Ինչու՞ իրենց անվճար տակդիրներ այլևս չի տրամադրվում։ Հաշմանդամություն ունեցող երեխա խնամող ընտանիքները, մեծամասամբ, ունեն աշխատանքի ու ֆինանսի կարիք, հետևաբար ամեն մի չնչին օգնությունը կարող է մեծ հարց լուծել, ասում են։ Տակդիրներ իրենք ժամանակին ստացել են, բայց արդեն տևական ժամանակ է չկա։
Կարինե Խաչատրյանը, ում 10-ամյա թոռնիկը դաունի համախտանիշ ունի, անվճար ստացել է խնամքի պարագաներ, սակայն տակդիր միայն մեկ անգամ է ստացել, այն էլ մեծ էր, մանկական չկար։ Հաջորդ անգամ կրկին մեծն են առաջարկել, սակայն հրաժարվել է, քանի որ նպատակին չէր ծառայում։
«Դրանից հետո ես ինչքան զանգել եմ, ինձ ասել են տակդիր չկա։ Արդեն երկու տարի է ես չեմ ստացել տակդիր երեխայի համար, բայց խնամքի պարագաներ՝ լոգանքի գել, շամպույն և այլ հիգիենայի պարագաներ ստացել ենք։ Մեր այն հարցին, թե ինչու՞ չկա, ասում են դրսից օգնություն է, լինում է՝ տալիս ենք», — պատմում է Կարինե Խաչատրյանը։
Ըստ Կարինեի, պարբերաբար պետք է զանգել և տեղեկանալ, կա՞, թե՞ ոչ, քանի որ առկայության դեպքում իրենք չեն զանգահարում։ ՈՒ քանի որ բոլոր զանգերի ժամանակ բացասական պատասխան է հնչում, արդեն չեն էլ զանգում։ Վերջին անգամ տիկին Կարինեն մեր զրույցից մեկ օր առաջ էր զանգահարել ու նույն պատասխանը ստացել՝ չկա։
Նույն խնդրին միայն տիկին Կարինեն չէ, որ բախվել է։ Մեր մյուս զրուցակիցը՝ Ռուզաննան ևս տակդիր չի ստացել շատ վաղուց։
Մանկական ուղեղային կաթված ունեցող 9-ամյա աղջնակի համար արդեն մեկ տարի է տակդիր չի ստացել, կրկին նույն պատասխանն է ստանում բոլոր զանգերին՝ տակդիր չունեն։
«Մենք ստանում ենք խնամքի ու հիգիեանայի պարագաներ, եղել է նաև, որ տակդիր ենք ստացել, բայց հիմնականում չի լինում տակդիր։ Պետք է անընդհատ զանգահարես, որ բախտդ բերի լինի, գնաս ստանաս։ Տակդիրն էլ մատչելի չէ և երեխայի խնամքով զբաղվող ու աշխատանք չունեցող ծնողների համար ֆինանսական մեծ դժվարություն է այդքան տակդիր գնելը։ Լավ կլիներ, որ լիներ ու ստանայինք, բայց ինչ կարող ենք անել, ինչպես մնացած բոլոր խնդիրները այս մեկն էլ՝ պետք է լուծենք միայնակ, «եղունգ ունես՝ գլուխդ քորի» սկզբունքով», — ասում է տիկին Ռուզաննան։
Մեր զրուցակիցները նշում էին, որ տակդիրները, խնամքի ու հիգիենայի միջոցները իրենք ստանում էին պետպատվրով։ Coalition.am-ը կապ հաստատեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, մեզ ասացին, որ պետպատվերի շրջանակներում նման օգնություն չի տրամադրվում։
Մենք խոսեցինք նաև Առողջապահության նախարարության հետ, որտեղից տեղեկացրեցին, որ դա պետական ծրագիր չի եղել։ Իրենք ժամանակ առ ժամանակ ստանում են հումանիտար օգնություն և բաշխում են այն։ Տակդիրներ վաղուց չի եղել։ Թե երբ է վերջին անգամ բաժանվել, չկարողացան հիշել։ «Առաջիկայում կլինի՞ էլի, թե՞ ոչ» հարցին էլ պատասխանեցին, որ չգիտեն։ Միայն նշեցին, որ այս պահին մանկական կերեր ունեն։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան