Ստեփանակերտի բնակիչ 53-ամյա Վրույր Արզումանյանը 2020թ-ին կաթվածի հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն է ձեռք բերել։ Հիմնականում անկողնում է լինում, գիտակցությունն էլ մասամբ է վերականգնվել, ասում է կինը։ Մխիթարանքը մեկն է՝ հիմա չի տեսնում Արցախին պատուհասած վտանգը։
«Գնալով մեր վիճակն ավելի է բարդանում։ Մեր ունեցած սնունդը մի քանի օր էլ կհերիքի, բա հետո՞ ինչ ենք անելու։ Բանջարեղեն որոշ չափով կա վաճառքի, բայց շատ թանկ է, բոլորին հասանելի չէ։ Տնական 1 հավկիթը 250 դրամ է, ճարելն էլ է խնդիր, իսկ ամուսնուս առավոտները երկու հավկիթ պետք է տամ։ Մենք չենք ուտում, որ ինքը ուտի։ Իրան հիմա նորմալ սնունդ ա պետք, բայց չկա», — ասում է կինը։
Դեղորայքի խնդիր առայժմ չունեն, հիվանդանոցը տալիս է։ Բայց ինչպես ամեն բան, դա էլ մի օր կվերջանա, եթե ամիսներ ձգվող չարաբաստիկ շրջափակումը շարունակվի։ Վաղվա օրն այնքան անորոշ է ու մշուշոտ, որ նույնիսկ մտածել չեն ուզում։ Ապրում են այսօրվա օրով ու Աստծո հույսով։
«Արդեն իսկ լուրջ խնդիր են տակդիրները։ Հիվանդանոցը 3 տուփ տալիս է, բայց դա քիչ է, ես էլ էի գնում, որ բավականացնի, բայց դեղատներում արդեն չկան», — ասում է զրուցակիցս։
2 շիշ ձեթ, կարտոֆիլ, լոբի, մի քիչ շաքարավազ, մակարոնեղեն։ Ամենքից մի քիչ դեռ կա, բայց թե 5 հոգանոց ընտանիքին քանի օր կբավականացնի, դժվարանում են ասել։ Կտրոններով են ստացել, որքան որ հասցրել են, հիմա կտրոնները ձեռքներին ապրանք չկա խանութներում, դատարկություն է։
«Շաքարավազը կես կիլոյից պակաս է մնացել, դա էլ պահել ենք հիվանդի համար, երեխեքին չեմ տալիս, որ գոնե իրեն հասցնեմ, մինչև տեսնենք ինչա լինում։ Քաղցրի երես արդեն շուտվանից չենք տեսել, ժամը առավոտվա 5-ից բոլոր փռերում արդեն հացի հերթ է, քանիսին գնաս հերթ կանգնես, որ կարողանաս հաց բերես տուն։ Նման բան նույնիսկ վատ երազում չէինք պատկերացնի», — նշում է նա։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան