Ծնողները բեմի մարդիկ էին, պարում էին և շատ արագ հասկացան, որ որդին ձայնային հրաշալի տվյալներ ունի։ Երազեցին, որ Արտակը ժողովրդական երգիչ կդառնա, որդին, սակայն ընտրեց դասական երգը։
Աշխատանքը կրթությամբ, կրթությունն աշխատանքով զուգակցելով Արտակ Կիրակոսյանը հաստատուն քայլերով մտավ երգարվեստի մեծ աշխարհ։ Իր մասնագիտությամբ տարբեր տեղերում էր աշխատում, «Գոհար» երգչախմբի անդամ էր, նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի առաջին կարգի մեներգիչն էր, ով հանդես է եկել տարբեր Վերդիի, Ռախմանինովի, Պուչինիի և այլ աշխարհահռչակ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունների գլխավոր կերպարներում, Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում Սարոյի դերակատարն էր Արտակը։
Առաջին հանրապետության տոնակատարության 3,5 տոննա կշռող երկաթե վարագույրը․ պարտադրված մեծ դադար
2008 թվականի մայիսը, սակայն եղավ մեծ դադարի սկիզբը։ Մայիսի 28-ին նշվելու էր Սարդարապատի ճակատամարտին 90-ամյա հոբելյանը, որին նվիրված միջոցառման գլխավոր փորձը տեղի ունեցավ 2 օր առաջ՝ մայիսի 26-ին: Արտակն այսօրվա նման հիշում է, քամոտ եղանակ էր Սարդարապատի հուշահամալիրում, փորձի վերջին պահերի քամին առավել սաստկացավ։ Բեմահարթակի վերևում տեղակայված 3,5 տոննայանոց մետաղական կառույցը, որը նախատեսված էր լուսաձայնային տեխնիկայի համար, շուռ եկավ բեմում գտնվողների վրա։ Իսկ բեմում երեխաներ էին, երիտասարդ երաժիշտներ ու արվետսագետներ:
«Այսօր էլ եմ ասում, որ ճիշտ չէր ամրացված։ Ու շուռ եկավ մասնակիցների վրա։ Բեմում երեխաներին շատ մոտ էի կանգնած, Մարինե Ֆարադյանի պարախումբն է։ Փորձեցինք խուսափել, բայց չհասցրեցինք, բնականաբար այդպես էլ է ստացվում։ Ու կոտրվեց ողնաշարս։ Ընկերներս, որոք այդ պահին ներկա էին, ուզում եմ անունները նշեմ անպայման՝ Դավիթ Ամալյան, Մկրտիչ, Մկրտչյան, Արմեն Թովմասյան, Սուրեն Մանուկյան, Լեյլա Սարիբեկյան, Ռաֆայել Երանոսյան և այլք, հենց իրենք որոշիչ դեր են ունեցել իմ այսօրվա, թեկուզ այն, ինչ-որ ունեմ, դա ունենալու հարցում»,- մեր զրույցի ընթացքում ընդգծում է Արտակը։
Շտապօգնության մեքենա չի եղել դեպքի վայրում, մարդատար «Գազել»-ից պոկված նստարաններից մեկի հենակին անշարժացրել, ու այդ «Գազել»ով էլ տեղափոխել են հիվանդանոց՝ վիրահատության։
Առաջին «ծանոթությունը» սայլակի հետ
Ի սկզբանե, «Գոհար» համույթի հիմնադիր, բեյրութահայ գործարարը Հարութ Խաչատրյանի՝ Գերմանիա մեկնելու առաջարկը Արտակը մերժեց, մտածելով, որ պետական մասշտաբով կազմակերպված այդ միջոցառման հետ Խաչատրյանը որևէ կապ չունի, և գուցե պետությունն այդ քայլին գնա։ Պետության աջակցությունը եղավ համերգասրահ տրամադրելու տեսքով ընդամենը, որտեղ բարեգործական համերգով հանդես եկան Արտակի ընկերները։Եվս մեկ համերգ էլ Գյւմրիում կայացավ։ Հավաքվեց 21-22 հազար եվրո, իսկ Գերմանիայում վիրահատության ու բուժման համար անհրաժեշտ էր նախնական 46․000 եվրո ունենալ։ Ֆինանսական խնդիրը Խաչատրյանը լուծեց, Արտակը հասավ Գերմանիա, կրկին վիրահատվեց՝ առաջին ոսկե եռամսյակը բաց թողած։
Վերադարձավ Երևան, ապրեց Խաչատրյանի վարձակալած՝ հատուկ իր համար հարմարեցված բնակարանում, սակայն պարբերաբար Գերմանիա մեկնելու և այնտեղից դեղորայք ստանալու խնդիրներ կային։ Որոշվեց, որ ընտանիքով կմեկնեն Բեռլին՝ լիարժեք բուժման համար։
«Ամեն բան հարամարեցված է սայլակ օգտագործող մարդու համար։ Նաև ապահովագրական ընկերություններն ունեն նման ծառայություն, որ եթե մենակ ես, քեզ տեղափոխում են ուր ցանկանաս։ Բայց, քանի որ Հայդելբերգում ես արդեն ունեցել էի սայլակով տեղաշարժվելու ակտիվ փորձ, ինձ համար խնդիրներր չեղան։ Ես մշտապես փորձել եմ ապրել մյուսների նման, չտարբերվել որևէ մեկից»։
