Լուսանկարում Գոռ Համբարձումյանն է
«Շարժվել միշտ առաջ՝ ինչ էլ որ լինի և չվախենալ խոչընդոտներից»։ Այս կարգախոսով արդեն 17 տարի ապրում ու առաջ է շարժվում Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի 2-րդ կուրսի ուսանող Գոռ Համբարձումյանը։ Գոռը դեռ փոքրուց չի տեսնում, բայց այսօր հպարտությամբ է արձանագրում, որ բոլոր խոչընդոտները հաղթահարել է ու առաջ է գնում։
Մեծ բեմեր, ելույթներ ու պատվավոր մրցանակներ․ Գոռը օրերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ համերգի էր մասնակցում։ Մեծ բեմում երգել է հայտնի հայ և ռուս աստղերի հետ, ինքնուրույն սովորել է կիթառ նվագել։ 7 տարեկանից սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Ուսման տարիներին դժվարությունների շատ է հանդիպել, բայց դրանց մասին խոսել չի ցանկանում, միայն նշում է, որ նախկինում կախվածություն է ունեցել ծնողներից, դասընկերներից։ Հիմա արդեն ինքնուրույն է սովորում ու նույնիսկ տեղաշարժվում։
«Նախկինում ես չէի կարողանում ինքնուրույն գնալ դպրոց կամ քոլեջ, միշտ մայրս է ինձ օգնել։ Տարել-բերել է, օգնել է դասերս ձայնագրել ու սովորել, դպրոցում էլ ստիպված էի սպասել մինչև ընկերներս կգան ու կօգնեն ինձ այս կամ այն դասասենյակը գտնել։ Ամեն ինչ փոխվեց 3 տարի առաջ, երբ սկսեցի մասնակցել «Լիարժեք կյանք» ՀԿ կողմից անցկացվող դասընթացներին ու արդյունքում այսօր միայնակ կարողանում եմ թե՛ դասերս սովորել, համակարգչով կամ հեռախոսով ինձ անհրաժեշտ տեղեկությունները գտնել, թե՛ նոր ծրագրեր ուսումնասիրել ու թե՛ միայնակ քոլեջ հաճախել», — ասում է Գոռը։
Քոլեջի դասասենյակների մոտ բրայլյան այբուբենով նշումներ են արվել, որ Գոռն ինքնուրույն կողմնորոշվի քոլեջում։ Գոռի հետ աշխատանքներ են տարվել նաև տեղանքում կողմնորոշվելու համար, իսկ արդյունքը երկար սպասել չի տվել։
«Արդեն հասկանում եմ, որ մեծ մարդ եմ, պետք է ինքնուրույն լինեմ ու ավելի լիարժեք եմ ինձ հիմա զգում։ Բացի համակարգչից, հեռախոսից ու սպիտակ ձեռնափայտից օգտվելը սովորել եմ նաև խոհանոցային որոշ գործեր, օրինակ սուրճ դնել, մի քանի բան պատրաստել։ Հիմա էլ միայն սպիտակ ձեռնփայտի դասերի եմ գնում, կողմնորոշիչ աշխատանքներ են տարվում հավասարակշռությունը պահելու համար, որ կարողանամ նաև մետրոյից օգտվել», — նշում է Գոռն ու հավելում, հիմա ամենամեծ ցանկությունն է, որ իր հասակակիցները կամ տարիքով փոքր չտեսնող մարդիկ կարդան իր մասին պատրաստվող այս հոդվածն ու մոտիվացվեն, սկսեն կյանքին այլ կերպ նայել ու դեպի առաջ ձգտեն։ Ինքն էլ ժամանակին այդպես իր ավագ ընկերներից է սովորել։
Ինքնուրույն կյանքում հաջողության հասնելու ճանապարհին տեսողության խնդիր ունեցող անձինք այսօր միայնակ չեն։ Դեռ 2020թ-ից «Լիարժեք կյանք» ՀԿ-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորման շնորհիվ կարողացավ իրականացնել «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում. դեպի անկախ կյանք» ծրագիրը: Այս տարիների ընթացքում մոտ 50 տեսողության խնդիր ունեցող անձ կարողացել է դասընթացներին մասնակցել։ Գոռն էլ նրանցից մեկն է։ Այսօր կենտրոնում 18 անձ է սովորում անկախ կյանք ունենալու հմտությունները։
«Մեզ մոտ ստանում են տարբեր ծառայություններ։ Նախ գնահատում ենք իրականացնում բազմամասնագիտական թիմի կողմից՝ անձի ֆունկցիոնալության մեթոդաբանությամբ, որից հետո կազմվում է անհատական զարգացման պլան և նոր սկսում ենք աշխատանքը։ Սկզբից զարգացնում ենք տարածական կողմնորոշման հմտությունները, սովորում են սպիտակ ձեռնափայտից օգտվել, այսինքն նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որ շահառուները կարողանան դաշտային աշխատանքներին լիարժեք մասնակցել։ Հետո աշխատանքներ են տարվում այն վայրերում, որտեղ շահառուները լինում են՝ տանը, դպրոցում, ուսումնարանում։ Դրանից բացի, սովորում են համակարգչից ու հեռախոսից օգտվել՝ հատուկ ծրագրերի միջոցով, նաև հոգեբանական ծառայություններ, սոցիալական, իրավական խորհրդատվություն, դասընթացներ ենք իրականացնում տարբեր թեմաներով թե՛ շահառուների, թե՛ ընտանիքի անդամների համար։ Ունենում ենք հյուրեր, ովքեր կիսվում են իրենց հաջողության պատմություններով, իսկ ամառը մեր շահառուները իրենց հանգիստն անցկացնում են Ստեփանավանի ճամբարում» — coalition.am-ի հետ զրույցում ասում է «Լիարժեք կյանք» ՀԿ գործառնական տնօրեն Տաթևիկ Ղազարյանը։
Ծրագիրն իրականացնում են «Լիարժեք կյանք» ՀԿ-ն և Արմավիրի զարգացման կենտրոնը համատեղ, մասնակցում են ինչպես շահառուներ Երևանից, այնպես էլ մոտակա մարզերից։ Պահանջարկը մեծ է նաև մարզերում և այսօր կարևորագույն խնդիր է ծրագիրը մարզեր տանելը, սակայն մարզերում աշխատող մասնագետների խնդիր կա։
Մասնակիցներից ամենափոքրը դպրոցական է, 11 տարեկան։ Ամենատարեց մասնակիցը 60 տարեկան է։ Այսպիսով ծրագիրն իր տեսակի մեջ եզակի է և դրանով էլ հենց պայմանավորված է մեծ պահանջարկը։ Կան մարդիկ, որ սպասում են ծրագրում ընդգրկվելու իրենց հերթին։
«Մենք ուրախանում ու ոգևորվում ենք մեր շահառուների անգամ ամենափոքր հաջողություններով։ Աննկարագրելի զգացողություններ են, երբ գալիս են ու ասում, որ առաջին անգամ ինքնուրույն են եկել կամ այսինչ տեղն են գնացել։ Հիմա ունենք մասնակից, որ Եղվարդից միայնակ է սկսել գալ։ Անչափ ոգևորիչ է։ Ունենք բազմաթիվ հաջողության պատմություններ։ Մենք նույնիսկ հիմա առաջարկ ունենք մեծահասակ շահառուների կողմից։ Ուզում են թատերական խումբ բացվի և իրենք հադես գան որպես դերասաններ։ Հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչպես կազմակերպենք, սա նույնպես հաջողություն է, քանի որ շահառուները հաղթահարելով կենսական դժվարությունները հիմա փորձում են իրենց ռեալիզացնել մեկ այլ ոլորտում», — նշում է Տաթևիկ Ղազարյանը։
2020թ-ից ծրագիրն իրականացվում է անխափան, հույս ունեն, որ այն առաջիկայում էլ շարունակական կլինի։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան