«Հերթական զանգը ստացանք բանկից, տեղեկացնում էին, որ երեխայի հաշմանդամության թոշակը չեն վճարելու մինչև չմոտենանք միասնական սոցիալական ծառայություն։ Զարմանքս մեծ էր, որովհետև մեկ ամիս առաջ էինք վերաթոշակավորում անցել»,- coalition.am-ի հետ զրույցում պատմում է Արմեն Խաչատրյանի մայրը՝ Սիրան Խաչատրյանը։
Տիկին Սիրանը հիշում է, նման խնդրի նաև 2 տարի առաջ էին բախվել, 2 ամիս թոշակը չէր վճարվել, որովհետև սահմանային անցակետից սխալ տվյալ էր փոխանցվել, որ իրենք հանրապետությունից բացակայում են։ Ինչպե՞ս կամ ո՞վ է սխալվում, չգիտի, բայց արդյունքում շատ ծնողներ անիմաստ քաշքշուկի մեջ են հայտնվում։
«Ասում են մեզ ցուցակ են ուղարկել, որ ձեր որդին երկրում չի։ Մենք ընդամենը մեկ ամիս առաջ էինք վերաթոշակավորման համար դիմել։ Այդպիսի մեծ ցուցակ կար և ինձ նման շատ ծնողներ եկել էին դիմում գրելու, ապացուցելու, որ իրենք երկրում են ու չեն բացակայում», — ասում է տիկին Սիրանը։
Զարմանքի առիթ էր նաև այն հանգամանքը, որ Արմեն Խաչատրյանն անձնագրում անգամ ելքի թույլտվության կնիք չունի խփված, հետևաբար մեծ հարց է մնում, թե ո՞վ կամ ինչպե՞ս է այդ տվյալները հավաքագրում ու փոխանցում։
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որտեղից մեզ միայն տեղեկացրեցին, որ խնդրին ծանոթ են։ Սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տիրույթում է խնդիրը և նախարարությունը՝ ի դեմս միասնական սոցիալական ծառայության, խնդրի կարգավորման ուղղությամբ աշխատանք տանում է։ Խնդիրն արագ կկարգավորվի։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան