«Օրեր առաջ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված կույր պապիկը՝ Նորայր Մկրտչյանը, այժմ կացարանում է, արդեն շատ առույգ է, ավելի արագ է քայլում, ֆիզիկապես ավելի ակտիվ է դարձել, տրամադրությունն էլ լավ է», — coalition.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Նաղդալյանը, ֆեյսբուքյան այն օգտատերը, ով նկատել էր պապիկի անօգնական վիճակն ու համացանցում տարածել։
Նորայր Մկրտչյանը այս ընթացքում մի շարք բուժզննումներ է անցել ու դեռ պետք է նոր հետազոտություններ արվեն, նրա առողջական վիճակի մասին ամբողջական պատկերացում ունենալու համար։ Նորայր Մկրտչյանն ուզում է աչքերի վիրահատություն կատարել, որ կարողանա տեսնել, բայց նաև ասում է, որ գլխի ուռուցք ունի, ինչն էլ պատճառ է դարձել կուրության։ Այս ամենը կհերքեն կամ կհաստատեն բուժզննումները։ Մինչ այդ պապիկը, ով ի դեպ ընդամենը 66 տարեկան է, 90 օր կմնա անօթևանների կացարանում, սպասում է մինչև տարեցների տուն-ինտերնատում տեղ ազատվի, որ տեղափոխվի այնտեղ։
Անահիտը հիմա նրա միակ բարեկամն է դարձել, պապիկին օգնում է բոլոր հարցերում, պապիկն էլ միայն նրան է վստահում։ Ինչու՞ էր պապիկը հայտնվել այդ վիճակում, փորձել է պարզել Անահիտը։ Խոսել է հարևանների հետ, ասում է նրա մասին միայն դրական բաներ են պատել, ասել են, որ ագրոնոմ է եղել և վերջին շրջանում է վիճակն այդքան վատացել։ Նրան նույնիսկ մոտակա խանութները թույլ չէին տալիս մտնել, միայն խանութներից մեկից է օգտվել, որը պատկանում էր պապիկի մահացած ընկերոջ կնոջը։ Բարձրացված աղմուկից հետո նաև ինչ-որ բարեկամ է հայտնվել, ով պապիկի հետ է մեծացել Մեղրիում, վերջին մեկ տարում կապը կորցրել են, չեն կարողացել գտնել նրան։
«Ես նաև սոցաշխատողի հետ եմ խոսել, պարզվեց ինձ ծանոթ էր, գիտեմ որ սրտացավ մարդ է։ Ասաց, որ պապիկին դրսում է տեսել, հարցրել է ինչ-որ բանի կարիք ունի՞, թե՞ ոչ։ Պապիկն ասել է, որ չունի, իսկ հարևաններն էլ ասել են, որ ուղղակի հարբեցող ու կռվարար մարդ է, լավ տեսնում է և այլն, բայց նման բան չկա, ես ճշտել եմ տարածքում ապրող ինձ ծանոթ մարդկանցից», — պատմում է Անահիտը։
Նորայր Մկրտչյանը որպես միայնակ հաշվառված է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն միասնական սոցիալական ծառայությունում, իրեն կցված է եղել սոցաշխատող։ Մենք կապ հաստատեցինք սոցաշխատողի հետ, փորձեցինք ճշտել, թե ինչու՞ է մարդը մնացել անօգնական վիճակում։ Մեզ սոցաշխատողը տեղեկացրեց, որ ինքը պապիկի մասին տեղյակ եղել է։ Վերջին անգամ պապիկին մարտին է տեսել և նրա վիճակը լավ է եղել և ըստ երևույթին կուրացել է ապրիլին։ Մինչ այդ էլ նա միշտ այցելել է սոցիալական ծառայություն, լավ հագնված է եղել։ Պապիկը բոլոր տեսակի օգնություններից հրաժարվել է, որևէ մեկին իր տուն չի թողել։ Ո՞րն է սոցաշխատողի գործառույթն, առհասարակ նման դեպքերում, լիարժեք պատասխան այդպես էլ չստացանք,- սոցաշխատողի գործառույթն աջակցելն է իրենց հնարավորություններրի և իրավասությունների շրջանակներում,-նշեց նա, բայց դրա համար անձը պետք է անցնի մի շարք բուժզննություններ, հավաքի պահանջվող մի շարք փաստաթղթեր։
«Սա, իրականում, բարդ պրոցես է և սոցաշխատողը չի կարող բոլորի հետ անցնել պոլիկլինիկաներով կամ զբաղվել փաստաթղթերի հավաքմամբ։ Օրինակ, անձը որևէ խնամքի հաստատություն տեղափոխվելու համար պետք է ներկայացնի տեղեկանք հոգեբուժարանից այն մասին, որ նա հոգեբուժարանում գրանցված չէ», — մեզ հետ զրույցում նշեց սոցաշխատողը։
Մեր այն հարցին, որ օգնող հարազատ չունենալու դեպքում անձը ինչպե՞ս կարող է այդքան տարատեսակ փաստաթղթեր հավաքել և արդյոք դա չէ՞ պատճառը, որ մարդիկ հայտնվում են նման իրավիճակում, սոցաշխատողը միայն նշեց, իր ինքը նման դեպքերի չի հանդիպել և մարդիկ սովորաբար ունենում են հարազատներ, ովքեր զբաղվում են այդ հարցերով, իսկ Նորայր Մկրտչյանի դեպքն առանձնահատուկ է։
Ինչ վերաբերում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթներին նման դեպքերում, նախարարությունից ասացին, որ ահազանգ լինելու դեպքում կամ եթե որևէ կերպ տեղեկանում են քաղաքացու մասին, գնահատվում է նրա կարիքը ու դրան համարժեք ծառայություն է մատուցվում, բայց ո՛չ նախարարության աշխատակիցը, ո՛չ սոցաշխատողը չի կարող շրջել տնետուն և հարցնել, թե ո՞վ ունի օգնության կարիք։ Սոցիալական գերատեսչությունը հիմա աշխատում է պրոակտիվ ծառայությունների ներդրման ուղղությամբ, որպեսզի սոցաշխատողների համար պարտադիր դառնան կանխարգելիչ այցելությունները։
Նման դեպքերն, իրականում, եզակի չեն։ Միայնակ, առանց խնամքի ու օգնության մնացած հաշմանդամություն ունեցող անձինք էլի կան։ Հանրային հնչեղություն ստացած այս դեպքից հետո ոմանք կապ են հաստատել Անահիտի հետ ու օգնություն խնդրել։ Coalition.am-ը ևս կգնա այդ ահազանգերի հետքերով ու հաջորդիվ կներկայացնենք մանրամասները։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան