Ասյա Հարությունյանի խոսքով՝ ինքը թե՛ ընտանիքում, թե՛ կրթություն ստանալուց խտրական վերաբերմունքի չի արժանացել՝ պայմանավորված հաշմանդամություն ունենալու հետ, բայց և ընդգծում է՝ կարծրատիպեր, թերահավատ վերաբերմունք կա՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ու, մասնավորապես, աղջիկների հանդեպ։
«Այս մասին բազմիցս բարձրաձայնվում է, խոսվում հավասար իրավունքների ու հնարավորությունների մասին, բայց դրական տեղաշարժը դեռ շատ մեծ ծավալների չի հասել։ Օրինակ, եթե ունես հաշմանդամություն, դա չպետք է խանգարի զբաղվել սիրած աշխատանքով, զարգացնել ունեցածդ տաղանդը ու գնալ այդ ուղղությամբ»,- նշում է Ասյան։
Սա ոչ միայն խորհուրդ է կամ կարծիք, այլ գաղափարախոսություն ու նշանաբան, որով առաջնորդվում է Ասյան։ Մարտի 8-ի առթիվ Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց Art Ability ցուցադրությունը, որտեղ տեղ էին գտել Ասյայի գեղանկարները. գույներ, ծաղիկներ ու լուսավոր էներգիա, որոնք արտահայտում են իր մտքերն ու երևակայությունը: Վերջինս քայլ է սեփական փորձով կարծրատիպերի կոտրման և խտրական վերաբերմունքից ազատվելու ուղղությամբ. նշում է Ասյան։
«Ես նկարել եմ դեռ մանկուց, բայց դա ավելի վառ սկսեց արտահայտվել 8 տարի առաջ։ Երբ ես սկսեցի նկարել, դա դարձավ իմ արտահայտման երկրորդ լեզուն, այսպես ես իմ մտքերն ու զգացմունքներն եմ փոխանցում։ Ես կարծում եմ, որ ոչ մի թյուր կարծիք չպետք է դառնա բաժանարար հաշմանդամություն ունեցող ցանկացած անձի համար։ Վրձնով խոսելը տվեց նաև հնարավորություն գունավորել մտքերս, որոնք կարողացա նաև ի ցույց դնել հասարակությանն ու հաշմանդամություն ունեցող այլ անձանց ևս, որ մենք կարող ենք, եթե դա ուզում ենք ու պայքարում բավականաչափ»։
Ասյան ստացել է նաև բուհական կրթություն ՀՀ ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում՝ ՏՏ բաժինը, բայց իրեն ավելի հոգեհարազատ է եղել նկարելը ու հիմա մասնագիտությամբ չի զբաղվում։ Իրեն ոգեշնչում է նկարչությունը։ Ցուցահանդես ունենալու գաղափարը «Կարիտաս Արեգակ» հիմնադրամինն էր, որը ողջունել և համապատասխան ցուցասրահ է տրամադրել Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրինությունը։
«Կարիտաս Արեգակ» հիմնադրամն ունի «9 քայլ դեպի աշխատաշուկա» ծրագիրը, որի շրջանակներում բացահայտում են հաշմանդամություն ունեցող անձանց ներուժն ու զարգացնում այն: Ասյան մասնակցել է ծրագրին, իսկ այս ցուցահանդեսը միակը չէ. այն իր համար երկրորդն է, առաջինը՝ դեկտեմբերի 3-ին է եղել. նշում է Ասյան։
«Այն, ինչ տեսաք ցուցահանդեսին, իմ ներաշխարհն է ու ստեղծագործելու մեծ ցանկությանս արդյունքը։ Ես դեռ այլ ցուցահանդեսներ ունենալու ծրագրեր ունեմ»,-ասում է Ասյան։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան