Այս անգամ մեր հերոսը Օֆելյա Վիրաբյանն է, 25 տարեկան, Լոռու Ծաղկաբեր գյուղից: Ողնաշարի սկոլյոզ կոչվող հիվանդությունը սկզբում Օֆելյային ստիպում էր երկար մազեր պահել:
«Ես երկար ժամանակ երկար մազեր ունեի և մտածում էի, որ երկար մազերով իմ սապատը չի երևա, հնարավորութուն կտա, որ ավելի ազատ ու հանգիստ դուրս գամ հասարակություն: Մտածել եմ, որ եթե մազերս կտրեմ, ապա դա շատ վատ կանդրադառնա հասարակությունում: Սակայն, մի օր որոշեցի, որ մազերս պետք է կտրեմ, դա մոտավորապես 2-3 տարի առաջ էր: Այդ օրվանից հետո հենց մազերս մի փոքր երկարում են՝ կտրում եմ: Երբ մազերս կտրեցի շատերը սկսեցին հայացքներ գցել, որովհետև սապատս տեսանելի էր: Ասում էի՝ ոչինչ աչքին անսովոր է, հետագայում կսովորեն»:
Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Օֆելյան ընդունվեց Վանաձորի պետական համալսարանի սոցիալական մանկավարժության բաժնում, մագիստրատուրան՝ անձի հոգեբանություն եւ խորհրդատվություն բաժնում: Գյուղում Օֆելյային ու ընտանիքին բոլորը ճանաչում էին, զարմանք չկար, կարծրատիպ՝ ևս: Քաղաքում, սակայն, սկզբում բարդ պիտի լիներ ինտեգրման փուլը:
«Ամենադժվար էտապը սկսվեց, երբ ես համալսարան ընդունվեցի, առաջին կուրս. սկզբում քեզ ոչ ոք չի ճանաչում ու դու մենակ ես: Դու պետք է հաղթահարես այն բոլոր հայացնքներն ու փսփսոցները, որոնք կան շուրջդ արտաքինիդ վերաբերյալ: Սկզբում դա այնքան ծանր էր, որ մտածում էի՝ համալսարանից դուրս գալու մասին: Բայց երբ տեսնում ես,որ կողքիդ քեզ հավատացող մարդիկ կան ու թե ինչպես է քո ծնողը պայքարում, որ դու առաջ գնաս, պարտավորվում ես հենց այդպես անել՝ առաջ գնալ: Ընկճված վիճակը տևեց 2 կամ 3 ամիս, հետո ցանկությունը հաղթեց ամեն տեսակ ընկճվածության: Այդ ուսանողական տարիներն ինձ շատ օգնեցին տարբեր հարցերում փորձառու դառնալ՝ նույնիսկ կենցաղավարություն, տրանսպորտ և այլն: Երբ դու հասկանում ես, որ այդ քաղաքում դու մենակ ես, ծնողներդ գյուղում են, սկսում ես դառնալ ինքնուրույն»:
Ինքնուրույնություն ու դժվարությունները հաղթահարելու մեծ ցանկություն կար, դրա համար էլ հաշմանդամություն ունեցող աղջիկը օրինակներից մեկն է, թե ինչպես լինել լիարժեք անդամ հասարակության մեջ, աշխատել ու օգնել մարդկանց։
«Շատ հայացքներ ու կարծիքներ եմ հաղթահարել, հետո հասկացա որ ես, կամ այդ մարդիկ մեղավոր չեն, որովհետև առաջին հերթին թերի կրթվածություն կա, մարդկանց անսովոր է ընդունել, որ կան մարդիկ, որոնք տարբեր են և նման չեն մյուսներին, և առաջին հերթին հաշմանդամություն ունեցող անձն այնպես պիտի անի, որ հասարակությունը այս մասին ավելի շատ բան իմանա: Հիմա ես աշխատում եմ EREO անկախ կյանք ռեսուրս կենտրոնում, որպես փոխօգնության և մենթորության համակարգող: Իմ աշխատանքի շնորհիվ շատ հմտություններ եմ ձեռք բերել և վստահ կարող եմ ասել, որ ուրիշ կազմակերպություններում ես ձեռք չէի բերի այն հմտություններն ու փորձը, որ ունեմ հիմա: Մեր կազմակերպությունը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ: Մեր ռեսուրս կենտրոնը մի գործունեություն է ծավալում, որը հենց հավասարության, փոփոխության եւ տվյալ հասարակության մեջ նոր ուժի ներդրման գործընթաց է, որը որ մեծ հնարավորություն է տալիս մեզ»:
Ինչ վերաբերում է հասարակության մոտեցումներին ու կարծրատիպային վերաբերմունքին հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ՝ Օֆելյան նշում է, որ մեր երկրում դեռ շատ անելիքներ կան, բացերը բազմաթիվ են:
«…. և ավելի շատ կանայք են բախվում կարծրատիպերի: Առաջին հերթին հենց ինքը՝ հաշմանդամություն ունեցող կինը պետք է մտքից հանի այդ կարծրատիպերը: Առհասարակ, պետք ներդաշնակ լինես ինքդ քեզ հետ,ընդունես քեզ և այդ ժամանակ միայն հասարակությունն էլ կկարողանա ընդունել»:
Ըստ Օֆելյայի, այսօր միջավայրի հասանելիության հարցում ևս բոլորիս անելիքները շատ են:
« Ցավոք սրտի, մեր երկում դեռ կարգավորված չէ թեքահարթակների հարցը և միջավայրը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձի պահանաջներին: Օրինակ, Երևանի հրապարակում գեղեցիկ, տոնական զարդարանքներ կան, շատ մեծ գոհունակություն կունենայի, որ հաշվի առնվեր, որ տվյալ տարածքներ մուտք են գործելու նաև հաշմանդամություն ունեցող անձինք: Եթե մենք հավասարություն ենք պահանջում, ապա դա պիտի լինի լիարժեք»:
Զրուցակիցս պնդում է՝ հավասարապես բոլորը պետք է գնան դեպի ավելի կրթված հասարակություն և արդյունքում չեն լինի կարծարատիպեր և միջավայրի հասանելիության խնդիրներ: Եվ վերջում փոքրիկ կոչ՝ բոլոր ծնողներին՝ զավակի օրինակով.
«Թույլ տվե՛ք ձեր երեխային առաջ գնալ ինքնուրույն, ինքը կարող է և ունի հնարավորություն ինտեգրվելու, թողե՛ք նա իր կարծիքն ու տեսակետը հայտնի: Չկան սխալ տեսակետներ, թողե՛ք ինքը կյանքն ապրի իր բոլոր գույներով: Եղեք կողքին, իհարկե, բայց մի՛ խանգարեք իրեն: Երբ դպրոցում էի սովորում, հաճախ հիասթափություններ էի ունենում, տարբեր հարցերով: Մտածում էի՝ ինչո՞ւ ընկերուհուս ծնողը լուծում է իր բոլոր խնդիրները, իսկ իմ ծնողը չէր խառնվում, միշտ ասում է՝ լավ, ինչո՞ւ, հետո հասկացա, որ եթե անընդահատ իմ փոխարեն լուծեին, ես չէի ունենա այն ինքնուրույնությունը, որ ունեմ այսօր և ուրախ եմ: Անընդհատ հույսս ինչ-որ մեկի վրա կդնեի, դա սխալ է: Կլինեն խոչընդոտներ ու դժվարություններ, սակայն այդ ամենը կբերի դրականը, մնում է գտնել դա ու առաջնորդվել դրանով»
Մեր հերոսը, չնայած նրան, որ դեռ բավականին երիտասարդ է, սակայն գտել է այդ դրականն ու գնում է իր բաժին հաջողության ետևից՝ հավատալով դրան:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Տիգրանուհի Կուրղինյան