2022 թվականի հուլիսի մեկի դրությամբ ՀՀ-ում մանկուց հաշմանդամություն ունեցող անձանց թիվը հասնում է 33,438-ի։ Նրանցից 9,310-ը երեխա է։ Մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաների մեջ գերակշիռ մաս են կազմում տղաները՝ 6,370։
Մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները հաճախ են կանգնում ֆինանսական խնդիրների առջեւ։ Հաշմանդամության ամսական կենսաթոշակը շուրջ 31-36 հազար դրամ է, որը չի բավարարում հաշմանդամություն ունեցող անձի կարիքները։
Մարդու իրավունքների պաշտպանը 2021 թվականի տարեկան հաղորդման մեջ անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ընդհանուր խնդիրներին՝ հրապարակելով․ «Գործող իրավակարգավորումների համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են կենսաթոշակ, օգտվում են սոցիալական, առողջապահական որոշ ծառայություններից։ Մինչդեռ, բացակայում են գործող մեխանիզմները՝ վերլուծելու, թե որքանով են դրանք համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին կամ ինչ ազդեցություն են ունենում նրանց կյանքի որակի վրա»։
Տիկին Սվետլանան 5 երեխայի մայր է։ Երեխաներից չափահաս են միայն երկուսը։ Չափահաս որդիներից մեկը՝ Լեռնիկը, (անունը փոխված է) մանկուց ունի հաշմանդամություն՝ մանկական ուղեղային կաթված։ Թեպետ 20 տարեկան է, սակայն դեռեւս չի ավարտել միջնակարգ դպրոցը։
«Ես նրան ուշ եմ տարել դպրոց, քանի որ ֆիզիկապես պատրաստ չէր։ Երբ մյուս որդիս գնաց առաջին դասարան, նրան էլ հետը ուղարկեցի, որ հեշտ լինի, երկու եղբայր իրար հետ լինեն»,-ասում է մայրը։
Ու չնայած 12 տարի Լեռնիկը դպրոցում ստանում է կրթություն, այնուհաներձ, տառաճանաչ չէ։ Մայրը պնդում է՝ որդին կարող է միայն բանավոր հաղորդակցվել, գրել չգիտի։ Տիկին Սվետլանան դպրոցի տված գիտելիքներից դժգոհ է։ Ասում է՝ որդու տարրական դպրոցի ուսուցիչն ուշադրության կենտրոնում չի պահել Լեռնիկին, ուսման հիմքը լավ չի դրվել։
«Ես հենց սկզբից էլ որոշել էի, որ նա պիտի գնա հանրակրթական դպրոց, ընդգրկվի հասարակությունում, ունենա շրջապատ, ընկերներ։ Թեպետ ինձ համար դժվար է, բայց պատրաստ եմ այդ դժվարությունները տանել»,-ավելացնում է մայրը։
Լեռնիկն ի ծնե չի կարողանում շարժել աջ ձեռքը, նրան օգնության է հասնում մայրը։ Տեղաշարժվում է սայլակով։ Մի քանի ամիս առաջ դպրոցից տուն վերադառնալիս՝ կոտրվել է Լեռնիկի սայլակի անիվը, հիմա կիսով չափ է աշխատում։ «Հիմա նորից այդ անվասայլակով է, մինչեւ նոր անվասայլակ տան»,-ասում է տիկին Սվետլանան։
Մայրը որդու համար սոցիալական կենտրոնից խնդրել է անհրաժեշտ պարագաներ եւ անվասայլակ։ Պատասխանել են, որ հարկավոր է սպասել, նոր սայլակ դեռեւս չկա։ Լեռնիկն այսօր դպրոց գնում է հնամաշ անվասայլակով, նորը գնելու գումար ընտանիքը չունի։
Ընտանիքի կայուն եկամուտը սոցիալական նպաստն է եւ Լեռնիկի ամենամսյա կենսաթոշակը: «Տղայիս հաշմանդամության թոշակը 31 հազար 600 դրամ է։ Ես դրանով ոչինչ չեմ հասցնում։ Միայն բնակարանի ջեռուցման գումարը ամսական 42 հազար դրամ է»,-դժգոհում է տիկին Սվետլանան։
Տիկին Սվետլանայի ավագ որդին է փորձում գումար վաստակել։ Մայրը պատմում է, որ ժամանակավոր վարձել է տաքսի, սեփականատիրոջն ամեն օր վճարում է 4 հազար 500 դրամ, մնացած գումարն էլ տուն է բերում։ Պատահում է, որ այդ 4․500 դրամի մի մասն էլ պարտք է մնում տիրոջը։ Երբ գումար չեն ունենում, հարևաններից են պարտքով վերցնում, կամ խանութներից ապառիկով են սնունդ գնում՝ մի պայմանով՝ նպաստ ու թոշակ ստանալուց հետո փակելու են պարտքը։
Լեռնիկն ու ընտանիքի անդամներն ապրել են տնակային պայմաններում։ Ընտանիքի սոցիալական կարգավիճակն հաշվի առնելով՝ շուրջ 5 տարի առաջ բարերներից մեկն է Գյումրու Մուշ թաղամասի առաջին հարկում մի բնակարան գնել ու նվիրել ընտանիքին։
Շենքի մուտքը հարմարեցված չի եղել սայլակի համար։ Տիկին Սվետլանան պատմում է, որ ստիպված դիմել է պատկան մարմիններին՝ որդու տեղաշարժն ապահովելու խնդրանքով։ Արձագանքը չի ուշացել․ աստիճանը վերածել են թեքահարթակի։ «Շենքի դրսի մուտքից սայլակով ենք շենք մտցնում, հետո որդուս սայլակի վրայից ամեն անգամ գրկում եմ, ներս բերում»,-ավելացնում է մայրը։
Լեռնիկը 7-8 տարի առաջ տարբեր վերականգնողական կենտրոններ է այցելել։ Երկու ոտքի վիրահատությունից հետո ցավերն անտանելի են դարձել, հետևանքում թողել է հաճախումը։ Այսօր նա դպրոց է հաճախում, նաեւ «Էմիլի Արեգակ» կենտրոն։
Մայրն ուրախանում է՝ հոգեբանների եւ այլ մասնագետներրի աշխատանքի արդյունքում Լեռնիկի մոտ առաջխաղացում նկատվում է։
«Ինձ համար դժվար է, ես եմ նրան կերակրում, լողացնում, ինքնուրույն չի կարող։ Ես մեծ պատասխանատվությամբ եմ խնամում նրան եւ միշտ պատրաստ եմ օգնել որդուս։ Ես նրան եմ խնամում, չեմ կարողանում աշխատել․․․ հայտնվել ենք կարիքի մեջ»-եզրափակում է մայրը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Անի Մկրտչյան