«Պետության հետ կապված ամեն ինչ կիսատ է, մի կերպ հասել էինք նրան, որ երեխաներին սերտիֆիկատ էին տալիս, որով ստանում էինք օրթոպեդ կոշիկներ ու օրթեզներ, հիմա դա էլ կրճատեցին», — coalition.am-ի հետ զրույցում դժգոհում է Կարինե Դալլաքյանը, ում որդին Մանկական ուղեղային կաթված ունի։
Նրա խոսքերով, եթե նախկինում 2 զույգ 28 500 դրամանոց կոշիկ գնելու համար սերտիֆիկատ էին ստանում, ապա նախորդ տարվանից այդ գումարը պակասեցվել է՝ մինչև 18 000 դրամ, ինչը չի բավականացնում և ծնողը ստիպված է իր գրպանից ավելացնել պակասող գումարը։
«Սայլակի գումար են տալիս, որ սայլակ գնենք, բայց այդ գումարն էլ այնքան քիչ է միայն ամենափոքր ու թեթև սայլակին է բավականացնում, այսինքն եթե երեխային ավելի ամուր սայլակ է անհրաժեշտ, ստիպված ենք կրկին մեր գրպանից ավելացնել այդ գումարը, որը չունենք», — ասում է Կարինեն։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Արդեն երկար ժամանակ է սայլակ ունենալու մասին է երազում նաև Մանուկյանների ընտանիքում մեծացող 12-ամյա տղան, որ կրկին Մանկական ուղեղային կաթված ունի։
Պետության կողմից տրամադրվող հավաստագրով գնել չեն կարողանում ու այս դեպքում ոչ միայն գումարը չի բավականացնում, այլև Հայաստանում նման որակի ու ֆունկցիոնալության սայլակ գոյություն էլ չունի, պետք է արտերկրից պատվիրեն, որի գումարը չունեն, սոցիալապես անապահով վիճակում են ապրում, պատմում է մայրը:
«Այն սայլակը, որը տղայիս կարիքներին համապատասխան է, արտերկրում ամենամատչելին 560-570 000 դրամ արժե։ Հայաստանում եղած սայլակները հարմարեցված չեն, իմ տղան շատ շարժուն է, չեն դիմանում։ Մենք այդպիսի մի սայլակ նվեր էինք ստացել բարեգործական ընկերություններից մեկից, բայց այն արդեն փոքր է ու մաշված», — ասում է մայրը։
Սայլակի որոշ հատվածներ արդեն այնքան են մաշվել, որ մայրը ստիպված կտորներով է փաթաթել, որ տղան ձեռքերը չվնասի։
*******
Որ նախորդ տարվանից արդեն օրթոպեդիկ կոշիկներ ու օրթեզներ գնելու համար պետք է սեփական գրպանից էլ վճարել, շատ պատահական տեղեկացել է նաև Աննա Խաչատրյանը։
«Նախորդ տարի դեկտեմբերին օրթեզի համար պետությունը վճարում էր 40 000 դրամ, իսկ եթե այդ գումարը չէր բավականացնում, մենք էինք ավելցնում։ Անցած տարի ինձ ասացին, որ պետք է վճարեմ 12 500 դրամ կոշիկի և 10 000դր. էլ օրթեզի համար, որովհետև պետության կողմից հատկացվող գումարը կրճատվել է, իսկ հաշմանդամություն ունեցող երեխա խնամող ծնողները նույնիսկ աշխատել չեն կարողանում և այդ գումարն իրենց գրպանից հատկացնելը շատ դժվար է» — ասում է Աննա Խաչատրյանը։
Մանրամասները՝ ձայնագրությունում
Խոսելով պետության կողմից հատկացվող աջակցող միջոցների ու իրական կարիքներին դրանց անհամապատասխանության մասին, Սոնա Բաղդասարյանը, ում 8-ամյա դստեր մոտ վերջերս շաքարային դիաբետ է հայտնաբերվել, նկատում է՝ գրեթե միշտ դրանք անբավարար են։
«Պետության կողմից հատկացվող ստրիպերը, որով երեխան պետք է չափի շաքարի պարունակությունը արյան մեջ, չի բավականացնում, քիչ է։ Մեզ տրվում է եռամսյակի համար որոշակի քանակ, սակայն այն վերջանում է արդեն 2-րդ ամսվա վերջին ու մնացածը դու ստիպված ես գնել սեփական միջոցներով», — ասում է Սոնան։
Արյան մեջ շաքարի չափը ամեն օր ստուգելը կենսական անհրաժեշտություն է։ Դրանք վաճառվում են միայն մեկ դեղատանը, նշում է ծնողը, 50 հատը մոտավորապես 4000 դրամ արժե և այն բավականացնում է 1,5 շաբաթ միայն։
«Ստացվում է, որ ես առնվազն 4-5 տուփ պետք է գնեմ, որ բավականացնի։ Լավ, ես կարողանում եմ գնել, որովհետև ունեմ աշխատանք, բայց շատերը չունեն այդ հնարավորությունը և արդյունքում տուժում է երեխայի առողջությունը», — դժգոհում է Սոնան։
Նրա խոսքով թե՛ ինքը, թե՛ շատ ծնողներ պարբերաբար խնդրի մասին բարձրաձայնել են, բայց պատասխանը մեկն է եղել՝ պետության կողմից չկա բավականաչափ ֆինանսավորում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Coalition.am-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ բյուջեի կրճատում տեղի չի ունեցել, իսկ թե ծնողների դժգոհությունը ինչի հետ է կապված, չեն կարող ասել։
«Օրթոպեդիկ կոշիկների մեկ զույգի արժեքը 18 500 դրամ է, իսկ դեֆորմացված ոտքի կառուցվածքի համար նախատեսված անհատական պատրաստվող կոշիկների դեպքում՝ 30 000 դրամ։ Օրթեզի կոշիկները նույնպես 18 500 դրամ, է քանակի մասով սահմանափակում չկա, մենք հատկացնում ենք սերտիֆիկատ՝ ըստ դիմելիության։ Գումարը չի կրճատվել, վերջին 2 տարին նույնն է եղել, քանի որ տարեկան բյուջե է հաստատվում», — ասաց ՀՀ ԱՍՀՆ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի ավագ մասնագետ Քրիստինե Ստեփանյանը։
Օրենքը սահմանում է, որ հատկացվող հավաստագրի գումարից պակաս գնով ձեռք բերելու դեպքում ավելացած գումարով քաղաքացին կարող է գնել հավելյալ աջակցող միջոց, իսկ ավելի բարձր արժեք ունենալու դեպքում՝ հավելավճարը վճարում է քաղաքացին։ Նույնը սայլակների դեպքում է։ Պետական հավաստագրով 95 000 դրամ է հատկացվում սովորական սայլակի համար, իսկ ՄՈՒԿ-ի դեպքում՝ 120 000 դրամ։ 2022թ-ի ընթացքում էլ 7894 անձանց տրամադրվել է 15 661 աջալցող միջոց։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան