Քանի դեռ խոսում ու նյութեր ենք պատրաստում Հայաստանում կույր ֆուտբոլի զարգացման մասին, կույր ֆուտբոլը «մահանում է»։
Տարեսկզբին էր, Երևանում Եվրամիության ֆինանսավորմամբ անցկացվեց «Սպորտ բոլորի համար» միջոցառումը, որի ժամանակ հաշմանդամութուն ունեցող անձինք մրցում էին ադապտիվ սպորտաձևերում, այդ թվում՝ կույր ֆուտբոլ խաղում ու դրա զարգացման հեռանկարներից խոսում։ Բայց չնայած բոլոր ջանքերին, Հայաստանում այս պահին կույր ֆուտբոլը դադարեցրել է իր գործունեությունը։
Ամենամեծ ու հիմնական պատճառը դաշտի բացակայությունն է, որտեղ կմարզվեն, coalition.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կույր ֆուտբոլի հավքականի մարզիչ Արփինե Արզումանյանը։
«Մինչ այդ մենք մեր պարապմունքները անցկացնում էինք Կոմիտասում գտնվող դպրոցներից մեկի դահլիճում, սակայն այն կույր ֆուտբոլի համար նախատեսված չէր և մարզիկները հաճախ նաև վնասվածքներ էին ստանում։ Կույր ֆուտբոլի համար դաշտը պետք է շրջափակված լինի հատուկ երկաթե պատնեշով, որպեսզի մարզիկները դուրս չգան դաշտից և չվնասվեն։ Այդ դաշտում չկար և դպրոցի տնօրինությունը չի էլ համաձայնվի տեղադրել, քանի որ այնտեղ նաև դպրոցի աշակերտներն են մարզվում և իրենց այդ պատնեշները կխանգարեն։ Հայաստանում կույր ֆուտբոլի համար նախատեսված ու կահավորված որևէ դաշտ չունենք և մարզիկները այդ կերպ շարունակել չեն ուզում», — ասաց Արփինե Արզումանյանը։
Կույր ֆուտբոլի դաշտի համար նախատեսված երկաթե պատնեշ
Արդեն մեկ ամիս է, որ մարզումները դադարեցված են։ Նոր դաշտ գտնելու բոլոր փորձերը՝ սպառված։ Ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկել է իրենց դաշտերից մեկում մարզվել, բայց կրկին առանց հարմարեցումների։ Մարզիկներից շատերը պարզապես հրաժարվել են։ Հայաստանի կույր ֆուտբոլի հավաքականում ընդամենը 10 մարզիկ էր ներգրավված, այդ թվում՝ կանայք ու տղամարդիկ, որովհետև մարզիկների թիվը մեծ չէր։ Մարզումներից հրաժարվողներից մեկն էլ Կույրերի միավորման երգչախմբի ղեկավար Վրեժ Մանուկյանն էր, որ ամիսներ առաջ մեզ հետ զրույցում կարևորում էր կույր ֆուտբոլի առկայությունն ու զարգացումը Հայաստանում։
«Այո՛, շատ լավ է, երբ տեսողության խնդիր և առհասարակ հաշմանդամություն ունեցող անձինք որևէ սպորտաձևում ներգրավված են, բայց ես ամեն պարապմունքից հետո, եթե անվնաս էի դուրս գալիս դաշտից, փառք էի տալիս Աստծուն։ Ես ակտիվ խաղացող էի ու դաշտի կահավորված չլինելու պատճառով հաճախ էի վնասվածքներ ստանում։ Ես հիասթափված եմ նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի վերաբերմունքից։ Մեզ ցույց են տալիս կույր ֆուտբոլի զարգացման ռազմավարությունը, որտեղ միան գեղեցիկ նախադասություններ են գրված՝ խելամիտ հարմարեցուների, մարզիչների վերապատրաստումների, միջազգային մրցույթների մասնակցությունների և այլնների մասին, բայց մենք մարզվում էինք տարրական հարմարություններ չունեցող դաշտում։ Բացի այդ, ֆուտբոլ էինք խաղում առանց դարպասների, մարզումները նորմալ չէին անցկացվում, մեկ լինում էր, մեկ՝ ոչ։ Ես չեմ խաղա, այլևս քանի դեռ չկան հարմար պայմաններ։ Իհարկե, ես ազատ ժամանակ շատ չունեմ, բայց եթե լինի դաշտ, պատրաստ եմ կրկին խաղալ», — ասում է Վրեժը։
Հավաքականից առաջինը մանկավարժ Հակոբ Կարապեյանն է հեռացել։ Ասում է պատճառները տարբեր էին՝ դաշտից մինչև անտարբեր վերաբերմունք կույր ֆուտբոլի նկատմամբ։
«Դաշտի խնդիրն իր հերթին, ոչ մի ուրիշ պայման չկար։ Դաշտում վնասվածք էիր ստանում, բժիշկ չկար։ Մարզումները անկանոն էին անցկացվում, ինչը կարևոր է միջազգային մրցումներին պատշաճ մասնակցելու տեսանկյունից և սա այն պարագայում, երբ Ֆուտբոլի ֆեդերացիան գեղեցիկ ռազմավարություն է մշակում ու բոլորին հրամցնում, միջազգային IBSA կազմակերպության կողմից գույք ստանոււմ, բայց կույր ֆուտբոլի զարգացման համար ոչինչ չի անում։ Ես դիմում-բողոք եմ գրելու IBSA-ին», — ասում է Հակոբ Կարապետյանը։
Ի՞նչ է մտածում և արդյո՞ք քայլեր ձեռնարկում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Փորձեցինք ճշտել, սակայն մեզ ասացին, որ հարցերին կպատասխանեն գրավոր։ Coalition.am-ը հարցում է ուղարկել ֆեդերացիա, պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։
Հիշեցնենք, որ Հայաստանում կույր ֆուտբոլ փորձել են առաջին անգամ ներդնել 2017թ-ին, բայց շարունակություն չի ունեցել։ Ավելի ուշ՝ 2019-ից, վերսկսել են մարզումները։ Հայաստանը Կույրերի միջազգային սպորտի ֆեդերացիայի անդամ է, ինչը հնարավորություն է տալիս միջազգային մրցաշարերի մասնակցել: 2022-ին Euro Challenge Cup 2022-ի շրջանակներում Հայաստանը մրցել է Շվեդիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի թիմերի հետ: Այս տարի նաև մասնակցել են Ծաղկաձորում տեղի ունեցած Վրաստանի և Ռուսաստանի հետ ընկերական հանդիպումներին։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան