Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց գերակշիռ մասը բախվում է սոցիալական տարաբնույթ խնդիրների։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախորդ տարի արձանագրել է, որ իրականում սոցիալական և կարիքահեն ծառայությունների սուղ լինելը, իսկ որոշ դեպքերում, առհասարակ, դրանց բացակայությունը հաշմանդամություն ունեցող անձին զրկում է իր իրավունքներն իրացնելու հնարավորություններից՝ դրանք դարձնելով ձևական բնույթի։
Մասնավորապես առողջապահության համակարգում առկա խնդիրները կախված են առողջապահական ծառայությունների հասանելիության, այդ ծառայություններից օգտվելու մատչելիության և հասանելի դեղորայքի տրամադրման գործընթացի հետ։
Սահմանված դեղորայքի անվճար տրամադրման մասին հաշմանդամություն ունեցող անձանց մի մասն անգամ իրազեկված չէ։
43-ամյա Կարեն Գևորգյանը ծնվել եւ բնակվում է Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Երազգավորս վարչական բնակավայրում։ Վերջերս է բուժումն ավարտել «Գյումրի» բժշկական կենտրոնում։ Հաշմանդամության առաջին կարգ ձեռք է բերել 2015 թվականից՝ ավտովթարի, այնուհետ՝ արտագնա ծանր աշխատանքի հետեւանքով։
Շուրջ 8 տարի է՝ անվասայլակով է տեղաշարժվում, աշխատել չի կարող, արդյունքում ծագել են սոցիալական խնդիրներ։ Գյուղում ապրում է թոշակառու մոր, գործազուրկ կնոջ և դպրոցահասակ միակ որդու հետ։
«Ես պետությունից ստանում եմ 31 հազար 600 դրամ։ Նպաստով ու թոշակով կապրինք։ Ամսական մոտ 50 հազար դրամ միայն դեղի գումար է հարկավոր։ Բժիշկը 15-17 օրվա համար դեղ է նշանակել։ Ինձ ասել են՝ էնքանով է լավ վիճակդ, որ կայուն է, ոչ դեպի լավը կերթաս, ոչ՝ դեպի վատը։ Բայց էնքան է վատ, որ էդ դեղերի բուժումից հետո նաև թերապիաներ են պետք, եթե անգամ զեղչ լինի, այդ թոշակ-նպաստով ինչպես բուժվեմ»,-եզրափակում է Կարեն Գեւորգյանը։
Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը coalition-ի հետ զրույցում նշում է, որ Կարեն Գևորգյանը դեղատոմսը կարող է ներկայացնել առողջության առաջնային օղակ, որտեղ կտեղեկացնեն, թե որ դեղերը կարող է ստանալ պետպատվերի շրջանակում, դրանց բացակայության դեպքում կտրվեն փոխարինողներ։
ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի 642-Ն որոշմամբ սահմանված են բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերը, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են լրիվ փոխհատուցմամբ։ Նրանց թվում են նաև 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք։ Նույն որոշման հավելվածով հստակեցված են այն հիվանդությունները, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհառուցմամբ։ Այս մասին, սակայն, հաճախ իրազեկված չեն լինում շահառուները։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Անի Մկրտչյան