2020թ-ի պատերազմը հիմնովին փոխեց նաև Հարությունյանների ընտանիքի ուղին։ 39-ամյա Գագիկ Հայրապետյանն ու 40-ամյա կինը կորցրեցին տունն ու հանգստությունը։ Տեղահանվեցին ու հիմա 5 անչափահաս երեխաների հետ փորձում են ամեն ինչ զրոյից սկսել։
«Մենք 4 տարի առաջ էինք վերաբնակեցվել Քարվաճառում, մեծ հույսերով ու ակնկալիքներով։ Մեզ տուն էին տվել, ես իմ ձեռքերով, չնայած առողջական խնդիրներին, նորոգել էի, շենացրել տունս, բայց մեկ օրում ամեն ինչ կորցրեցինք», — ասում է Գագիկը։
Գագիկն ու կինը հաշմանդամության 2-րդ կարգ ունեն։ Գագիկը 18 տարեկանում ծառայության ժամանակ հրազենային վիրավորում է ստացել, հիմա ձեռնափայտով է տեղաշարժվում, կինն էլ փոքր տարիքում ընկնելու հետևանքով է հաշմանդամութուն ձեռք բերել։ Հիշում են պատերազմի դաժան օրերը։
«Կինս ասեց մենք առանց քեզ չենք գնա, ես էլ չէի ուզում լքել գյուղը, բայց համագյուղացիները մեզ ստիպելով են նստացրել մեքենան ու դուրս բերել գյուղից։ Ոչինչ չենք կարողացել վերցնել մեզ հետ, միայն մեր հագուստները ու մի կով։ Հետո էլ երբ հնարավորություն կար իրերը դուրս հանելու, գումար չկար։ Շատ թանկ էին ուզում, եթե ուրիշ ժամանակ 60 000-ով էին Երևան գալիս, այդ օրերին 300 000-ից պակաս չէին ուզում», — պատմում է Գագիկը։
Ընտանիքն ամեն ինչ ունեցել է, անասուններ, տուն-տեղ, կահույք, Գագիկը նաև հայտնի Տաք ջրերում աշխատանք ուներ, տարածքն էր հսկում։ Ասում է փողը կար, ծախսելու տեղ էլ չունեին, իսկ հիմա ամեն ինչի կարիք ունեն։ Գյուղից բերած միակ կովը վաճառեցին հոր մահվան ժամանակ, ինքն էլ հարմար աշխատանք չի կարողանում գտնել, առողջությունն էլ լավ չէ, նունիսկ տունը տաքացնելու փայտ չունեն։
«Ապրելը շատ դժվարացել է, բարեգործների տված աջակցությամբ ենք այս ընթացքում կարողացել գոյատևել, բայց հիմա նույնիսկ երեխաներս դպրոց չեն գնում, որովհետև տաք հագուստ չունեն։ Հիմա ընտանիքս համալրվելու է, մեր 6-րդ բալիկին ենք սպասում, բայց թե ինչպես ենք այս խնդիրները հաղթահարելու, չգիտեմ դեռ», — ասում է հայրը։
Հիմա ամուսինները լուրջ խնդրի առաջ են կանգնել, պետության կողմից տրամադրած հավաստագրով չեն կարողանում բնակարան գնել, քանի որ չմարված վարկերի պատճառով ԴԱՀԿ-ն կալանք է կիրառել հաշիվների վրա։ Հիմա անհույս սպասում են, գուցե մի դուռ կբացվի, ասում են։
Այս ընտանիքներին երբեմն նաև հիշողություններն են ուժ տալիս ապրելու։ Իրենց տնից բերված իրերը, հեռախոսի մեջ պահպանված լուսանկարներն ու երբեմն էլ ադրբեջանցիների կողմից հրապարակված տեսանյութերը։ Իրենց տունը Գագիկենք դեռ չեն գտել այդ տեսանյութերում, բայց հարազատ դպրոցն են տեսել, որ զորանոցի է վերածվել, իրենց գյուղի ճանապարհն են տեսել։ Սպասում են, գուցե մի օր էլ իրենց տունը հայտնվի տեսանյութերում, նորից տեսնեն, գուցե ավելի շատ ցավ ապրեն, բայց ուզում են տեսնել, գոնե մեկ անգամ ու թեկուզ հեռվից։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան