Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամակցության կանոնակարգ


Նախաբան

«Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) անդամակցության վրա հիմնված կազմակերպություն է: Կոալիցիայի գործունեությունը հիմնված է բոլոր անդամների կամավորականության և հավասարության վրա:

Սույն կանոնակարգը սահմանում է անդամների ընդունման և անդամության դադարեցման կարգը, անդամների իրավունքները և պարտականությունները, անդամավճարների կանոնակարգումը:

  1. Սահմանումներ

1.1. Սույն ընթացակարգում կիրառվում են հետևյալ սահմանումները՝

  1. Հաշմանդամություն ունեցող անձ — անձ, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության հետևանքով ունի մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում և նույնականում է որպես հաշմանդամություն ունեցող.
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպություն — կազմակերպություն, որի
  1. կանոնադրությամբ սահմանված նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի և իրավունքների պաշտպանությունը, հավասար հնարավորությունների ապահովման աջակցությունը,
  2. Կազմակերպության ղեկավար կազմի (ներառյալ խորհուրդը, ընդհանուր ժողովը, գործադիր մարմինը) և անդամների առնվազն 51%-ը հաշմանդամություն ունեցող անձինք են։

Հաշմանդամություն ունեցող երեխաների, մտավոր, հոգեկան առողջության ինչպես նաև տեսողության և լսողության զուգակցված խնդիրներ (deafblindness) ունեցող անձանց ներկայացնող կազմակերպությունները, որոնք ղեկավարվում են հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքի անդամների կողմից, կարող են դիտարկվել որպես հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններ։

  1. Անդամակցության սկզբունքները

2.1. Կոալիցիան բաց է բոլոր այն քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց (կազմակերպությունների) անդամակցության համար, որոնք ցանկանում են մասնակցել Կոալիցիայի գործունեությանը։

2.2. Կոալիցիայի անդամ կարող են լինել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք ճանաչում և ընդունում են Կոալիցիայի առաքելությունը և նպատակները և ցանկանում են նպաստել դրանց իրականացմանը, ինչպես նաև պատրաստ են աջակցել Կոալիցիայի աշխատանքներին և նպաստել Կոալիցիայի դրական հեղինակության ձևավորմանը։

Կոալիցիայի անդամ կարող են լինել՝

  • ՀՀ օրենսդրությամբ ստեղծված իրավաբանական անձինք՝ հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, որոնք՝
    • ներկայացնում են հաշմանդամություն ունեցող անձանց,
    • ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող անձանց, կամ
    • խթանում, պաշտպանում կամ մշտադիտարկում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները.
  • հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ոչ ֆորմալ նախաձեռնությունները.
  • հաշմանդամություն ունեցող անձինք.
  • հաշմանդամություն չունեցող անձինք, որոնց գործունեությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է Կոալիցիայի նպատակների հետ։

2.3. Հաշմանդամություն ունեցող անձանց չներկայացնող կազմակերպությունների, նախաձեռնությունների և հաշմանդամություն չունեցող անհատ անդամների թիվը չպետք է գերազանցի անդամների ընդհանուր թվի 49%-ը։

2.4. Կոալիցիային անդամակցել ցանկացող անձը մինչ անդամակցության համար դիմելը պետք է ծանոթանա կոալիցիայի գործունեությանը և սույն կանոնակարգին:

2.5. Կոալիցիայի հիմնադիրներն ու մյուս անդամներն ունեն հավասար կարգավիճակ։

  1. Կոալիցիային անդամակցելու կարգը

3.1. Կոալիցիայի անդամ դառնալու հիմք է ծառայում Կոալիցիայի համակարգողին հասցեագրված գրավոր դիմումը (հայտը), որը համապատասխանության նախնական դիտարկումից հետո ներկայացվում է Կոալիցիայի Ընդհանուր ժողովին: Գրավոր դիմումին կից պետք է ներկայացվի՝

  1. Իրավաբանական անձանց դեպքում՝ կոալիցիայի երկու անդամի կողմից երաշխավորություն, կանոնադրությունը, վերջին երկու տարիների գործունեության նկարագիրը, Կոալիցիայի կանոնադրությանը և սկզբունքներին համաձայնության մասին փաստաթուղթ.
  2. Ֆիզիկական անձանց դեպքում՝ դիմորդի ինքնակենսագրականը, վերջին հինգ տարիների գործունեության նկարագիրը, Կոալիցիայի կանոնադրությանը և սկզբունքներին համաձայնության մասին փաստաթուղթ:

3.2. Կոալիցիային անդամակցելու դիմումը հաստատելու կամ մերժելու մասին որոշումը կայացվում է Կոալիցիայի ընդհանուր ժողովի կողմից:

3.3. Անդամակցելու դիմումը քննարկվում է Ընդհանուր ժողովի առաջիկա նիստում (ոչ ուշ քան վեցամսվաընթացքում), որտեղ որոշում է կայացվում դիմումն ընդունելու կամ մերժելու մասին։ Այդ որոշումը կայացվում է Ընդհանուր ժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։

3.4. Դիմորդը համարվում է Կոալիցիայի անդամ այն պահից, երբ Ընդհանուր ժողովը կայացնում է Կոալիցիայի անդամ ընդունելու վերաբերյալ որոշումը:

3.5. Անդամագրման կամ մերժման մասին դիմորդը տեղեկացվում է հեռախոսազանգով կամ էլեկտրոնային փոստով՝ մեկ շաբաթվա ընթացքում:

3.6. Կոալիցիայի անդամակցության մերժումը բողոքարկման ենթակա չէ:

3.7. Նոր ընդունված անդամը Կոալիցիայից ստանում է անդամակցության քարտ և փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է կոալիցիայի կանոնադրությունը, կոալիցիայի գործունեության մասին հակիրճ տեղեկատվություն, անդամակցության ընթացակարգերը (ներառյալ վարքագծի կանոնները), Կոալիցիայի անդամների ու համակարգողի կոնտակտային տվյալները:

3.8. Նոր ընդունված անդամը պետք է ստորագրի վարքագծի կանոնները նկարագրող փաստաթուղթը, որի մեկ օրինակը տրամադրվում է անդամին, իսկ մյուսը՝ փաստաթղթավորվում Կոալիցիայի անդամակցության վերաբերյալ թղթապանակում:

3.9. Կոալիցիայի նոր անդամի վերաբերյալ տեղեկությունները մուտքագրվում են անդամների ցուցակում կամ տվյալների բազայում՝ ներառյալ նոր անդամի անուն-ազգանունը, կոնտակտային տվյալները, այլ տվյալներ՝ ըստ Կոալիցիայի ընթացակարգերի։

3.10. Կոալիցիայի ընդհանուր ժողովն անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում և դիմորդի համաձայնությամբ կամ պահանջով, կարող է սահմանել դիմորդի՝ անդամության համար դիտարկման ժամանակ, որը չի կարող գերազանցել մեկ տարին։ Այդ ընթացքում դիմորդը կոալիցիայի աշխատանքներին մասնակցում է դիտորդի կարգավիճակով՝ առանց ձայնի իրավունքի։

  1. Անդամների իրավունքներն ու պարտականությունները

4.1. Կոալիցիայի անդամներն իրավունք ունեն՝

  1. Մասնակցել Կոալիցիայի ընդհանուր ժողովին,
  2. Կոալիցիայի կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտրել և ընտրվել Կոալիցիայի կառավարման կամ վերահսկողություն իրականացնող մարմիններում,
  3. Ծանոթանալ Կոալիցիայի մարմինների աշխատանքի մասին փաստաթղթերին, արձանագրություններին, ստանալ ընդունված որոշումների պատճենները,
  4. Կոալիցիայի մարմինների որոշումները բողոքարկել Կոալիցիայի վերադաս մարմիններ կամ դատական կարգով,
  5. Մասնակցել Կոալիցիայի առաքելության և ռազմավարական փաստաթղթերի մշակմանը,
  6. Մասնակցել Կոալիցիայի կողմից իրականացվող տարբեր ծրագրերին՝ ըստ իր մասնագիտացման և կարողությունների,
  7. Առաջարկներ ներկայացնել Կոալիցիայի և նրա մարմինների գործունեության վերաբերյալ,
  8. Տեղեկություններ ստանալ Կոալիցիայի գործունեության մասին և ծանոթանալ գույքի կառավարման վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններին ու անկախ աուդիտորական եզրակացություններին, ներքին ընթացակարգերով սահմանված այլ հաշվետվությունների ու փաստաթղթերի։ Պահանջվող տեղեկությունը տրամադրվում է մեկ ամսվա ընթացքում՝ գրավոր դիմումի հիման վրա։
  9. Օգտագործել Կոալիցիայի տիրապետության տակ գտնվող տեղեկատվական և նյութատեխնիկական միջոցները՝ համաձայն Կոալիցիայի կանոնադրության.
  10. Ստանալ ընթացիկ տեղեկություններ Հայաստանում և ամբողջ աշխարհում ոլորտի իրադարձությունների մասին.
  11. Կոալիցիայի կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով օգտվել նրա ծառայություններից, այդ թվում՝ ստանալ դրամաշնորհներ։

4.2. Կոալիցիայի անդամը պարտավոր է՝

  1. Հոգ տանել Կոալիցիայի հեղինակության և արժեքների մասին,
  2. Հետևել օրինականության սկզբունքներին և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել Կոալիցիան ու վարկաբեկել նրա կամ նրա անդամների գործունեությունը,
  3. Հետևել Կոալիցիայի կանոնադրության, ներքին կանոնակարգերի և այլ կանոնակարգող փաստաթղթերի, որոշումների պահանջներին,
  4. Նպաստել Կոալիցիայի նպատակների իրագործմանը, աջակցել Կոալիցիային իր աշխատանքներում,
  5. Ազնվորեն իրականացնել որպես Կոալիցիայի անդամ ստանձնած պարտավորությունները և խուսափել շահերի բախումից։

4.3. Կոալիցիայի անդամակցությունը չի կարող այլ կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու խոչընդոտ հանդիսանալ:

4.4. Կոալիցիան պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորություննների համար, իսկ Կոալիցիայի անդամը պատասխանատվություն չի կրում Կոալիցիայի պարտավորությունների համար։

  1. Մուտքի վճար և անդամավճար

5.1. Կոալիցիայի անդամների համար մուտքի վճար և տարեկան անդամավճար չի սահմանվում։

5.2. Անդամներն ազատ են իրենց ֆինանսական հնարավորությունների չափով նվիրատվություն անել Կոալիցիային։

  1. Ընդհանուր ժողովը

6.1. Կոալիցիայի անդամների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է Կոալիցիայի համակարգողի կողմից տարին երկու անգամ: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել ինչպես համակարգողի, այնպես էլ վերահսկիչ հանձնաժողովի կողմից կամ Կոալիցիայի անդամների 1/3-ի պահանջով՝ հիմնավոր պատճառների առկայության դեպքում:

6.2. Կոալիցիայի համակարգողը ծանուցում է անդամներին ժողովի օրակարգի, վայրի, օրվա և ժամի վերաբերյալ ոչ ուշ, քան ժողովի նախատեսվող ամսաթվից 7 օր առաջ:

6.3. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են.

  1. Կոալիցիայի կանոնադրության ընդունումը, փոփոխությունների և լրացումների կատարումը,
  2. Կոալիցիայի գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը,
  3. Կոալիցիայի համակարգողի, վերստուգիչ մարմնի կամ այլ մարմինների (եթե առկա են) ընտրությունը,
  4. Կոալիցիայի լուծարումն ու վերակազմակերպումը։

6.4. Ընդհանուր ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե ժողովին մասնակցում են անդամների կեսից ավելին։

6.5. Կոալիցիայի անդամները կարող են ընդհանուր ժողովի սկզբում առաջարկներ ներկայացնել ժողովի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ:

  1. Անդամակցության դադարեցումը

7.1. Կոալիցիայի անդամը կարող է հեռացվել Կոալիցիայից Ընդհանուր ժողովի որոշմամբ: Կոալիցիայի անդամի հեռացման հարցը քննարկելու հիմք է ծառայում՝

  1. անդամությունից կամավոր հրաժարվելը,
  2. Կոալիցիային դիտավորյալ պատճառած բարոյական կամ նյութական վնասը,
  3. Կոալիցիայի առաքելությանը կամ արժեքներին հակասող գործողությունները,
  4. Կոալիցիայի հասարակական վարկանիշի կամ հեղինակության դիտավորյալ պախարակումը,
  5. պարբերական (ավելի քան երկու անգամ անընդմեջ) ոչ հարգելի բացակայությունը Ընդհանուր ժողովից,
  6. ՀՀ օրենսդրության, նորմատիվ և իրավական պահանջների, Կոալիցիայի սկզբունքների, կանոնների, չափորոշիչների, ինչպես նաև ներքին փաստաթղթերի պահանջների խախտումը։

7.2. Կոալիցիայի անդամի կամավոր հեռանալու հիմք է ծառայում գրավոր դիմումը, որը քննարկվում է Ընդհանուր ժողովի առաջիկա նիստում:

7.3. Եթե հեռացման պատճառներն առկա են, սակայն կարելի է դրանք վերացնել, Կոալիցիայի համակարգողը ծանուցում է ուղարկում պատճառների վերացման անհրաժեշտության մասին: Ծանուցման մեջ պետք է նշվեն այդ խախտումների վերացման ժամկետները: Եթե ծանուցումն անարձագանք է մնում, կամ Կոալիցիայից հեռացվելու հիմք հանդիսացող խախտումները հնարավոր չէ վերացնել, ապա Ընդհանուր ժողովը քննարկում է հեռացման հարցը:

7.4. Կոալիցիայի անդամակցությունից հեռացվելու մասին որոշումը կայացվում է Ընդհանուր ժողովի ներկա անդամների պարզ մեծամասնությամբ:

7.5. Կոալիցիայի անդամակցությունից հեռացվելու որոշման վերաբերյալ անդամը ծանուցվում է որոշումն ընդունելուց հետո 7 օրվա ընթացքում՝ գրավոր ձևով:

7.6. Կոալիցիայի անդամությունից դուրս գալուց հետո նախկին անդամները չեն կարող ետ ստանալ Կոալիցիայի տնօրինությանը հանձնած իրենց գույքը, նվիրատվությունները։

  1. Վեճերի լուծում

8.1. Վեճերը Կոալիցիայի անդամների, ինչպես նաև Կոալիցիայի անդամների և շահառուների միջև լուծվում են Խորհրդի կողմից՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով գործադիր մարմնի ներկայացուցիչներին:

8.2. Կոալիցիան պետք է տեղեկացնի քննարկումների արդյունքների մասին 7 օրվա ընթացում:

8.3. Կոալիցիան և նրա անդամների միջև վեճերը կարող են լուծվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոններով ու կարգով: