Արդեն մոտ երկու ամիս է Հայաստանում կույր ֆուտբոլը փակվել է։ Հարմարեցված դաշտի բացակայության պատճառով մարզիկները հրաժարվել են մասնակցել մարզումներին ու խաղերին։ Ավելի վաղ coalition.am-ը անդրադարձել էր այս խնդրին։
Հասկանալու համար, թե ի՞նչ է մտածում այս մասին Ֆուտբոլի Ֆեդերացիան, որը կույր ֆուտբոլի զարգացման հեռանկարներ էր մշակում, coalition.am-ը հարցում ուղարկեց նախարարություն և ստացավ պատասխան, որ Հաշմանդամային ֆուտբոլի զարգացումը համարվում է ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի ռազմավարական կարևորագույն ուղղություններից մեկը և որ դրա դադարեցումը ժամանակավոր է։ Ստորև ներկայացնում ենք հարցման պատասխանն ամբողջությամբ։
«Պետք է նշել, որ կույր ֆուտբոլի մարզումները դադարեցվել են ժամանակավորապես։ Մի քանի անգամ մարզումային դահլիճը փոխելուց հետո թիմի անդամները սկսեցին բարձրաձայնել դահլիճների՝ կույր ֆուտբոլի ստանդարտներին չհամապատասխանելու մասին։ Հիմնական խնդիրը հատուկ ցանկապատերի/բորտ/ բացակայությունն է, որը կնպաստի անվտանգ և ազատ տեղաշարժվելուն, կնպաստի արդյունավետ մարզումների իրականացմանը: Այս ամենը հաշվի առնելով՝ ս․թ․ մայիս ամսին երկկողմանի համաձայնությամբ որոշում է կայացվել հունիսից ժամանակավոր դադարեցնել մարզումները, մինչև որ ՀՖՖ-ն կույր ֆուտբոլի պահանջներին համապատասխան մարզադաշտ կկառուցի:
Կույր ֆուտբոլը եղել և մնում է ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի ռազմավարական ուղղություններից մեկը՝ որպես հաշմանդամային ֆուտբոլի կարևոր մասնիկ։ ՀՖՖ-ն դիտարկում է մարզադաշտի կառուցման և համապատասխանեցման տարբերակ, և դրա պատրաստ լինելուն պես նախատեսում է սկսել նաև մանկապատանեկան խմբերի ձևավորումը, մարզիչների վերապատրաստումը, կույր ֆուտբոլի տարածումը ՀՀ այլ քաղաքներ և այլն։ Այս ամենի մասին բարձրաձայնվել է շահառուների հետ հանդիպումների ժամանակ:
ՀՖՖ-ն նախատեսում է ստանդարտներին համապատասխան խաղադաշտ կառուցել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այն կհանձնվի շահագործման մինչև 2024 թ. հունիս ամիսը։
Ֆեդերացիայի ենթակայության տակ չկան դահլիճներ, բացառությամբ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ֆուտբոլի ակադեմիայի դահլիճի։
ՀՖՖ 2019-2025 Ռազմավարության նպատակներին ուղղված քայլերից է Մասսայական և սիրողական ֆուտբոլի զարգացման ծրագրի և ռազմավարության մշակումը։ ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժինը մշակել է ռազմավարություն և գործողությունների ծրագիր, որի նպատակային կետերից է համարվում հաշմանդամային ֆուտբոլի՝ ներառյալ կույր ֆուտբոլը զարգացումը։
Հաշվի առնելով կույր ֆուտբոլի՝ արդեն իսկ ձևավորված դրական ավանդույթները և ասպարեզում կուտակված փորձը՝ ՀՖՖ-ն լիահույս է, որ կույր ֆուտբոլը պետք է դառնա հաշմանդամային ֆուտբոլի տեսակներից առավել զարգացածը՝ նպաստելով նաև հաշմանդամային ֆուտբոլի մյուս տեսակների զարգացմանը։ ՀՖՖ-ն հաշմանդամային ֆուտբոլի զարգացման ծրագրերում մշտապես ներառում է կույր ֆուտբոլը։ Մենք համոզված ենք, որ հարմարեցված խաղադաշտ ունենալուց հետո այս մարզաձևը կտանենք ավելի բարձր պրոֆեսիոնալ հարթակ, ինչը թույլ կտա մոտ ապագայում մտածել պարալիմպիկ խաղերին մասնակցություն ունենալու մասին։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խիստ զարմանալի է լսել և կարդալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասցեին հնչող մեղադրանքները, քանի որ կույր ֆուտբոլի զարգացումը ՀՖՖ-ի ներկայիս թիմի առաջնահերթություններից է, և ՀՖՖ-ն միայն վերջին տարիներին մեծ ջանքեր և գումարներ է ծախսել հաշմանդամային ֆուտբոլի այս տեսակի զարգացման համար։
Հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը ֆուտբոլում, դրա մասսայականացումը, «ֆուտբոլը որպես առողջ ապրելակերպ» և «ֆուտբոլ բոլորի համար» կարգախոսները համարվում են ՀՖՖ սոցիալական պատասխանատվության կարևոր բաղադրիչները։ Վերջին տասնամյակում ՀՖՖ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում հաշմանդամություն ունեցող անձանց ֆուտբոլում ներգրավելուն։ Հաշմանդամություն ունեցող անձինք մշտապես ներգրավվում են ՀՖՖ մասսայական միջոցառումներին, ներկա են լինում ֆուտբոլային հանդիպումներին, ստանում են աշխատանքի և կամավորության, ՀՖՖ մարզչական կրթության դասընթացներին մասնակցելու հնարավորություն։
Հաշմանդամային ֆուտբոլի զարգացումը համարվում է ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի ռազմավարական կարևորագույն ուղղություններից մեկը։ Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՖՖ-ն ներդնում է կոնկրետ ուղղվածության ծրագրեր, որոնք կնպաստեն այս ոլորտում ֆուտբոլի տեսակների կանոնավոր զարգացմանը։ Հաշմանդամային ֆուտբոլին նվիրված վերջին սեմինարը կայացավ բոլորովին վերջերս՝ ընդգրկելով ինչպես ՈՒԵՖԱ-ից հրավիրված, այնպես էլ հայկական տարբեր ակումբների ներկայացուցիչների, հաշմանդամություն ունեցող անձանց և ոլորտի մասնագետների:
Հայաստանում հաշմանդամային ֆուտբոլի զարգացմանն ուղղված առաջին քայլերը կատարվել են կույր ֆուտբոլում։ 2019 թվականին ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի ջանքերով կազմակերպվեցին կույր ֆուտբոլի առաջին մարզումները։
Համառոտ ներկայացնում ենք կատարված մեծածավալ աշխատանքը, որն առնչվել է կույր ֆուտբոլի թիմի կազմավորման և դրա գործունեության հետ։
- ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժինը թիմի ստեղծման օրվանից (2019 թ. գարուն) շատ ակտիվ և սրտացավ մոտեցում է ցուցաբերել թիմի բոլոր անդամների և մարզիչների հանդեպ։ Մշտապես բավարարվել է թիմի յուրաքանչյուր պահանջ՝ մարզահագուստի և մարզակոշիկների տրամադրում, թիմի անդամներից ոմանց համար նախատեսված տրանսպորտի գումարի տրամադրում, գլխավոր և օգնական մարզիչների աշխատավարձերի սահմանում և վերանայում, թիմի անդամների համար ավելի մոտ և հարմար վայր գտնելու նպատակով մարզումային դաշտի փոփոխություն։
- 2019 թվականին կույր ֆուտբոլի թիմի ավագ Ալլա Սահակյանը Հունգարիայում մասնակցել է կույր ֆուտբոլի առաջնորդների համար կազմակերպված սեմինարի։
- 2021 թվականին կազմակերպվել է «Բարեկամության գավաթ» մինի-մրցաշար ք․ Ծաղկաձորում՝ Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի թիմերի մասնակցությամբ, ՀՖՖ-ն հոգացել է մրցաշարի կազմակերպման և կացության հետ կապված բոլոր ծախսերը։
- 2021 թվականին կազմակերպվել է 5-օրյա մարզական հավաք Հանքավանում։
- 2022 թվականին կազմակերպվել է ընկերական խաղ Հայաստանի և Վրաստանի թիմերի միջև։
- 2022 թվականի հունիսին Հայաստանի կույր ֆուտբոլի թիմը մասնակցել է IBSA-ի կողմից կազմակերպված EURO Challenge Cup միջազգային մրցաշարին Շվեդիայում։
- Կատարվել է կույր ֆուտբոլի ամբողջական լուսաբանում ՀՖՖ-ի բոլոր մեդիա հարթակներում։
- ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթվա ընթացքում մշտապես կազմակերպվել են ցուցադրական մարզումներ։
- Բաժնի կողմից ակտիվորեն ներկայացվել է կույր ֆուտբոլի մարզումների և թիմի գործունեությունը ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված տարբեր կոնֆերանսների և սեմինարների ժամանակ, կույր ֆուտբոլի թիմը մի քանի անգամ առաջադրվել է ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի մրցանակին՝ որպես ՀՖՖ-ի կողմից իրականացվող լավագույն հաշմանդամային ծրագիր։ 2023 թվականի մայիսին Ղազախստանում անցկացված հաշմանդամային ֆուտբոլին նվիրված սեմինարի ընթացքում ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի բաժինը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանում հաշմանդամային ֆուտբոլի ներկայիս իրավիճակը՝ հատուկ անդրադարձ կատարելով կույր ֆուտբոլին»։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան