1994 թվականին Ֆրանսիայում ձևավովեց Les Ogres de Barback բենդը՝ Ֆրանսիայում ծնված հայկական արմատներով ընտանիքի քույրերի ու եղբայրների կողմից: Բենդից հետո,արդեն 2003 թվականին Ֆրեդը, Սեմը և երկվորյակներ՝ Ալիս և Մաթիլդա Բուրգերները ծնունդ տվեցին Pitt Ocha (Փիթ Օչա) երաժշտական նախագծին:
Pitt Ocha-ն երևակայական երեխայի անուն է, որը մշտապես երաժշտության միջոցով ներկա է բենդի ստեղծագործություններում և բոլոր այն կատարումներում, որոնք գրվում են երեխաների համար: Նախագծի նպատակն է շատերի համար այս համր աշխարհը վերածել ձայների, ելևէջների, հնչյունների աշխարհի և նպաստել մշակույթի զարգացմանն ու տարածմանը Ֆրանսիայում ու երկրի սահմաններից դուրս:
Pitt Ocha արդեն Գյումրիում է: Երաժշտաթերապիան Գյումրիում վստահվել է երաժիշտ Սոնա Զարաֆյանին:
«Ես առաջարկ եմ ստացել ֆրանսահայ իմ ծանոթից: Դանիել Արաբիան իր ընկերների հետ ժամանել էր Հայաստան և ուզում էին երաժշտաթերապիա իրականացվի: Շնորհիվ այս բարեգործական հիմնադրամի «Փյունիկ»-ի երեխաները ևս հնարավորութուն ունեցան առնչվել հնչյունների ու ձայների ներդաշնակ աշխարհին, որն իրենց կյանքն ավելի գեղեցիկ ու իմաստավորված կդարձնի»,-ասում է Սոնան:
Ի սկզբանե որոշված է եղել, որ Սոնան երեխաներին ծանոթացնելու է երաժշտության հետ, նվագելու, երգելու է, որպեսզի նրանք լսեն, ընկալեն, նաև լիցքաթափվեն, ուրախանան: Նախնական այս մտածումը, սակայն, առավել ընդգրկուն աշխատանքի է վերածվել:
«Ստացվեց այնպես, որ շատ ակտիվ երեխաների հանդիպեցի, որոնց մեջ կա այդ սերը առ երաժշտություն, և իրենք ուզում են մասնակցել, երգել: Անչափ ուրախացա ու շատ ոգևորվեցի հենց երեխաների կողմից նախաձեռնված այս հնարավորությունից, այն, որ իրենք էլ ուզեցին երգել, մասնակից որպես ներկայանալ, ոչ որպես ունկնդիր, ինձ հավելյալ լիցք տվեց: Եվ մենք հիմա կարողանում ենք մեր միջոցառումներին ելույթ ունենալ»,- ձեռք բերված հաջողությունները հպարտությամբ ներկայացնում է Զարաֆյանը:
Հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքի փորձ չի ունեցել երաժիշտը, առաջարկը ստանալիս, սակայն, չի վարանել, վստահ ընդունել է, որովհետև կարծում է, որ հենց երաժշտությունն է ցանկացած լավ գործի հիմնաքարն ու հաջողության բանալին:
«Միշտ մտածել եմ, որ դժվար է աշխատել, բայց հիմա հասկացա, որ այս երեխաների հետ ավելի հեշտ է և իրենք չունեն որևէ խնդիր: Այդ վախերը զուտ արտաքին պատկերացումներ են: Այո, իրենք չունեն որևէ խնդիր, եթե տարբերվում էլ են, ապա նրանով, որ ավելի զգացմունքային են, ավելի շուտ կարող են տեսնել գեղեցիկը, ընկալել այն»:
Մհերը, Կատրինն ու Մաշան վստահեցնում են՝ հաճույքով են մասնակցում երաժշտաթերապիայի դասերին, անհամբերությամբ սպասում են, թե երբ են գալու այդ օրերը, որ կարողանան կիթառի հնչյունները լսել, երգել:
Շաբաթական երկու օր 2 ժամով երաժշտաթերապիայի սենյակում բուռն տրամադրություններ, երբեմն էլ մասնագիտական բախումներ են լինում: Երգացանկը հարուստ է, այն ոչ միայն մասնագիտությամբ երաժիշտ ընկեր Սոնան է կազմում, այլև միասին են գլուխ բերում այդ կարևոր գործը: Երեխաներն առաջարկում են երգեր, քննարկում, հետո սովորում, սկսում են երգել:
«Պոլիգլոտ խումբ ենք»,-կատակում է Սոնան ու շարունակում. «Օրինակ ֆրանսերեն երգ ունեինք, Մհերը մի օրում սովորեց: Ու հիմա, ես եթե բառերը մոռանում եմ, ինքը անգիր գիտի, հիշեցնում է: Հաճելիորեն զարմանում եմ»:
Այս երաժշտաթերապիան երեխաների համար ինչ-որ բանի սկիզբ է, որովհետև արվեստը մարդուն ուժ է տալիս և ստիպում է հավատալ:
Երաժշտաթերապիայի ծրագիրը ֆրանսիական հովանավորչություն կստանա մինչև մայիս: Այդպիսին է պայմանավորվածությունը: Բայց եթե այն չշարունակվի, Սոնան մտադիր է իր աշխատանքը չդադարեցնել: Ասում է, անկախ հանգամանքներից, չի թողնի երեխաներին, ճիշտ հակառակը, նաև ուրախ կլինի, որ այլ երեխաներ էլ միանան:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Արմենուհի Մինասյան