Գերմանիայի հնարավորություներն ու լիարժեքությունը
Գերմանիան բոլորի համար, այդ թվում, հենաշարժական խնդիր ունեցողի համար հարմարավետ երկիր է։ Ամենուր՝ առողջապահակա ոլորտ, տրանսպորտ, կառույցներ, մարդն իրեն զգում է լիրաժեք, ոչ մի բարիերի չի հանդիպում։ Բայց, երբեմն լինում են տարածքներ, որոնք չեն ունենում հարմարություններ։
Հաշմանդամություն ունեցող մարդիկ հանրային տրանսպորտից օգտվում են անվճար, հատուկ նրանց համար կան անվճար կայանատեղիներ։
Որքանո՞վ է Հայաստանը հեռու հաշմանդամություն ունեցող անձի համար հարմար լինելուց
Արտակը հստակ ասել չի կարող, վերջին անգամ 2017-ին է եղել Հայաստանում ու ընդգծում է․ առողջապահական ապահովագրության համակարգը չի աշխատում այնպես, ինչպես Գերմանիայում, շենքերը չունեն նորմալ վերելակներ, եղածները փոքր են շատ, իսկ եթե կան վերելակներ, ապա չկան մինչ վերլակ հասնելու համար պահանջվող թեքահարթակներ, մետրոն հարմարեցված չէ։ Այսինքն դեռ շատ անելիք կա այս հարցում։
«Բայց վստահ եմ, որ շատ բան է փոխվել Հայաստանում։ Հատկապես պատերազմից հետո։ Կարծում եմ, հասարակության վերաբերմունքն էլ փոխված է։ Գերմանիայում տարբերությունն այն է, որ անվասայլակ կամ հենակներ օգտագործող մարդը կարողանում է այնքան ինքնուրույն լինել, որ արդեն աչքի համար էլ տեսանելի էլ չէ խնդիրը»,-ասում է Արտակը։
Բայց այնպես էլ չէ, որ ամեն բան անսահմանորեն հնարավոր է Եվրոպայում։ Շատ է փորձել, սակայն որևէ օպերային թատրոնում չի կարողացել աշխատանքի անցնել։ Ասում է, չկան այնպիսի սցենարիստներ, որոնք կարողանան իրենց աշխատանքներում անվասայլակով արտիստի ընդգրկել։
Որքանո՞վ է ներգրավված հայաստանյան կյանքին։ Երբ իր կարիքը լինում է ուժերի և հնարավոորթյունների ներածին չափով անում է առավելագույնը։ Ամեն ինչից զատ, արդեն 2 անգամ բժշկական ծանրոց է ուղարկել «Զինվորի տուն»։
Օրինաչափություն, չափի զգացում, ազնվություն, անկեղծություն, խստապահանջություն կյանքում և արվեստում
Թվարկվածներն Արտակն առաձնացնում է որպես կյանքի իր անխախտ սկզբունքներ։ Ասում է՝ շեղվել չկա։ Քայլ-քայլ մոտենում ենք զրույցի ավարտին։ Հասնում երազանքի բացահայտմանը։
«Ոտքի կանգնել և «Լա սկալա»-յում երգելն է։ Այս պահին իմ ամենամեծ նպատակն ու երազանքն է սա։ Իսկ ցանկությունս որդիներիս բարօրությունն ու առողջությունն է, այլ բան չեմ ուզում»։
Ես ինքս ունեմ համբերության, խորհրդի, ուժի կարիք, բայց վստահ եմ, որ եթե մարդը սկզբունքորեն առաջ շարժվի, կհասնի իր ուզածին, չպետք է ընկճվել, Աստված երկրորդ անգամ ապրելու հնարավորություն է տվել, և ուզում եմ, որ Աստված օրհնի և ուժ տա բոլորիս։
Արդյո՞ք կյանքն Արտակին տարավ իր ուզած ճամփով, որքանով տարբեր կամ նույնական եղան ձգտումները
«Ինձ հետ կատարվածն իմ կարիերայի, իմ բարձունքին հասնելու մեծ ճանապարհի կտրուկ անկումն էր, բայց ինձ մեծ դպրոց եղավ կյանքին այլ աչքերով նայելու, այլ արժեքներ գնահատելու համար։
Ես երբեք չեմ մտածել, որ կապրեմ Եվրոպայում, ավելի Գերմանիայում, և որ էլ անհավանական էր՝ Բեռլինում։ Շատ կարոտում եմ իմ հայրենիքը, ծննդավայրը, իմ քաղաքը։
Ցանկացած պարագայում մարդն ամեն ինչի պետք է պատրաստ լինի, լինի զգոն ու անգամ հաջորդ վայրկյանի մասին խորը դատել-մտածելով գործի»։
Առաջիկա ծրագրերում հայաստանյան մեծ համերգն է՝ երկու մասով՝ դասական և ժողովրդական-ազգագրական։ Առաջին նման փորձն Արտակ Կիրակոսյանն ունեցել է 2017-ին։ 3․5 ժամ տևած «Կրկին բեմում» խորագրով համերգի ընթացքում մեկական ստեղծագործություն է կատարել բոլոր այն երաժիշտների երգացանկից, որոնք իր կյանքի դժվար վայրկյաններին եղել են կողքին՝ ի նշան շնորհակալության և երախտագիտության։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Արմենուհի Մինասյան