7-ամյա Սարգիս Ավագյանը մի քանի լեզուներով սկսել է խոսել դեռ 3 տարեկանից։ Մինչև 3 տարեկանը տղան նույնիսկ մայրենի լեզվով բառեր չէր ասում։
Սարգիսը 3 տարեկան էր, երբ նրա մոտ աուտիզմ ախտորոշվեց։ Մայրը՝ Մարիամ Փալանջյանը, հիշում է, որ 3 տարեկանում տղան դեռ չէր խոսում։ Ասում է ամեն ինչ փոխվեց, երբ երեխան սկսեց «Ապագայի երեխաներ» մանկական զարգացման կենտրոն հաճախել, ընդամենը երկու շաբաթում սկսեց խոսել, դրանից հետո ինքնուրույն սովորեց նաև ռուսերեն ու անգլերեն։
«Հեռախոսով ուսուցանող մուլտեր էր նայում ու սկսեց անգլերեն և ռուսերեն խոսել։ Անգլերեն այբուբենն էր սովորել, բոլոր տառերը ճանաչում էր ու ես շատ պատահական իմացա։ Գրատախտակ էի առել ու մագնիսով անգլերեն տառեր կային, ինքը հանեց ու սկսեց ճիշտ հերթականությամբ դասավորել։ 4 տարեկանը նոր էր լրացել, բայց արդեն անգլերեն ու հայերեն այբուբենը գիտեր։ Տառերը ճանաչում էր ու սկսեց այդ տառերով բառեր ասել։ Նկար էի նկարում, տակը բառը գրում ու ինքը կարդում էր։ Ես մտածում էի նկարնա ճանաչում, բայց չէ փաստորեն կարդում էր», — պատմում է մայրը, ավելացնելով, որ այնուամենայնիվ տղան կորեերենով շատ է հետաքրքրված ու եթե թույլ տան, դա էլ կսովորի։
«Բացում էր google translate-ը ու իսպաներենից թարգմանում էր անգլերեն։ Իր սիրելի խաղն էր դարձել։ Հիմա հայերեն, ռուսերեն ու անգլերեն հավասար խոսում է, իսկ իսպաներեն ու պորտուգալերեն շատ բառեր գիտի, կենդանիների ու բոլոր դինոզավրերի անունները գիտի», — ասում է մայրը, — հիմա ուզում ենք խոսքը զարգանա նոր կթողնենք այլ լեզուներ սովորի։ Ինքը նաև լեզվի լոգիկանա շատ լավ հասկանում ու հաճախ լոգիկայով է գտնում բառի թարգմանությունը, — ասում է մայրը։
Սարգիսը դպրոցում էլ վատ չի սովորում, եթե սկզբում դժվարանում էր մաթեմատիկական հաշվարկներ անել, ապա բացատրելուց հետո հիմա դա էլ է շատ լավ անում։ Մայրն ասում է, որ եթե համադասարանցիները մինչև 10-ն են գումարում հանում անում, ինքը մինչև 30-ը կարող է անել։ Սարգիսը նաև լավ լսողություն ունի, առաջին նոտաները լսելիս կարող է գուշակել երգը, սիրում է նաև նկարել, ծեփամածիկով կենդանիներ պատրաստել։
«Ուսուցիչները ասում են, որ շատ մեծ հնարավորություններ ունի Սարգիսը հետագայում մեծ մարդ դառնալու համար։ Նախակրթարանում էլ ասում էին իր տարիքայինների մեջ յուրօրինակ երեխա է և եթե հաղորդակցությունն էլ կարգավորվեց, խոսքը զարգացավ ոչ մի խնդիր չի ունենա, ինչի ուզի կհասնի», — ասում է մայրը։
Երգելու բացառիկ տաղանդով է օժտված նաև 11-ամյա Վարդգես Բաբայանը։ Նրա մոտ դեռ փոքր տարիքից է այդ տաղանդը դրսևորվել, պատմում է քույրը՝ Նվարդ Բաբայանը։ Տանը հավաքների, առիթների ժամանակ միշտ երգել է։ Հիմա արդեն մեծացել է, չի սիրում մարդկանց ներկայությամբ երգել, բայց գործ անելիս էլ տանը միշտ քթի տակ երգում է։
«Եղբայրս նաև դպրոցի միջոցառումների ժամանակ է շատ երգել։ Իսկապես շատ լավ է երգում, բոլորն էլ ասում են, որ բացառիկ տաղանդ ունի, չնայած որ երբևէ երգի դասերի չի հաճախել։ Շատ լավ ընկալում է երաժշտությունը, կարողանում է նաև սուլելով երգել», — ասում է քույրը։
Վարդգեսի սիրած զբաղմունքը երաժշտական հաղորդումներ ու մրցույթներ դիտելն է։ Եվրատեսիլն էլ ամենասիրելի երգի մրցույթն է, բոլոր տարիների հաղթողներին անգիր գիտի։ Դպրոցում էլ ամենասիրելի առարկաներից մեկը երգեցողությունն է։ Սիրում է նաև անգլերենը։
«Դեռ փոքր տարիքից սիրում էր անգլերենը, նույնիսկ սովորել էր, բայց մենք թույլ չտվեցինք խորանա շատ, որ խոսքի զարգացմանը չխանգարի։ Հիմա շատ լավ սովորում է ու անգլերեն գիտի», — նշում է քույրը։
Վարդգեսի բացառիկ ունակություններից մեկն էլ քարտեզին լավ տիրապետելն է, նաև երկրների դրոշներն է ճանաչում և սա դեռ փոքր տարիքում։ Ի դեպ, Վարդգեսի երազանքներից մեկն էլ ճանապարհորդելն է։ Հույս ունեն մի օր կհասնի նաև իր այդ երազանքին։
Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է։ Աուտիստիկ սպեկտրի խնդիրները կամ Աուտիզմը խնդիր է, որը կարող է առաջացնել զգալի սոցիալական, հաղորդակցական և վարքային մարտահրավերներ: 2021 թվականի դրությամբ` մեր երկրում մանկական և ատիպիկ աուտիզմ հաշմանդամությամբ երեխաների թիվը կազմում է 843:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն ու «ՄԱԿ Կանայք» կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան