ՌԴ Բաշկորտոստանի ինքնավար հանրապետության Կումերտաու քաղաքում ավարտվել է ԱՊՀ երկրների չտեսնող անձանց սեղանի թենիսի՝ շոուդաունի 2023թ-ի բաց առաջնությունը։ Առաջին անգամ մրցաշարին նաև Հայաստանի մարզիկներն են մասնակցել՝ թիմային պայքարում գրավելով 5-րդ տեղը։
«Մենք գրավեցինք 5-րդ տեղը՝ հաղթելով Ղազախստանի և Լուգանսկի թիմին, ինչը մեզ համար նշանակալից էր, քանի որ Ղազախստանի թիմը բավականին ուժեղ թիմ էր։ Հայաստանից, Հայաստանի կույրերի միավորման ներկայացուցչի, մեկ մարզչի և մեկ ուղեկցող-համակարգողի ուղեկցությամբ 4 մարզիկ էր մեկնել մրցաշարին մասնակցելու և սա վերջին 32 տարում, Հայաստանի կույրերի միավորման պատմության մեջ այս կարգի միջազգային մրցաշարին առաջին մասնակցությունն էր, քանի որ շոուդաունը Հայաստանում սիրողական հիմքերի վրա է եղել, մենք 2014-15 թթ-ից զբաղվել ենք սիրողական, ինքնուրույն զարգացնելով այս սպորտաձևը և որևէ պրոֆեսիոնալ մարզումներ չենք անցկացրել։ Սա շատ կարևոր մրցաշար էր, որովհետև առաջին հերթին փորձ ձեռք բերեցինք ու հիմա կանոններով ենք պարապում և միտք ունենք Հայաստանում պրոֆեսիոնալ մակարդակում զարգացնելու սպորտաձևը», — coalition.am-ի հետ զրույցում ասաց Սիփան Ասատրյանը, ով ևս մասնակցել է մրցաշարին։
Չորս օր շարունակ մրցույթին մասնակցել են չորս երկրների՝ Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ռուսաստանի 18 շրջանների և 28 քաղաքների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը մասնակցել են տեսողության խանգարումներ ունեցող մոտ 60 մարզիկներ։ Կամավորները ուղեկցում էին կույր մարդկանց, աջակցում կազմակերպիչներին և դատավորներին մրցույթների և ստեղծագործական միջոցառումների անցկացման գործում։
Թիմայինից բացի, նաև անհատական խաղեր էին անցկացվում և հայ մարզիկները գրավել են միջին տեղեր, ինչը ևս ուրախալի է։
«Այստեղ լավագույն պայմաններ չենք ունեցել պարապելու համար, սեղանը չի համապատասխանում ստանդարտներին, ինչպես նաև արդեն շարքից դուրս է եկել։ Որ այնտեղ նայում էին այդ նկարները, մեզ ասում էին դուք հերոսներ եք, որ համարձակություն եք ունեցել գալ ու մասնակցել, առավել ևս լավ արդյունքներ գրանցել՝ պարապելով ոչ այդքան լավ մարզական պայմաններում։ Իրականում շատ դժվար էր մեկ օրում ադապտացվել պրոֆեսիոնալ սեղաններին և նման արդյունքների հասնելը ուրախալի է։ Մրցակից թիմերի երկրներում այս սպորտաձևը բավականին զարգացած է, այնքան պրոֆեսիոնալ մակարդակի վրա է դրված, որ դրանով նույնիսկ վաստակում են», — նշում է Սիփան Ասատրյանը։
Հիմա տեսողության խնդիրներ ունեցող ակտիվ երիտասարդները, որ տարիներ շարունակ Հայաստանում զբաղվել են շոուդաունով, ուզում ենք սպորտաձևի զարգացումը պրոֆեսիոնալ մակարդակի վրա դնել։ ՀՀ կույրերի միավորման նախագահի հետ հանդիպման ժամանակ բանակցություններ են տարվել ստանդարտներին համապատասխան սեղան, տարածք ու վերապատրաստված մարզիչ ունենալու համար։
«Այս պահին խոստումների մակարդակով կա դրական տեղաշարժ։ Հայաստանի կույրերի միավորումը նաև ամբողջությամբ մրցաշարի մասնակցության ծախսերը իր վրա էր վերցրել, ինչը մեզ համար ուրախալի էր, որովհետև 32 տարի միավորման կողմից որևէ մեկը միջազգային մրցաշարի չէր մասնակցել։ Դա եղել էր թե՛ միավորման անհետևողականության, թե՛ երիտասարդների պակաս ակտիվության հետևանքով։ Հիմա մարզաձևը Հայաստանում զարգացնելու բոլոր նախադրյալները կան, ունենք մոտ 20 մարզիկ՝ երկու սեռից էլ, ովքեր զբաղվում են շոուդաունով։ Վանաձորում նույնիսկ ստանդարտներին համապատասխան սեղան են պատվիրել»,-նշում է Սիփան Ասատրյանը՝ հույս ունենալով հաջորդ մրցաշարերին ավելի պրոֆեսիոնալ մասնակցություն ապահովել։
Հայաստանում 2021թ-ից նաև շոուդաունի գարնանային և աշնանային մրցաշարեր են անցկացվել ՀԿՄ Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տանը՝ կրկին ՀԿՄ ֆինանսավորմամբ։
Շոուդաունի ստեղծման տարին համարվում է 1960 թվականը, երբ կանադացիներ Ջո Լյուիսը և Պատրիկ Յորքը մշակեցին կանոնները և ստեղծեցին սարքավորումները։
Շոուդաունի գնդակներն ունեն ներկառուցված ձայնային փարոսներ, որոնք ձայն են արձակում շարժվելիս: Կույր խաղացողների նպատակն է գնդակը չթողնել իրենց դարպասը՝ այն ուղարկելով հակառակորդի դարպաս: Խաղը տեղի է ունենում փայտե թիակներով՝ հատուկ սեղանի վրա: Խաղն անցկացվում է աչքերի հատուկ կապիչներով՝ տարբեր աստիճանի տեսողություն ունեցող մարզիկների միջև հավասարություն ապահովելու համար։ Իսկ Հյաստանում մարզաձևի հիմքը դրվել է ՀԿՄ Ս. Շահնազարյանի անվան մշակույթի տանը՝ շուրջ մեկ տասնամյակ առաջ՝ մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանի և Կիլիկիա նավի անձնակազմի անդամ, արժանահիշատակ Արմեն Նազարյանի ջանքերով։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան