«Կարծրատիպերը մեր երկրում շատ են, ու եթե չգտնես քո մեջ ուժ` ապա կհանձնվես, ուղղակի»- նշում է 32 ամյա Անուշ Մկրտչյանը, որը ծնունդով Շիրակի մարզի գյուղերից մեկից է, բայց հիմա աշխատում ու ապրում է Գյումրիում։ Անուշի խոսքով հաշմանդամություն ունենալու փաստը հաճախ է իրեն կանգնեցրել փակ դռների առաջ, բայց անկոտրում կամքի շնորհիվ առաջ է շարժվել։ Գյուղում ապրելն ու դպրոց գնալը իր համար հեշտ է եղել, պատմում է Անուշը, այնտեղ համագյուղացիների ու համադասարնցիների կողմից խտրական վերաբերմունքի չի արժանացել, իսկ արդեն Գյումրիում` բուհ ընդունվելուց, իր խոսքով Անուշը բախվում է խտրականության , որը նաև օրենսդրական բացի արդյուքն է։
«Ես դպրոցն ավարտելուց հետո, երբ գնացել էի ընդունվելու համալսարան, ուզում էի ուսուցչի մասնագիտություն ձեռք բերել։ Քննության արդյուքներից հետո որպեսզի ես սովորեի անվճար համակարգով պետք է անցնեի նաև համապատասխան բուժզննումը, բայց իրենք որոշեցին որ ես չեմ կարող դառնալ ուսուցչուհի՝ քանի որ ձեռքերիս հետ խնդիր ունեի՝հաշմանդամություն ունեի ու լիարժեք շարժել չեմ կարող։ Իմ դիմած մի քանի բաժինները կրճատվեցին ցանկից և մնաց միայն մեկ հայտ, որն էր դեղագիտական քիմիան, ու անկախ այն բանից՝ ես ուզում էի թե, ոչ, այդ մասնագիտությունը սիրում էի թե ոչ, ընդունվեցի այդ բաժին ու ավարտեցի։ Իսկ երբ որ դու սովորում ես մի մասնագիտությամբ՝ որը չես սիրում, ուստի դու այդ մասնագետը չես էլ դառնում։ Սա իմ կարծիքով իրավունքների խախտում է, երբ որոշում են քո փոխարեն։ Մենք 21-րդ դարում ենք և ես չեմ կարծում, որ իմ հաշմանդամությամբ պայմանավորվածես չէի կարողանա լսարան պահել ու դաս վարել»։
Բայց խնդիրն այսքանով չի սահմանափակվում, երբ Անուշը սկսում է աշխատանք փնտրել կրկին բախվում է խտրական վերաբերմունքի։
«Նույն աշխատանքին դիմում էի ես ու մարդ, որը չուներ հաշմանդամություն, ինձ չեն ընտրում, չնայած այն բանի, որ դիպլոմում իմ գնահատակններն անհամեմատ բարձր էին, քանի որ ես գերազանցությամբ եմ ավարտել բուհը։ Աշխատանքի ընդունվելու համար ինքնակենսագրականներում չկար կետ, որտեղ անհրաժեշտ էր նշել հաշմանդամություն ունելալու մասին, բայց երբ ինձ գործատուն տեսնում էր, որոշում էր որ ես չեմ կարող այդ աշխատանքը կատարել»։
Առանց հարցեր տալու կամ դիպլոմին նայելու շատ աշխատանքային հարցազրույցներ են ավարտվել իր համար, պատմում է Անուշը, իր խոսքով միայն Գյումրիում չէ որ աշխատանք է փնտրել, նույնը Երևանում է ու անգամ ծրագիր է եղել, որով կարող ես դասավանդել Հայաստանի տարբեր մարզերում, բայց այստեղ ևս իրեն չեն ընտրել։ Պատկերը՝ որի մասին պատմում է Անուշը, դա եղել է տարիների առաջ ու հիմա ինքն էլ նկատում է շատ բան է փոխվել։
«Երբ աշխատանք չգտա այստեղ ստիպված գնացի ՌԴ ու այնտեղ էի աշխատում, բայց ոչ իմ մասնագիտությամբ։ Հետո որոշեցի վերադառնալ ու երբ եկա, Էմիլի Արեգակ սրճարանի մասին լսեցի, որտեղ միջավայրը ներառական է, ու աշխատանք գտնելու մտքով գնացի այնտեղ։ Հանդիպեցի տնօրենի հետ, զրուցեցինք, պարզվեց հաստիքների մեծամասությունը զբաղված էր արդեն, կար աշխատանք տնտեսական բաժնում ու զուգահեռ պետք է մաքրությամբ զբաղվեի, համաձայնեցի ու ընդամենը 4 ամիս հետո տեղափոխվեցի ֆինանսական բաժին, ու հիմա իմ պատասխանատվության տակ է սրճարանի դրամարկղը»,-նշում է Անուշը։
Անուշը խորհուրդ է տալիս առհասարակ չհուսալքվել, կապ չունի դու հաշմանդամություն ունե՞ս թե ոչ, կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում, պետք է պայքարել։ Իր պայքարը ստացված է համարում նաև ընտանիքի աջակցության արդյունքում, քանի որ բազմաթիվ պատմություններ կան, երբ ընտանիքը ամաչում է հաշմանդամություն ունեցող երեխա ունենալուց ու թաքցնում է հասարկությունից, զրկելով կրթվելու, աշխատելու և այլ իրավունքներից։
«Միանշանակ շատ բարդություններ կան, բայց դրանք հաղթահարելի են ու պետք է անդադար պայքարել»,- նշում է Անուշը:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան