«Երբ ինձ հարցնում են՝ ո՞րն է իմ կյանքում ամենակարևոր ձեռքբերումը , ես նշում եմ՝ իմ հաշմանդամությունը:
Այս պնդումը ծանրամարտիկ Արևիկ Մելքոնյանն անում է առանց վարանելու, վստահությամբ ու միևնույն ժամանակ մեծ կամքով.
«Դա երկու հանգամանքով է պայմանավորված. նախ՝ ես ծնվել եմ գյուղական միջավայրում, և ինչպես քույրիկներս, այնպես էլ ես կամուսնանայի միայն՝ չունենալով կրթություն և աշխատանք: Եվ հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ հաշմանդամությունն ինձ օգնեց խնդիրները հաղթահարել, դրանց նայել այլ կերպ ու գտնել դժվարությունները հաղթահարելու այլընտրանքային տարբերակներ»:
Անվասայլակն Արևին երբեք չի խանգարել կյանքի կոչել նպատակները, ցանկությունները, բայց դա չի նշանակում, որ խնդիրները քիչ են եղել: Մերօրյա հասարակությունը երբեմն դժվարությամբ է իր շարքերն ընդունում հաշմանդամություն ունեցող անձին, հատկապես, եթե անձը ունի հենաշարժողական որոշ խնդիրներ և դրանք տեսանելի են, երբ նա ձեռնափայտով է, հենակներով կամ անվասայլակով:
«Հաշմանդամությունս ձեռք բերելու պահից եմ ես բախվել կարծրատիպերի, հասարակությունը ծնողներիս առաջարկել է, որ ես շատ չերևամ մարդկանց մեջ կամ առաջարկում էին տնային ուսուցում, որովհետև ես չէի համապատասխանում իրենց պատկերացումներին, բայց ես ուզել եմ գնալ դպրոց, մտնել դասարան, իմ կրթությամբ ապացուցել, որ ես ավելին կարող եմ»։
Արևը ժպիտով ու հուզմունքով է պատմում, որ նույնիսկ ծնողներին առաջարկել են իրեն հանձնել մանկատուն, որովհետև ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխայի առկայությունն անընդունելի էր, հիմա անցել են այդ բոլոր բարդ փուլերը, որովհետև Արևն ապացուցել է իր ուժն ինքն իրեն առաջինը և այսօր էլ կանգնած է հաշմանդամություն ունեցող անձանց կողքին: Չնայած մարդկանց զարմանքին՝ Արևը այսօր զավակ ունի և սիրով ու ջերմությամբ է խնամում նրան: Ասում է՝ խնդիրները շատ են. տարածքի մատչելիություն, մարդկանց կարծրատիպային մոտեցումներ, բայց հաղթահարել հնարավոր է. Արևն իր օրինակն է բերում:
«Քանի որ ես սայլակ եմ վարում, որը ավտոմատ չէ, այլ մեխանիկական, ձեռքերի ուժով եմ առաջ տանում սայլակը, զգացի, որ ձեռքերից ուժեղ եմ, փորձեցի ու ստացվեց, սկզբից էլ լուրջ քաշեր էի հանում, ծանրամարտը հաջողեցի: Ստացվում է՝ դժվարությունը դարձրեցի միջոց և այսօր ուրախ եմ, որ գնացել եմ այդ կարևոր որոշմանը»։
Արևը Հայաստանում 61կգ քաշային կարգում հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի գործող չեմպիոն է, այժմ պատրաստվում է նոր մրցման, 33-ամյա կինը հույս է հայտնում, որ կպահի չեմպիոնի տիտղոսը:
Հաջողություն սպորտում, գեղեցիկ ընտանիք, լիարժեքության զգացողություն Արևն ունի, ասում է՝ ինքն իր միջավայրում հանգիստ է ու խաղաղ: Իսկ հասարակության մոտեցումները շղթայական են գալիս, առաջին հերթին տարածքի մատչելիության խնդիր կա Հայաստանում: Օրինակ է բերում.
«Երեխայիս մանկապարտեզի ծնողներին ես չեմ ճանաչում, մայրս է նրան մանկապարտեզ տանում, սայլակով այդ մանկապարտեզ գնալ չեմ կարող և նմանատիպ բազմաթիվ կառույցներ ու տարբեր խնդիրներ. դրանց լուծումն է կարևոր և դրանց մասին միշտ բարձրաձայնելը»։
Արևի խոսքով՝ նշված խնդիրների լուծումը երկուստեք է. հաշմանդամություն ունեցող անձի, հասարակության ու տարբեր կառույցների մշտական համագործակցությամբ կարելի է գնալ դեպի ավելի լավ և մատչելի միջավայրի ստեղծման:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական Միության տեսակետները:
Տիգրանուհի Կուրղինյան