Լուսանկար՝ աշխատաժողովի ընթացքից
«Լավ է, որ անցկացվում են նման աշխատաժողովներ, որոնք զարգացնում են հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու կարողությունները», — այսպիսի կարծիք են արտահայտում գրեթե բոլոր մասնակիցները աշխատաժողովների ավարտին, որոնք անցկացվում են Հայաստանի տարբեր մարզերում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի: Պահանջարկը կա և աշխատաժողովները ծառայում են նպատակին, արձանագրում է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համայնքների հզորացման հանձնաժողովի համակարգող Հայկ Մկրտչյանը։
«Աշխատաժողովները լայն թիրախային խմբեր են ներառում։ Ընդհանուր նախատեսված էր իրականացնել 70 աշխատաժողով, որից մեծ մասն արդեն անցկացվել է։ 20-ը նախատեսված էր իրականացնել այն մասնագետների հետ, ովքեր աշխատում են հաշմանդամություն ունեցող անձանց հետ, 15-ական աշխատաժողով նախատեսված էր տեսողության, լսողության խնդիրներ ունեցող անձանց հետ, 15-ը՝ ծնողների, 15-ը՝ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար։ Աշխատաժողովների թեմաները շատ տարբեր են եղել, սկսած հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու էթիկայից, շփման կանոններից մինչև իրավունքներ ու օրենքներ», — ասում է Հյակ Մկրտչյանը։
Աշխատաժողովներից 2-ը, որ անցկացվել է Արմավիրի մարզում ու նախատեսված էր ՏՄԱԿ-ների աշխատակիցների համար, իրականացրել է «Մենք կարող ենք» ՀԿ-ն։ Մասնակցել են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, ընտանիքի անդամներն ու կրթական ոլորտի ներկայացուցիչներ։
«Թե՛ լսարանը, թե՛ թեմաները բարդ էին։ Պետք է ներկայացնել հաջողության պատմությունը, բայց դա այնպես անես, որ չճնշես քո հաջողությամբ։ Պետք է առաջարկես նոր բան, բայց մարդիկ միշտ պահպանողական են և հեշտ չէ նոր բան առաջարկելը։ Շատ հաճախ մարդիկ ուզում են իրական բաներ լսել, նեղ անձնական մտքերի ու մոտեցումների մասին, որ հաճախ բոլորն ունենում են, բայց վախենում են մտածել, էլ ուր մնաց խոսեն այդ մասին։ Ես խոսեցի իմ անձնական փորձից, ներկայացրեցի իմ պատմությունը։ Ամեն ինչը շատ լավ անցավ և երկու աշխատաժողովներում էլ արձագանքներն ավելի լավն էին, քան սպասում էի», — ասում է «Մենք կարող ենք» ՀԿ նախագահ Արմինե Սահակյանը։
Աշխատաժողովների ժամանակ խոսվել է նաև ծնողների դերի մասին երեխանների կրթության կազմակերպման ընթացքում, դրա կարևորության և այլընտրանքային ուսուցման մեթոդների, հանրակրթական դպրոցներում երեխաների ներառման կարևորության մասին։ Մասնակիցները ծանոթացել են նաև կազմակերպության կողմից ստեղծված «Արեգակ» կրթական-զարգացնող վեբ-հավելվածի հնարավորություններին, որը ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատվել է որպես ուսումնաօժանդակ նյութ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների կրթության կազմակերպման համար։
«Այդ մեթոդն էլ ծնվել է իմ անձնական պատմությունից։ Իմ տղան, ով մտավոր խնդիրներ ունի, դպրոցում գրել-կարդալու ավանդական մեթոդը իր համար շատ բարդ էր ու անհաղթահարելի։ Մենք սկզբում ընկճվում էինք, հետո ուսուցչի հետ մի թեստ մշակեցինք, որը կազմված էր նկարներից և ուսումը սկսեցինք տանել այդ ուղղությամբ, այլընտրանքային մեթոդ մտածեցինք և այդ մեթոդը հետագայում զարգացավ ու ունեցավ վեբ հավելվածի տեսք։ Քանի որ այն խաղի նման է, գրավիչ է դարձնում օգտվողի համար և միաժամանակ զարգացնում է նաև համակարգչից օգտվելու կարողությունը։ Վարքային խնդիրներ ունեցող աշակերտը խաղում է, իսկ թեստավորման համակարգը վերջում ամփոփում է արդյունքներն ու մասնագետը կամ ծնողը տեսնում է, թե որ ոլորտում է ավելի ճիշտ կենտրոնացնել երեխայի կրթությունը», — ասում է Արմինե Սահակյանը։
Արմավիրի մարզում աշխատաժողովներին մասնակցած մանկավարժները ցանկություն են հայտնել, որ այցեր իրականացվեն նաև դպրոցներ և աշխատաժողովում ընդգրկված թեմաները ներկայացվեն մյուս ուսուցիչներին ու ծնողներին ևս։
Անդրադառնալով այն հարցին, որ շատ ծնողների կարծիքով մարզերում մանկավարժներն ավելի քիչ պատրաստված են հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու հարցում, Արմինե Սահակյանը նշեց, որ նման ընդհանրացում չի կարող անել, քանի որ անպատրաստ մասնագետներ կան նաև մայրաքաղաքում և հակառակը՝ մարզերում կան այնպիսի ուսուցիչներ, ովքեր հիանալի իրականացնում են երեխայի ներառումը։ Այդուհանդերձ մարզերում մասնագետների պատրաստվածության ու առկա խնդիրների վեր հանման նպատակով աշխատաժողովների ընթացքում նաև գնահատում է արվում, որոնց արդյունքները պարզ կլինեն ավեի ուշ՝ աշխատաժողովների ավարտից հետո։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան