Խաչատրյանների ընտանիքում հաճախ լուսաբացը մուրճի թակոցներով է բացվում։ Հայր ու որդի ամեն օր երկաթը երկաթի վրա դնելով լավաշի վառարաններ են պատրաստում։ Հորն այդ աշխատանքներում 34-ամյա Հովնանն է օգնում, այլ աշխատանք կամ զբաղմունք չունի՝ հանգամանքների բերումով։
Արթիկում բնակվող Հովնանը փոքր տարիքում հաշմանդամություն ձեռք բերեց, սխալ վիրահատության հետևանքով վնասվել էր նյարդը, ու բոլոր վիրահատություններն ապարդյուն էին: Հովնանը հենաշարժողական խնդիրների պատճառով 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերեց: Ինչպես շատերի կյանքում, նրա դեպքում ևս՝ տանից դուրս տարատեսակ զբաղմունքներ չկային, բայց Հովնանը գտել էր իրեն հոգեհարազատ սպորտաձևը՝ ձեռնամարտով էր զբաղվում։ 3 տարի շարունակ զբաղվել է ձեռնամարտով ու հետո ստիպված եղել թողնել այն՝ պատճառը տրանսպորտն էր, ավելի ճիշտ դրա բացակայությունը։
«Ես հաճախում էի ձեռնամարտի և ինձ այդ հարցում Արթիկի քաղաքապետարանն էր օգնում։ Ինձ գումար էին հատկացնում տաքսու համար, որովհետև տրանսպորտից օգտվել հնարավոր չէր։ Կորոնավիրուսի ժամանակվանից այդ գումարներն այլևս չեն հատկացվում ու քանի որ Գյումրիում տրանսպորտ էլ չկա հաշմանդամություն ունեցող անձանց համար, ես ստիպված թողեցի սիրած սպորտաձևը։ Նույն խնդրի պատճառով նաև աշխատանք չեմ փնտրում, անիմաստ է», — ասում է Հովնանը։
Գյումրիում այսօր ներհամայնքային 8 երթուղի է գործում, դրանցից 5-ը սպասարկվում են սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 65 գազել մակնիշի ավտոմեքենաներով, մյուս 3 երթուղիները շահագործվում են «Նյու սիթի» ընկերության կողմից՝ 30-35 մեքենաներով և ընդամենը 4 մեքենա է որ, այսպես ասած հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, այդ հարմարեցումն էլ իրենից երկու երկաթ կտոր է ներկայացնում, որ անհրաժեշտության դեպքում վարորդը տեղադրում է, օգնում սայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձին ու հետ է հավաքում երկաթները։
լուսանկարում միկրոավտոբուս է դրան ամրացված թեքահարթակ
Լուսանկարում թեքահարթակնամրացնելու գործընթացն է
«Քիչ է, շա՛տ քիչ է», — coalition.am-ի հարցին ի պատասխան ասում է Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Գեորգի Ղազարյանը։
«Հիմա սուբվենցիոն ծրագրով հայտ ենք ներկայացրել նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար, որոնք հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, բայց Գյումրիում շատ քիչ են հաշմանդամություն ունեցող անձինք, որ օգտվում են տրանսպորտից», — ասում է Ղազարյանը։
Մեր այն հարցին, թե գուցե պատճառը հարմարեցված տրանսպորտի բացակությու՞նն է, որ չեն օգտվում կամ շատ քիչ են օգտվում, Ղազարյանը համաձայնեց, նշելով, որ վերջին անգամ գազել մեքենաներ ձեռք են բերվել նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրոք, բայց թե ինչու՞ հաշմանդամություն ունեցող անձանց հարցը հաշվի չի առնվել, դժվար է ասել։
Չկան, դժգոհություններ ու բողոքներ, չկա նաև խնդիր։ Գեորգի Ղազարյանը վստահեցրեց, որ իրենք հաշմանդամություն ունեցող անձանցից դժգոհություններ ու բողոքներ չեն ստացել՝ տրանսպորտի հարմարեցվածության համար, իսկ, օրինակ, միջանկյալ լուծում գտնելու մասին՝ ասենք այդ հարմարեցված 4 տրանսպորտային միջոցը ֆիքսված ժամային գրաֆիկով երթուղի դուրս բերելու հարցը չեն էլ քննարկել։
«Մեզ դիմողներ չեն եղել, եթե դիմեն անպայման մենք կքննարկենք նաև այդ և այլ տարբերակներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերը լուծելու համար», — եզրափակեց Ղազարյանը։
Մենք զրուցեցինք Գյումրիում գտնվող, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող մի քանի հասարակական կազմակերպությունների հետ։ Նրանք ասացին, որ կամ չեն դիմել կամ էլ դիմել են, բայց ոչ պաշտոնապես։
«Կարիտաս Արեգակ» ՀԿ-ն, օրինակ, հանդիպում է ունեցել քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, տրանսպորտի՝ ֆիքսված ժամերով աշխատելու առաջարկ ներկայացրել։ Խոստացել են մտածել այդ ուղղությամբ, քննարկել։ Նույնիսկ պետք է լրացուցիչ հանդիպում լիներ՝ քարտեզագրելու համար, սակայն, այդպես էլ գործն առաջ չի գնացել։
Ոչ պաշտոնապես, բայց Հայկական Կարիտասի «Իմ իրավունքը» ծրագրի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ անդրադարձ է եղել նաև տրանսպորտի խնդրին, ասում է «Իմ իրավունքը» ծրագրի անիմատոր, «Հեշտ կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Ավդալյանը։ Նրա խոսքով քննարկել են, թե քանի՞ հարմարեցված տրանսպորտային միջոց պետք է լինի, ի՞նչ երթուղի ընդգրկի, ո՞ր ճանապարհով գնա, ի՞նչ ժամանակահատվածով շարժվեն և այլն։ Իրենց ևս տրվել է պատասխան, որ այդ ուղղությամբ աշխատանքներ կտարվեն։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Գյումրու ներհամայնքային տրանսպորտային ցանցի հետ կապ չունի, որևէ լիազորություն չունի միջամտելու, ասում են նախարարությունից, քանի դեռ չի գործում միասնական երթուղային համակարգը։
Միասնական երթուղային համակարգն առայժմ ամբողջությամբ ներդրվել և գործում է Կոտայքի մարզում։ Հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերությունը սպասարկում է մարզի բոլոր համայնքները։ Առաջիկայում այն կսկսի գործել նաև Արարատի և Արմավիրի մարզում։ Հաղթող ընկերությունները արդեն կան, շուտով նաև ավտոբուսները կներկրվեն։ Ինչ վերաբերվում է Շիրակի մարզին, ապա երկու անգամ մրցույթ է հայտարարվել, բայց մասնակից չի գտնվել։ Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ, տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ Ընդ որում, այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի պահանջով միջհամայնքային տրանսպորտը 100 տոկոսով պետք է հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ մինչ հունվարի 1-ը պետք է հարմարեցված լիներ ընդամենը 10 տոկոսը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան