«Հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում միշտ են դժվարությամբ աշխատանք գտնում, չգիտես ինչու մենք միշտ թերագնահատված ենք», — ասում է 57-ամյա Արամ Աբրահամյանը, ով չի տեսնում։
Ի ծնե նրա մի աչքը չի տեսել, տարիների ընթացքում նաև երկրորդ աչքի տեսողությունն է վատացել և արդեն 8 տարի է չի տեսնում։ Տարիներ առաջ իրեն հաջողվել էր աշխատանք գտնել, փայտամշակման «Չո Կո Քրիբս» ընկերությունում էր աշխատում, 2 տարվա աշխատանքային պայմանագիր էր կնքել, բայց աշխատեց 1,5 տարի։
«2018թ-ին ինձ պայմանագրի ժամկետից 6 ամիս շուտ ազատեցին աշխատանքից, առանց պատճառի ու առանց որևէ ծանուցման, մինչ այդ էլ հարկադիր արձակուրդի էին ուղարկել։ Ազատելուց հետո փորձեցի պարզել ինչն է պատճառը, բայց միևնույնն է բան չփոխվեց, միայն ասել են, որ սննանկացելա ու վերջ, նույւնիսկ վերջնահաշվարկ չեն տվել», — ասում է Արամ Աբրահամյանը։
Ըկերությունը հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի էր վերցրել պետական աջակցության ծրագրով։ 2016թ-ին գործում էր «Անմրցունակ անձի աշխատավարձը մասնակի փոխհատուցման ծրագիրը» և գործատուն օգտվում էր այդ ծրագրից։
«Ուղղակի օգտվեցին իմ վիճակից, որոշ դեպքերում էլ նաև օրենքի չիմացությունից ու ուղղակի ասեցին, որ ոչ մի բան էլ չես կարող անել ու վերջ։ Դիմել եմ զբաղվածության կենտրոն, ասեցին ընկերությունը սննանկացել և լուծարվել է, դու ոչինչ չես կարող անել ու այդպես էլ ոչինչ չարեցի», — ասում է Արամ Աբրահամյանը։
Coalition.am-ը փորձեց կապ հաստատել «Չո Կո Քրիբս» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Շահբազյանի հետ։ Միակ հեռախոսահամարն անհասանելի էր, բայց փաստացի դեռ 2022թ-ի դրությամբ ընկերությունը գործունեությունը շարունակել է։ 2020թ-ին 24 ժամով դադարեցվել է գործունեությունը համաճարակի պայմանները չպահպանելու համար, իսկ 2022թ-ին Ազդարար կայքում տեղադրվել է հայտարարություն այն մասին, որ հուլիսի 8-ի դրությամբ ունի 316,500 դրամ դրոշմանիշային վճարի չկատարած պարտավորություն։ Դատալեքս դատական ակտերի կայքում էլ չկա որևէ գործ տվյալ ընկերության սնանկության վերաբերյալ։ Ստացվում է, որ օգտվելով անձի չիմացությունից նրան ազատել են աշխատանքից, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան սահմանված չէ։ Արամ Աբրահամյանը աշխատանքային պայանագիրը չունի պահպանած։
Մենք փորձեցինք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմից ճշտել, արդյո՞ք տարիներ անց հնարավոր է վերականգնել խախտված իրավունքները։ Մեզ պատասխանեցին, որ հնարավոր է, վաղեմության ժամկետ չկա, սակայն քանի որ աշխատանքային պայմանագիրը կնքվել է պետական աջակցության ծրագրի շրջանակներում, տեսչական մարմինն անելիք չունի։ Ամբողջ տեղեկությունը պահպանվում է Միասնական սոցիալական ծառայությունում, որտեղից, սակայն, 3-րդ անձի տեղեկություն փոխանցել չեն կարոող՝ անձնական տվյալների գաղտնիության պահպանման պատճառով։ Արամ Աբրահամյանը դիմեց Միասնական սոցիալական ծառայություն, որտեղից միայն տեղեկացրեցին, որ տվյալ ըներությունը գործունեությունը կասեցրել է և նշված ծրագրով պետության կողմից փոխհատուցում է ստացել 1 տարի։ Այն հարցին, թե ինչպե՞ս է գործունեությունը կասեցրել, եթե նույն անունով ընկերությունը հետագայում էլ շարունակել է գործունեությունը պատասխան չի տրվել։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան