2020թ մարտին Կառվարությունն ընդունեց վարորդական իրավունքի վկայական ունեցող, վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը, պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների ցանկը, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը։ 383-Ն որոշման մեջ առանձնահատուկ ուշադրության է արժանի տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների շարքը, որը կներկայացնենք նյութի վերջում։
Հիմնական հակացուցումները կապված են հոգեկան և վարքի խանգարումների հետ, ընդ որում, ներկայացված ցանկում ըստ դասակարգման է, որը Հայաստանում չի գործում։ Ստացվում է, որ հակացուցումը գործում է հոգեկան և վարքի բոլոր տեսակի խանգարումների դեպքում։
Նույն խնդիրն առկա է նաև մտավոր խնդիրների դեպքում։ Մինչև այս տարվա փետրվարի 1-ը հաշմանդամությունը դասվում էր կարգերով՝ 1, 2, և 3 կարգ, իսկ հիմա ֆունկցիոնալության միջազգային դասակարգման ենք անացել և հաշմանդամությունը գնահատվելու է որպես թեթեև, միջին, խորը և ծանր աստիճաններով։ Այսինքն հիմա ոչ միայն բժշկական հետազոտությունն է կարևոր, այլ նաև միջավայրային գործոնները, որովհետև մարդուն գնահատում է նաև հարբժշկական խումբը, այլ կերպ ասած դիտարկվելու է, թե մարդն ինչպիսի խոչընդոտների է բախվում հասարակության մեջ։ Այս կարգը նոր է սկսել գործել և մտավոր խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող, «Մենք կարող ենք»ՀԿ նախագահ Արմինե Սահակյանը հույս է հայտնում, որ սա դրական փոփոխություններ ևս կբերի։
«Մարդը կարող է հաշմանդամության կարգ չունենա, բայց խնդիր ունենա և հակառակը, կան մարդիկ որ չեն դիմել կարգի համար։ Այստեղ մոտեցումը պետք է անհատական լինի, երբ մարդու կարողություններն ենք հիմք ընդունում։ Կարողություններն ու կարիքները տարբեր են լինում նույն խնդիրն ունեցող անձանց մոտ։ Մարդիկ շատ տարբեր են իրենց զարգացման ու կարողությունների առումով, հետևաբար միանշանակ ասել, որ մարդը ունի մտավոր խնդիրներ և չի կարող մեքենա վարել, նշանակում է խախտել մարդու իրավունքները։ Միանշանակ ասել, որ մարդը ունի մտավոր խնդիրներ ու արգելել որևէ ոլորտում նրան զարգանալ, մեքենա վարել, միանշանակ ոտնահարում է մարդու իրավունքները, մեզանից հասնում է միայն այդ մարդու համար զարգանալու հնարավորություն ստեղծել», — ասում է Արմինե Սահակյանը։
Վարսիկ Արամյանի 19-ամյա որդին, որ մտավոր խնդիրներր ունի, արդեն երկար ժամանակ է մեքենա է վարում ու լավ է վարում, բայց վարորդական վկայական չի կարող ունենալ մեկ այլ խնդրի պատճառով՝ գրել, կարդալ չգիտի։
«Ինքը շատ լավ մեքենա է վարում, մեզանից թաքուն վարման դասընթացների էր հերթագրվել ու վարորդն ամուսնուս ասել է՝ ինձանից լավ է վարում, բայց քանի որ տղաս գրաճանաչ չէ, վարորդական վկայականի տեսական քննությունը հանձնել չի կարող։ Կարծում եմ նման դեպքերի համար էլ ճիշտ կլիներ այլըտրանքային մոտեցում գտնել, ասում է Վարսիկը։ Բացի այդ, որդին չի կարող վարորդական վկայական ունենալ անգամ քննությունը հանձնելուց հետո, քանի որ հաշմանդամության 2-րդ կարգ ունի, իսկ մտավոր հետամնացությունը (տերմինը վերցված է ցանկից) ևս ներառված է հակացուցում ունեցող հիվանդությունների ցանկում։
«Տարածքային բուժհաստատությունների էլեկտրոնային շտեմարանները կցված են ՃՈ-ի շտեմարանին և անձի առողջական վիճակի մասին տվյալները հասանելի են նաև ոստիկանությանը։ Երբ քաղաքացին դիմում է վարորդական վկայականը ստանալու, փոխանակելու կամ այլ գործողություն կատարելու համար, մենք օգտվելով այդ շտեմարանից կարող ենք նաև մերժել տրամադրումը, եթե տեսնում ենք, որ առողջական հակացուցումներ ունի։ Եթե անձի մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս, որը տրանսպորտային միջոց վարելու հակացուցումների ցանկում է, մենք տրամադրում ենք համապատասխան տեղեկանք մերժելու մասին՝ նշելով, որ պատճառը տվյալ հիվանդությունն է», — ասում է ՃՈ ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը, պարզաբանելով նաև, որ որոշ դեպքերում անձն ուղղորդվում է բուժհաստատություն զննման և վերջնական եզրակացությունը տալիս են բուժաշխատողները։
Այլ կերպ ասած, եթե անձն արդեն ունի վկայական և նրա առողջական վիճակի վերաբերյալ նոր տվյալներ են ստացվում, ոստիկանությունն ունի իրավասություն զրկել անձին վարորդական իրավունքի վկայականից՝ համապատասխան ծանուցումով։ Ըստ Արմեն Սարգսյանի, ցանկացած դեպքում անձն ունի իրավունք վկայականից զրկվելուց հետո դիմել այն վերականգնելու պահանջով։
Ճանապարհային ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են, որ 2022թ-ի ընթացքում 59 քաղաքացիների վարորդական իրավունքները դադարեցվել են և նրանց վարորդական իրավունքները համարվել են ուժը կորցրած։
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը նաև պարզաբանում է, որ եթե անձի առողջական վիճակը բարելավվում է, նա ևս կարող է դիմել վկայականը վերականգնելու համար՝ ներկայացնելով համապատասխան բժշկական եզրակացություն։
Թե քանի անձ է դիմել և չի ստացել վարորդական վկայական՝ հոգեկան առողջության խնդիրներ ունենալու պատճառով կամ քանիսն են դիմել՝ վարորդական իրավունքի վերականգնման համար, Ճանապարհային ոստիկանությունը առանձին վիճակագրություն չի վարում։
Այսօր գործող օրենքի համաձայն, մինչև 12 նստելատեղ և 3,5 տ բեռնատարողությամբ տրանսպորտային միջոց վարելու համար կամ այսպես կոչված B կարգի համար անձից չի պահանջվում բժշկական եզրակացություն (ժողովրդին հայտնի փսիխոն), սակայն 12-ից ավել նստատեղ ունեցող և 3,5 տ-ից ավելի բեռնատարողությամբ բեռնատար կամ ուղևորատար տրանսպորտային միջոց վարելու համար, բացի էլեկտրոնային համակարգից անձից պահանջվում է նաև բժշկական զննություն անցնելու վերաբերյալ հավաստագիր։
«Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առողջապահական համակարգի էլեկտրոնային շտեմարանի ներդնելուց հետո, երբ տվյալները թվայնացվեցին, գրանցվեցին դեպքեր, երբ վարորդական վկայականից զրկվելու դեպքեր եղան։ Նրանց շարքերում էին նաև մարդիկ, ովքեր ունենալով վկայական, նախկինում բանակից ազատվելու համար, օրինակ, հոգեկան առողջության վերաբերյալ թուղթ էին հանել կամ այլ խնդրով հաշվառվել էին։ Նրանք պետք է նորից քննություն հանձնեին ու վերականգնեին իրենց մեքենա վարելու իրավունքը։
«Մեզ նման խնդրով մոտ 2-3 տարի առաջ էին դիմել, որից հետո տեղեկանք էին ներկայացրել, որ արդեն առողջ են և այդ հիվանդությունը չունեն և նորից քննություն էին հանձնել ու վերականգնել։ Վերջին շրջանում, սակայն, նման խնդրով մեզ դիմողներ չեն եղել», — ասաց Տիգրան Քեյանը։
Հ/հ | Հիվանդության անվանումը | Հիվանդության դասը` ըստ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչի (10-րդ վերանայում) |
1. Հոգեկան և վարքի խանգարումներ (քրոնիկ և երկարաձգված հոգեկան խանգարումներ մշտական ծանր և հաճախ սրվող հիվանդության դրսևորումների առկայության դեպքում ) | ||
1) | Օրգանական (ներառյալ սիմպտոմաթիկ) հոգեկան խանգարումներ քրոնիկական ընթացքով: | F00 – F09 |
2) | Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ | F20 – F29 |
3) | Տրամադրության խանգարումներ (աֆեկտիվ խանգարումներ) հաճախակի սրացումներով, ծանր և չափավոր արտահայտված, | F30 – F39 |
4) | Նյարդայնական և մարմնաձևային խանգարումներ` կապված գերհույզի (սթրեսի) հետ, եթե բուժման ֆոնի վրա երեք տարվա ընթացքում գրանցվել են սրացումներ | F40 – F48 |
5) | Անձի և վարքի խանգարումներ հասուն տարիքում | F60, F61 |
6) | Մտավոր հետամնացություն | F71 – F79 |
2. Հոգեկան և վարքի խանգարումներ` կապված հոգմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հետ (նախքան կլինիկական հսկողության դադարեցումը` պայմանավորված կայուն ռեմիսիայով (առողջացումով) | ||
1) | Հոգեկան և վարքային խանգարումներ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետևանքով | F10 – F16F18,F19 (բացառությամբ այն դեպքերի, երբ կլինիկական ախտորոշման ծածկագրի 4-րդ նիշը «0» է (F1X.0)՝ F10.0, F11.0, F12.0, F13.0, F14.0, F15.0, F16.0, F18.0 և F19.0): |
3. Աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ | ||
1) | Աքրոմատոպսիա | H53.51 |
2) | Երկու աչքերի կուրություն | H54.0 |
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ 2
- Ձեռքի կառավարմամբ տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցումներ.
- Ոտնաթաթի ձևախեղում` շարժումների զգալի դժվարացումով,
- Ստորին վերջույթի կարճացում ավելի քան 6 սմ (բացառությամբ այն դեպքերի, երբ վերջույթը ոսկրերի, փափուկ հյուսվածքների և հոդերի կառուցվածքային խանգարումներ չունի, շարժումների ծավալը պահպանված է, վերջույթի երկարությունը` սկսած կրունկի ոսկրից մինչև ազդրի մեծ գլխիկի միջին հատվածը կազմում է 75 սմ-ից ավել),
- Երկու ազդրերի անդամահատված ծայրատ,
- Երկու սրունքների անդամահատված ծայրատ,
- Մեկ վերջույթի ազդրի կամ սրունքի անդամահատված ծայրատ` մյուս ստորին վերջույթի հենաշարժական ֆունկցիայի խանգարումով (ոտնաթաթի անդամահատված ծայրատ, ձևախեղում, անոթային հիվանդություն, ծայրամասային նյարդային խոշոր ցողունների ախտահարում),
- Քայլելը և կանգնելը զգալի դժվարացնող ստորին վերջույթների, կոնքի կամ ողնաշարի կայուն ձևախեղում կամ հիվանդություն (ստորին վերջույթների անկիլոզացնող պոլիարթրիտ, ծանր կիֆոսկոլիոզ և սպոնդիլիտ` սեղմման ախտանիշներով, կեղծ արթրոզ (պսևդոարթրոզ), II և III աստիճանի էնդարտերիտ, փղախտ և այլն),
- Նստելու հնարավորությամբ ստորին վերջույթների կաթված և պարեզ,
- Ստորին վերջույթներից մեկի նյարդա-անոթային խրձի վնասվածք` սնուցման զգալի խանգարումներով (ծավալուն չապաքինվող խոցեր):
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան