Երևանում կայացել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի ընդունումից 2 տարի անց» թեմայով համաժողովը, որը կազմակերպել է Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան։ Համաժողովը, որը նպատակ ուներ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի լիարժեք կիրարկմանը, մեկ հարկի տակ էր համախմբել բոլոր շահագրգիռ կողմերին:
Համաժողովի բացման խոսքում Հայաստանում ԵՄ ներկայացուցչության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշել է. «Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են բախվել զգալի մարտահրավերների, ինչպիսիք են` կրթության, աշխատանքի և առողջապահության հասանելիության սահմանափակումները, ինչպես նաև խտրականությունն ու խարանը: Պետք է հիշել, որ հաշմանդամություն ունեցող անձը կարևոր արժեք է որպես հասարակության անդամ, ով ներդրում է ունենում բազմաթիվ ձևերով: Պետք է ճանաչել և նշել նրանց ուժեղ կողմերն ու նվաճումները: Հաշմանդամությունը մարդկային բազմազանության բնական մասն է: Հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը երկարատև և մշտական պայքար է, որը հիմնված է առատաձեռնության, բարության և ուշադրության համամարդկային արժեքների վրա: Եկե՛ք շարունակենք բազմապատկել այս համերաշխությունը, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց ողջունելու, օգնելու և աջակցելու ձգտումը վկայում է հասարակության և երկրի մարդասիրության մասին»,- խոսքը եզրափակեց պարոն Հեսսը։
«Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը ողջույնի խոսքում շեշտադրեց համաժողովի նպատակը և հակիրճ ներկայացրեց, թե կոալիցիան և ծրագիրը ինչպես են նպաստել օրենքի կիրարկմանը։
«Օրենքի փոփոխության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը նպաստելու համար ծրագրի շրջանակներում մի շարք գործողություններ է իրականացրել նաև կոալիցիան՝ մասնավորապես ՀՀ տարբեր մարզերում և Երևանում կազմակերպվել է օրենքի վերաբերյալ 70-ից ավելի աշխատաժողով շուրջ 1000 հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների համար։ Կարճաժամկետ աշխատանքային պայմանագրեր ենք կնքվել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ, որոնք իրազեկման գործողություններ են իրականացրել շահակիրների և շահառուների համար»,-ասած Գայանե Գրիգորյանը։
«Շուրջ 12 տարում, ցավոք, ՀՀ կառավարությունը միայն կարողացավ դնել ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների հիմնաքարը և 2022թ-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց մասին» օրենքի ընդունումից հետո բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացրել։ 2021-22թթ ընթացքում 35 օրենսդրական ակտեր են մշակվել ու լրամշակվել և դրանք անրաժեշտ էին բարեփոխման համար անխոչընդոտ գործընթացներ իրականացնելու համար։ Շուրջ 67 իրավական ակտեր գտնվում են շրջանառման փուլում», — անդրադառնալով Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրներին ու ծրագրերին, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։
Համաժողովին ներկա էր նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, ով մեծ ջանք է գործադրել օրենքի ընդունման համար։
«Օրենքն ընդունվեց, այն կարևոր փոփոխություն էր, բայց կյանքի կոչելու համար ամեն ինչ նոր է սկսվել և դեռևս համատեղ ահռելի աշխատանք պետք է իրականացվի։ Օրենքի կիրարկման համար ավելի հստակ գործողություններ պետք է իրականացվեն։
Վերջին երկու տարվա ընթացքում նաև այլ օրենսդրական փոփոխություններ ենք իրականացրել այս օրենքին համահունչ», — ասաց Զարուհի Բաթոյանը՝ այս գործում կարևորելով նաև միջազգային կազմակերպությունների դերը։
Համաժողովին ներկա ՀՀ Վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ, «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանն էլ արձանագրեց, որ Հայաստանում իրավական դաշտը երբեք այսքան բարենպաստ և ներառականություն ապահովող չի եղել, թեպետ այդ ամենին զուգահեռ մեծագույն խնդիր է համակարգն աշխատացնելը ու հաշմանդամություն ունեցող անձինք ամեն օր բախվում են խնդիրների։
«Պետք է հասնել նրան, որ բոլոր օղակներում հաշմանդամություն ունեցող անձինք հավասարապես կարողանան օգտվել կրթությունից, հանգստից ու այլ ոլորտներից։ Կարևոր է նաև իրազեկվածության բարձրացումը և դա պետք է անեն հենց հաշմանդամություն ունեցող անձինք», — նշեց Մաղաքյանը։
Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը նշեց, որ այդ հարցը միշտ եղել է պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, միաժամանակ արձանագրելով, որ չնայած իրականացվել և իրականացվում են տարբեր ծրագրեր այդ խնդրի լուծման համար, այդուհանդերձ աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող անձանց թիվը փոքր է։
Ըստ Պեպանյանի ներկայացրած տվյալների, 2021թ․ պետական ծրագրերում ընդգրկվել է 314 հաշմանդամություն ունեցող անձ, աշխատանքի է տեղավորվել 122 անձ, 132-ը ժամանակավոր աշխատանքի է տեղավորվել։ 2022թ․ նշված ծրագրերի մի մասը դադարեցվել է, իրականացվող ծրագրերում ընդգրկվել է 200 հաշմանդամություն ունեցող անձ, որից 30-ը ռազմական գործողությունների մասնակից են եղել, աշխատանքի է տեղավորվել 192-ը, 157 անձ ժամանակավոր զբաղվածություն ունեցողներն են։
Անդրադառնալով 2023-ին, Ռուզաննա Պեպանյանը նշեց, որ իրականացվում է 4 ծրագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը լուծելու համար։
«Այս տարի փետրվարին ընդունվել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման նոր միջոցառում, որտեղ պահպանվել է աշխատանքի հարմարեցման բաղադրիչը, այսինքն՝ գործատուն խրախուսվում է․ եթե գործատուն աշխատանքի է վերցնում հաշմանդամություն ունեցող անձի, պետությունը փոխհատուցում է աշխատանքի հարմարեցման ծախսերը, նաև գործատուին փոխհատուցում է տրվում տվյալ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի 100 տոկոսի չափով։ Բացի այդ, փոխհատուցում է տրվում հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի վերցնելու դեպքում։ Այլ ծրագրեր ևս իրականացվում են ու բացի այդ, օրենքում ամրագրված է այն դրույթը, որ հաշմանդամություն ունեցող անձանց առաջնահերթություն է տրվում պետական բոլոր ծրագրերում» , — նշեց նախարարության ներկայացուցիչը։
Չնայած իրականացվող ծրագրերին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ պարբերաբար ստացվում են դիմումներ այն մասին, որ գործատուն հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի չի վերցնում հաշմանդամության պատճառով, սակայն ուղիղ դա չի ասում։
«ՄԻՊ-ը քննում է պետական մարմինների դեմ ուղղված բողոքները, իսկ երբ քաղաքացիները դիմում են մեզ, մենք սահմանափակում ունենք, քանի որ երբ հարցը վերաբերում է մասնավոր ոլորտին, արձագանքում ենք, բայց չենք կարողանում որևէ գործնական լուծում տալ։ Օրինակ՝ եղել են դեպքեր, որ քաղաքացին մեզ դիմել է՝ ներկայացնելով, որ դիմել է տարբեր կազմակերպություններ աշխատանքի ընդունվելու համար, բայց տարիներ շարունակ նրան մերժել են, քանի որ հաշմանդամություն ունի, թեև գործատուն չի հայտնել, որ հենց դրանով է պայմանավորված մերժելը»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ Անի Օհանջանյանը։
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը կարգավորելու ուղղությամբ աշխատանքներ է տանում նաև մասնավորը։ 2018թ գործող «Արեգակ» փուռ-սրճարանում, օրինակ, աշխատում են նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, կանայք։ Այս մասին համաժողովի ընթացքում նշեց Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ, «Էմիլի Արեգակ» հիմնադրամի Հակոբյանը։
«Փորձեցինք ստեղծել սոցիալական ձեռնարկություն, դառնալ օրինակելի գործատու, կոտրել կարծրատիպերը և աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող երիտասարդների։ «Արեգակ» փուռ-սրճարանում աշխատում է «Էմիլի Արեգակ» կենտրոն հաճախած հաշմանդամություն ունեցող 8 երիտասարդ։ 2017թ․ իրականացնում ենք «9 քայլ դեպի աշխատանքի շուկա» նախաձեռնությունը՝ տարբեր վերապատրաստումներ ենք կազմակերպում՝ տալով հաշմանդամություն ունեցող երիտասարդներին կյանքի հմտություններ, այդ թվում նաև համակարգչային և ձեռնարկատիրությամբ զբաղվելու հմտություններ։ 5 տարվա ընթացքում շուրջ 112 երիտասարդ այս ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է, 30-ը՝ մասնագիտական ուսումնարանում են սովորել»,- նշեց Հակոբյանը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան