«Լուսանկարներով ու հիշողություններով ապրելու արվեստը»․ այսպես է 49-ամյա Վարդան Ամիրջանյանը նկարագրում այն կյանքը, որ հիմա ապրում է։
Դեռ առաջին արցախյան պատերազմի ընթացքում ստացած վիրավորումից հետո առաջացած բարդությունների հետևանքով երկու ոտքերը ու ձեռքերը կորցրած տղամարդը տարեց մոր հետ 44-օրյա պատերազմից հետո Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում է բնակություն հաստատել, վարձով են ապրում։
«Ստացած թոշակով կարողանում ենք միայն վարձը տալ, իսկ թե քանի օր ենք սոված քնում՝ ոչ մեկին չի հետաքրքրում», — ասում է կյանքի հանդեպ դառնացած տղամարդը, որ դեռ 3 տարի առաջ ամեն ինչ ուներ։
Հադրութի շրջանում էին բնակվում, մինչ չարաբաստիկ պատերազմի սկվելը։ Դաժան պատերազմին այս անգամ ստիպված հեռվից էր հետևում, մասնակցել չէր կարող, թեև պատրաստ էր, ասում է։ Պայթող արկեր, կրակոցներ ու իրար հետևից գլորվող անհանգիստ օրեր։ Վարդանն ու մայրը, չնայած այս ամենին, տանն են եղել, թաքստոց չեն գնացել, չէր էլ կարող սայլակով ծեր մոր հետ որևէ տեղ պատսպարվել։
«Արդեն սովորել էինք թե՛ կրակոցներին, թե՛ պայթյուններին։ Այլ տարբերակ, — ծիծաղելով ասում է Վարդանը։ Դեմքին ծիծաղն է, աչքերում՝ արտասուք, — Նստած սպասում էինք, տեսնեինք ինչ է լինելու, բայց ոչ մի դեպքում այսքան վատ հանգուցալուծում չէինք պատկերացնում կամ պարզապես չէինք ուզում պատկերացնել»,- ասում է նա։
Հոկտեմբերի 10-ին քրոջ որդին է իրեն ու մորը գյուղից դուրս հանել իր մեքենայով, արդեն բոլորը գնացել էին, որովհետև գյուղում մնալը վտանգավոր էր, թշնամին մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր։
«Ես չէի էլ ուզում դուրս գալ, ուզում էի տանը մնալ ու սպասել», — ասում է Վարդանը, բայց մոր անվտանգության մասին էլ մտածելով ստիպված է եղել լքել տունը, առանց որևէ իր վերցնելու։ Հույս ունեին, որ դեռ հետ են վերադառնալու։
Քրոջ որդին էլ հիմա չկա, զոհվել է պատերազմում։ Վարդանը մոր հետ, առանց որևէ օգնության ու հույսի, ապրում են օտար տան մեջ։ Չունի ոչ աշխատելու հնարավորություն ու ոչ էլ երազանքներ, ասում է անկարող եմ իմ այս կարգավիճակով որևէ նոր բան ստեղծել, իսկ մեր տունն ու անհոգ օրերը մնացին միայն հիշողություններում ու երբեմն նաև ադրբեջանցիների կողմից տարածվող տեսանյութերում։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան