Սոֆյա Մկրտչյանը մանկուց է տիրապետում ժեստերի լեզվին։ Բանն այն է, որ մորեղբայրը 6 տարեկանում կորցրել է լսողությունը ու հետզհետե սկսել է հաղորդակցվել նաև ժեստերով, այսինքն՝ մորեղբոր հետ շփվելը իրեն սովորեցրել է լեզու, որին բոլորը չէ, որ տիրապետում են, բայց միևնույն ժամանակ այն խիստ կարևոր է հաշմանդամության նման կարգ ունեցող անձնաց համար։
«Ճիշտ է, քեռիս խոսում, արտահայտվում է, ու մենք հասկանում ենք իրեն, քանի որ մինչև 6 տարեկան ինքը խոսել է, հետո 88-ի երկրաշարժից ունեցած սթրեսին գումարվել է ևս մեկ միջադեպ, ու նա կորցրել է լսողությունը։ Հիմա ժեստերի լեզվով էլ է հաճախ հաղորդակցվում։ Ես տիրապետում եմ այդ լեզվին, բայց պիտի նշեմ, որ ժեստերը ևս ունեն լեզուների տարբերություն՝ սկսած բարբառներից մինչև երկրների լեզուներով։ Ես տիրապետում եմ բարբառային ժեստերի լեզվին, որը ոչ բոլոր չլսող անձանց համար է հասկանալի։ Հիմա սովորում եմ գրականը, պլաններ կան աշխատանքում այն կիրառելու»,-նշում է Սոֆյան։
Շուտով երբ ավարտի գրական ժեստերի լեզվի ուսուցումը, «Ցայգ» ՀԸ-ում աշխատանքի է անցնելու Սոֆյան և զբաղվելու է ժեստերի լեզվի թարգմանությամբ։ Նշենք, որ ըստ ՀՌՀ նոր որոշման՝ հեռուստատեսային եթերում պարտադիր է դառնալու ժեստերի լեզվիթարգմանություն ունենալը։ Այս քայլն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց՝ մասնավորապես լսողության խնդիր ունեցող անձանց համար՝ տեսալսողական մեդիան ավելի հասանելի դարձնելուն։ Սոֆյայի խոսքով՝ միայն վազող տողերով եթերում լրացնել չլսող մարդկանց իրազեկելու գործառույթը բավարար չէ։
«Ես մոտիվացված եմ, որ ունենալու եմ նոր աշխատանք և իմ լուման կունենամ հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմաններ ստեղծելու գործում, քանի որ գիտեմ՝ ինչ է նշանակում խտրական վերաբերմունքի արժանանալը։ Իմ մեծ երազանքներից էր ստեղծել կայք, որտեղ սուրդո թարգմանությամբ կտեղադրվեին ֆիլմեր, մուլտֆիլմեր, երգեր ու անգամ գրքեր, որպեսզի ամեն ինչ առավել հասանելի դառնար չլսող անձանց համար։ Խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում»,— Սոֆյայի խոսքով՝ դրանք բազմաշերտ են։
«Հասարակության վերաբերմունքն ու ընկալումն է պետք փոխել, ինձ համար շատ տհաճ է, երբ լսողության խնդիր ունեցող անձին ասում են լալ. դա իրենց համար կրկնակի վիրավորական է»,-նշում է Սոֆին ու հատուկ ուշադրություն հրավիրում դեպի աշխատաշուկա, որտեղ լսողության խնդիր ունեցող անձին միայն բանվորի աշխատանք են առաջարկում. դա էլ քիչ է, գումարվում են ցածր վարձատրությունն ու մինչև անգամ գումարների ուշացումը. պատմում է Սոֆյան։«Չլսող անձը Հայաստանում կամ աշխատանք չի գտնում կամ գտնում է միայն ֆիզիկական ծանր աշխատանք, որտեղ էլ հանդիպում է խաբեության ու ցածր վարձատրության, պատճառն այն է, որ գործատուն մտածում է թե տվյալ անձը իր իրավունքը պաշտպանել չի կարող»,-ասում է Սոֆյան ու հույս հայտնում, որ պետության վերահսկողությունը այս գործում կավելանա, որպեսզի ստեղծվեն հավասար պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար ևս։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան