«Չլսող անձանց համար խնդիր է ժեստերի լեզվի թարգմանիչների պակասը երկրում և այն, որ լսող հասարակությունը չի տիրապետում ժեստերի լեզվին, որից բավական բարդանում է չլսող մարդկանց կյանքը»,- նշում է Լուսինե Հոլիկյանը։ Լուսինեն լսողական խնդիր ունի, հիմա իրեն շատերը ճանաչում են սոցցանցերում հաճախ հանդիպող տեսանյութերից։ ժեստերի լեզվով միակ բլոգը Հայաստնում իրենն է, ու ինքը ժեստերի լեզվով ոչ միայն խոսում է, այլև երգում ու ասմունքում։
«Ժեստերի լեզվի բլոգ ստեղծելը բավական երկար պատմություն ունի։ Քանի որ ես ժամանակիս մեծ մասը անցկացնում էի լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ ու հաճախ շրջապատում միայն ես էի, որ լսում էի, ինքնաբերաբար դառնում էի իրենց համար ինֆորմացիա փոխանցող, թարգմանիչ։ Ու շփման մեջ հաճախ պատմում էի առօրյա նորությունները, գրքերից, ֆիլմերից հատվածներ, բայց ամենամեծ ցանկությունն ինձ համար` ուզում էի, որ նրանք իմանան այս կամ այն երգի խոսքերը, նշանակությունը (երաժշտությունը չլսող մարդիկ զգում են)։ Եվ տարիներ տևող մտքերից հետո որոշեցի այդ ամենն իրականացնել սոցիալական հարթակների միջոցով՝ սկսելով երգերից։ Սկզբում ամեն ինչ արվում էր բացառապես չլսող անձանց համար, բլոգը միալեզու էր` ժեստերի լեզվով, սակայն լսող հասարակությունն այնպիսի դրական արձագանք, բուռն հետաքրքրություն ցուցաբերեց ոլորտի նկատմամբ, որ որոշեցի բլոգը դարձնել երկլեզու։ Այսօր իմ հարթակներում երկու աշխարհների համար էլ օգտակար նյութեր կգտնեք` խուլ մարդկանց համար երգերի, բանաստեղծությունների, հետաքրքիր նորությունների թարգմանություններ, լսողների համար` ժեստերի լեզվի, չլսող մարդկանց մշակույթի և շփման նրբությունների մասին ուսուցողական նյութեր։ Համացանցում կարելի է գտնել հոլովակներ, հավելվածներ և ուսուցողական նյութեր՝ ժեստերի լեզվի թեմայով, սակայն դեռ շատ բացեր կան, որ պետք է լրացվեն։ Այն ամենը, ինչ այս պահին կա, սահմանափակ է նաև այն պատճառով, որ ժեստերի լեզուն անընդհատ զարգացող, կենդանի լեզու է, և նյութերն անընդհատ թարմացվելու կարիք ունեն։ Մեծ նպատակներ ունեմ, որոնց շնորհիվ չլսող մարդկանց կյանքում բարեփոխումներ կարվեն, աշխատում եմ այդ ուղղությամբ ու անում եմ ամեն ինչ, որ նպատակներս կյանքի կոչեմ։ Եվ քանի որ ոչ թե կողքից նայող, այլ հենց ոլորտի ներսում գտնվող մարդ եմ, նաև իմ փորձով հստակ գիտեմ՝ ինչ պետք է անել ու հույս ունեմ, որ ամեն ինչ բարեհաջող կստացվի»,- նշում է Լուսինեն։
Իր խոսքով՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին կարծրատիպերը դեռ բավական մեծ ճանապարհ ունեն կոտրված համարվելու համար։
«Ընդհանուր կարծրատիպերից են հասարակության կողմից հաշմանդամություն ունեցող մարդկանց ոչ լիարժեք ընդունված ու չհասկացված լինելը։ Եթե խոսենք լսողության խնդիրներ ունեցող մարդկանց մասին` լսող մարդկանց մեծամասնությունը, օրինակ, լսողական սարքը չի ընդունում որպես այնպիսի նորմալ երևույթ, ինչպիսին, ասենք, ակնոցն է, խուսափում է շփվել լսողական խնդիր ունեցող մարդկանց հետ` կարծելով, որ ժեստերի լեզվին չտիրապետելը կարող է խնդիր լինել, թերագնահատում է նրանց հնարավորությունները և այլն։ Այս ամենն իրազեկման պակասից է և շղթայական խնդիրներ է ստեղծում չլսող մարդկանց կյանքում` սկսած դպրոցից (եթե երեխան ներառական կրթություն է ստանում), վերջացրած բուհերից և աշխատանք փնտրելուց։ Եթե Հայաստանում վերանա խտրական, ոչ արդարացի վերաբերմունքը, այս բոլոր խնդիրները փուլ առ փուլ, հաստատուն քայլերով լուծում կգտնեն»,- նշում է Լուսինեն ու պատմում, որ խտրական վերաբերմունքի և դժվարությունների ինքն էլ շատ է հանդիպել կյանքում, մանավանդ այն դեպքում, որ դպրոցական և ուսանողական ամբողջ շրջանում եղել է լսող հասարակության մեջ։
Լուսինեն նշում է՝ ընտանիքի դերը հաշմանդամություն ունեցող անձանց համար առաջնային է։ Իր խոսքով՝ ներառականությունը սկսվում է տան պատերի ներսում, մարդ նախ պետք է հասկացված լինի իր ընտանիքում, որպեսզի դրսում հասկացված լինելու նկատմամբ կասկածներ չունենա։
«Պետք չէ երեխային զրկել հաշմանդամություն ունեցող այլ անձանց հետ շփվելու հնարավորությունից՝ մտածելով, որ այդպես իր համար ավելի լավ կլինի։ Դա ամենամեծ սխալներից մեկն է, որը հստակ տարանջատում է երեխային և թողնում երկու աշխարհների խաչմերուկում` խանգարելով ինքնաճանաչմանը։ Ոսկե բալանսի պահպանում` ահա, թե որն է հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքի ամենակարևոր գործառույթը»։
Իսկ վերջում իր խոսքը ուղղում է հաշմանդամություն ունեցող անձանց։ «Ես միայն մի բան կարող եմ ասել` դուք ոչ մեկից պակաս չեք, պարզապես տարբերվող եք։ Ընդունեք ձեզ, ինքնակրթվեք, զարգացեք, նպատակներ դրեք ու ձգտեք հասնել դրանց, միշտ իմացեք, որ ճանապարհին ձեր ձեռքը բռնող կլինի։ Եվ երբեք մի լսեք այն մարդկանց, որոնք ասում են, թե ձեր և ձեր նպատակների միջև բաժանող պատ կա։ Եթե նույնիսկ այդ պատը դուռ չունի` դուք ինքներդ կարող եք պատրաստել դա, և կարող եք պատրաստել դարպաս` փոքր դռան փոխարեն։ Պետությունը նախևառաջ պետք է ապահովի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պատշաճ պաշտպանությունը, հետևողական լինի, որպեսզի անհարկի խտրական վերաբերմունքը վերանա և լուծվեն աշխատանքի, լիարժեք ու ներառական կրթություն ստանալու հարցերը»։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան