմատչելի են։ Ես ստիպված օգտվում եմ տաքսի ծառայություններից, թեպետ տաքսի ծառայությունները եւս անմատչելի են։ Ես ինքնուրույն չեմ կարող տեղաշարժվել, ինձ պետք է օգնական տեղափոխվելու համար»,-ասում է նա։
Ք․Կիրակոսյանն ընդգծում է՝ սոցիալական ներառման հարց կլուծվի, եթե տարբեր հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան հավասարապես օգտվել հանրային տրանսպորտից։
2021 թվականին Գյումրու համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրի շրջանակում ձեռք էր բերել 63 միկրոավտոբուս։ Ծրագրի ընդհանուր արժեքը 882 մլն 200 հազար դրամ է, գումարի 50 տոկոսը կառավարությունն է տրամադրել, մյուս կեսը՝ համայնքը։
Այդ 63 միկրոավտոբուսից 4-ը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետի պաշտոնակատար Գեորգի Ղազարյանը coalition-ի հետ զրույցում ասում է, որ այդ 4 միկրոավտոբուսն էլ արդեն իսկ շահագործվում են։
Այդ միկրոավտոբուսները մեխանիկական են, դյուրալյումինե հարթակներով։
«Երբ ուղեւորները լինում են հաշմանդամություն ունեցող անձինք, վարորդը թեքահարթակները տեղադրում է եւ սայլակը բարձրանում է վերեւ, ապա՝ իջնում»,-ասում է Գ․Ղազարյանը։
Ինչպես նկատվում է, այդ միկրավոտոբուսները համարեցված են միայն սայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Գ․Ղազարյանն ասում է, որ համայնքը միկրավոտբուսների ձեռքբերման այլ սուբվենցիոն ծրագիր էլ է ներկայացրել ՀՀ կառավարություն։ Հաստատվելու դեպքում ներկրվող 10 միկրովատոբուսից հինգը կամ վեցը դարձյալ նախատեսված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Ըստ Առողջապահության միջազգային կազմակերության տվյալների՝ հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են աշխարհի բնակչության մոտ 15 տոկոսը (ավելի քան 1 միլիարդ անձ), ովքեր կյանքի տարբեր բնագավառներում հանդիպում են բազմաթիվ խնդիրների եւ խոչընդոտների:
2022 թվականի հուլիսի մեկի դրությամբ Հայաստանում, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, հաշվառված է 194 հազար 744 հաշմանդամություն ունեցող անձ, նրանցից 92 հազար 760-ը կին է։ Նույն աղբյուրի տվյալներով՝ Հայաստանում հաշվառված 194 հազար 744 հաշմանդամություն ունեցող անձից 9 հազար 310-ը 2022 թվականի հուլիսի մեկի դրությամբ եղել է անչափահաս։
Հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակն ամենամեծն է Երեւանում՝ 58 հազար 16, ապա՝ Շիրակի մարզում՝ 18 հազար 954, երրորդ տեղում է Գեղարքունիքը՝ 18 հազար 735, իսկ չորրորդ տեղում՝ Լոռին՝ 18 հազար 547։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Անի Մկրտչյան