2022թ-ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 1000-ից ավելի դիմում-բողոք է ստացել հաշմանդամություն ունեցող անձանց կողմից, 2023թ-ի տվյալները դեռ ամփոփված չեն։ Այս մասին coalition.am կայքի հետ զրույցում ասաց ՄԻՊ հաշմանդամություն ունեցող անձանց բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը։
«Այդ 1000-ից քիչ ավելի դիմումները գրավոր կամ բանավոր ընթացակարգերով ստացված ահազանգերն են, որոնցով որոշակի գործողություններ են արվել։ Բողոքները շատ տարբեր թեմաներով են, բայց ամենից շատ վերաբերում են հաշմանդամության կարգավիճակի տրամադրման կամ տրամադրված խմբին վերաբերող բողոքներին, դրանով փոխկապակցված նաև փորձաքննությունների ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից խտրական կամ վատ վերաբերմունքին վերաբերող հարցրն են, մատչելիության հետ կապված բողոքներ կան, եղել են նաև տարբեր իրավունքներին վերաբերող, օրինակ, կրթության իրավունքի խախտման, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ բուլինգի դեպքերին, կան նաև բողոքներ առ այն, որ հաշմանդամության հիմքով խտրական մոտեցում է ցուցաբերվում և աշխատանքի չեն ընդունում, բայց սա հիմնականում մասնավոր գործատուներին է վերաբերում, որոնց դեմ ՄԻՊ-ը բողոք քննարկելու իրավասություն չունի։ Սա մենք որպես խնդիր արձանագրել ենք և իրականացրել ենք նաև ուսումնասիրութուն պատճառների վերաբերյալ և ոլորտային քննարկումների ժամանակ այդ հարցերն էլ ենք բարձրացրել», — ասաց Մոնիկա Սարգսյանը։
Նրա խոսքով կա խնդիր հաշմանդամություն ունեցող անձին հաշմանդամության պատճառով խտրական մոտեցում ցուցաբերելու դեպքերը բացահայտելու առումով, մասնավորապես ներդրված չեն գործիքակազմեր խտրականության առկայությունը հիմնավորելու համար։
«Որպես կանոն գործատուները մասնավոր հատվածում ազատ են իրենց պոտենցիալ աշխատողների նկատմաբ պահանջներ ներկայացնելու և որպես կանոն, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որպես աշխատանքի չընդունելու հիմանվորում չի նշվում հաշմանդամությունը որպես պատճառ, այլ ներկայացվում է, որ ընկերության համար կա այլ՝ ավելի հարմար թեկնածու։ Սա կարող է բավարար լինել մերժումը հիմնավորելու համար, բայց ուսումնասիրության համար բավարար չէ ապացուցելու, որ մերժումը հաշմանդամության հիմքով է եղել», — նշում է Մոնիկա Սարգսյանը։
Այստեղ պետության կողմից հստակ չափորոշիչներ ու գործիքակազմեր ներդնելու անհրաժեշտություն կա, այդ թվում՝ աշխատանքային իրավահարաբերությունների կանոնակարգման ոլորտում։ Սա հնարավորություն կտա փաստացի ապացույց կամ հիմնավորում ձեռք բերել հաշմանդամության հիմքով խտրականության առկայության վերաբերյալ։
«Օրինակ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով որոշակի կանոնակարգում մտցվեց խելամիտ հարմարությունների մասով, ասելով, որ անկախ նրանից խելամիտ հարմարեցումների չտրամադրման պարագայում դիտավորություն եղելա՞, թե՞ ոչ, եթե մերժվում է խելամիտ հարմարեցման տրամադրումը, ապա համարվում է խտրականություն հաշմանդամության հիմքով», — ընդգծում է Սարգսյանը։
ՄԻՊ աշխատակազմ ներկայացված բողոքները թե՛ գրավոր են, թե՛ բանավոր։ Բանավոր ստացած բողոքների դեպքում երբեմն բանավոր արագ արձագանք է լինում՝ դիմելով իրավասու մարմիններին, նրանցից պարզաբանում կամ լուծում պահանջելով։ Իսկ ներկայացված դիմում-բողոքները գրավոր կարգով ուսումնասիրվում ու քննարկվում է այն ժամանակ, երբ ասենք անձի կողմից առկա է գրավոր դիմում, որը բանավոր ընթացակարգով հնարավոր չէ լուծել։
«Այդ պարագայում մենք էլ հգրավոր պրզաբանում ենք պահանջում իրավասու մարմիններից։ Ամեն դեպքում որտեղ հնարավոր է խնդրի լուծմանը հասնել աշխատանքային կարգով կամ բանավոր, այդպես ենք անում», — նշում է ՄԻՊ ներկայացուցիչը։
ՄԻՊ գրասենյակ ստացվող դիմում-բողոքներից բացի, մարդու իրավունքների պաշտպանը նաև մի շարք խնդիրներ է վեր հանում մշտադիտարկումների, փաստահավաք աշխատանքների ու սեփական նախաձեռնությամբ քննվող գործերի շրջանակներում՝ մարդու իրավունքների խախտման դեպքերը, համակարգային խնդիրները բացահայտելու նպատակով։ Ուսումնասիրություններից բացի, ներկայացվում են նաև խնդրի լուծման առաջարկներ իրավասու մարմիններին։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան