Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի առաջարկով «Դեմոքրասի Ինթերնեյշնլ» («Democracy International) կազմակերպությունը Հայաստան է հրավիրել մատչելիության իսպանացի երկու փորձագետների, որոնք նախագծեր են առաջարկելու Երևանի մետրոպոլիտենը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու համար։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացնում է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ Սիփան Ասատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ Հայաստան են ժամանել երկու փորձագետ, որոնք 1980-ականներից զբաղվում են մատչելիության հարցերով և Երևանում կիսվելու են իրենց՝ Բարսելոնայի փորձով։
«Օգոստոսի 2-ից նրանք Երևանում են, շրջայց են կատարում մետրոպոլիտենում և պետք է պատրաստեն մատչելիության նախագիծ ու ներկայացնեն կառավարությանը։ Մենք հուշագիր ունենք, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է մասնակցեն նախագծերը կազմելուն և փորձարկումներին»,-ասաց Սիփան Ասատրյանը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2022 թվականի մարտին ընդունել է N 250-Լ որոշում, որի շրջանակներում նախատեսվում է մի քանի տասնյակ կառույցներ մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են, որ 2023 թվականի առաջին եռամսյակում ցանկում ընդգրկված կառույցներում՝ այդ թվում, մետրոպոլիտենում հետազոտման և անձնագրավորման աշխատանքեր են իրականացվում։ Կառավարության որոշման համաձայն՝ օեբյեկտները մատչելի դարձնելու համար նախատեսվող շինարարությունը մեկնարկելու է 2024 թվականին և ավարտվելու է 2026 թվականին։
«Փորձագետները մեզ պատմեցին, որ մետրոն մատչելի դարձնելու ֆինանսապես ոչ ծախսատար կոնցեպտը աշխարհի տարբեր երկրներում հետևյալն է՝ ոչ թե շարժասանդուղքն է հարմարեցվում, այլ մետրոն պետք է ունենա այլ մուտք։ Մետրոյի մատչելի մուտքը սովորական վերելակով է ապահովվում։ Օրինակ Պրահայում սրճարանից է մատչելի վերելակն իջնում և թունելով միանում մետրոյի պլատֆորմին։ Ես չգիտեմ՝ մեր պարագայում այս տարբերակը կընդունվի, թե՝ չէ։
Այդ մուտքից ոչ միայն օգտվում են հաշմանդամություն ունեցող անձիք, այլ նաև, օգտվում են, օրինակ, մանկասայլակով մայրիկները, հեծանիվով և ինքնագլորով քաղաքացիները։ Շատ ենք տեսել, որ մետրոյում մարդիկ չարչարվելով հեծանիվը իջեցնում են։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ երկրորդ մուտք ունենալով մետրոյից օգտվողների հոսքը մինչև 16 տոկոս ավելանում է»,-ասում է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ Սիփան Ասատրյանը։
Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում դժգոհություններ կան, որ իրենք մետրոյից չեն կարողանում օգտվել։ Սիփան Ասատրյանը նշեց, որ նախագծերում ներառվելու են կահավորումներ ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար, այլ նաև հաշմանդամության այլ տեսակներ ունեցող անձանց համար։
«Մենք, երբ խոսում ենք սայլակից օգտվող մարդկանց հետ, կես կատակ, կես լուրջ ասում են, որ չեն պատկերացնում, թե մետրոն իրենից ինչ է ներկայացնում։ Մարդիկ զրկված են մետրոյով երթևեկելու հնարավորությունից և, բնականաբար, դժգոհություններ կան։ Ես լինելով չտեսնող, օգտվում եմ մետրոյից, ամեն անգամ նվաստացած եմ զգում, որովհետև ես պետք է հավելյալ իմ զգայարաններն օգտագործեմ մետրոյից անվտանգ օգտվելու համար, որպեսզի չընկնեմ գծերի վրա, ճիշտ լսեմ դռների բացվելու ձայնը, բայց սա հավասար իրավունքներով օգտվել չէ։
Նաև իրազեկվածության բարձրացման խնդիր կա. մարդիկ մատչելիություն ասելիս պատկերացնում են, որ ենթակառուցվածքներըբ մատչելի պետք է լինեն միայն սայլակից օգտվող մարդկանց համար։ Այնինչ հաշմանդամության տարբեր տեսակներ կան՝ տեսողական, լսողական, մտավոր, հոգեկան առողջության հետ կապված և այլն։ Այդ բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմաններ են անհրաժեշտ»,-ասաց նա։
Հաջորդ հրապարակմամբ կանդրադառնան պետական մյուս օբյեկտների ցանկին, որոնք նախատեսվում են մատչելի դարձնել։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան