«Հայաստանի անվասայլակով բասկետբոլի հավաքականը ամռանը կմասնակցի Եվրոպայի C Դիվիզիոնի առաջնությանը։ Հայտն արդեն ուղարկված է, ներկայացվել է նաև հայտ՝ այդ առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար», — այս մասին coalition.am-ին ասաց Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի տնօրեն, մարզիչ Հարություն Եսայանը։
Անվասայլակով բասկետբոլը Հայաստանում դեռ 90-ականներից է սկսել իր գոյությունը, ձևավորվել են թիմեր, մասնակցել տարբեր միջոցառումների, առաջնությունների, ինչ-որ պահի դադարներով, բայց թիմեր եղել են, իսկ 2019թ-ին ձևավորվել է Ֆեդերացիան, ստեղծվել են կանոնավոր թիմեր, ձևավորվել է մանկապատանեկան թիմը։ Սրանք այն հիմնական ու ամենամեծ ձեռքբերումներն են, որ առանձնացնում է Հարություն Եսայանը։ Մի շարք դժվարություններ հաղթահարելով հասել են նրան, որ այսօր անցկացվում են Հայաստանի ներքին առաջնություններ, գավաթի խաղեր, միջազգային մրցաշարեր, իսկ Հայաստանի թիմերը մասանկցում են միջազգային մրցաշարերի։
2 տարի առաջ թիմ ձևավորվեց նաև Գյումրիում ու Վանաձորում։, բայց այսօր հիմնական կորիզը Երևանում է, ունենք 2 թիմ՝ Վիլֆոքսիզն ու ԲԿՄԱ-ն։ Վիլֆոքսիզը հիմա մարզումներ չի անցկացնում, մարզադահլիճ չկա, ԲԿՄԱ-ն ժամանակ առ ժամանակ կարողանում է պարապմունքներ անցկացնել՝ էլի դահլիճի խնդրով պայմանավորված։ Խնդիրները բազմազան են՝ առաջնային է դահլիճների բացակայության հարցը։ Հայաստանում գրեթե չկան հարմարեցված դահլիճներ։ Մարզումները Միկա մարզադահլիճում էինք ացկացնում, բայց հիմա պետգույքի տիրապետության տակ է և չենք կարողանում մարզվել», — ասում է մարզիչն ու մի քանի այլ կարևոր խնդիրներ ևս մատնանշում։
Լուծված չէ նաև մարզիկների տեղափոխման հարցը։ Հարմարեցված տրանսպորտ չկա, գալիս ենով ինչպես կարող է, չկան մարզիչներ, գույք էս ամեն ինչը ապահովելու համար։ Ու չնայած այս ամենին, սպորտաձևը Հայաստանում զարգանում է, — շնորհիվ տղաների էնտուզիազմի, — ասում է Հարություն Եսայանը։
«Ոչ մեկս չենք ընկճվում ու վհատվում, տղաները իրենց թոշակի կամ աշխատավարձի հաշվին գալիս են, մարզիչները անվարձահատույց պարապմուքններ են անցկացնում, որովհետև մտածում ենք, որ կարևոր գործ է։ Տարբեր գործընկերների աջակցությամբ միջոցառումներ ենք անում, օրինակ, 3-ը 3-ի դիմաց բացօթյա միջոցառում ենք իրականացնում Թումոյի դաշտում, որին նաև օտարերկրյա թիմեր են մասնակցում Քուվեյթից, Թայլանդից, Բելառուսից, Վրաստանից և սա տղաներին ոգևորում է։ Մեր տղաների թիմն էլ վերջին 2-3 տարիների ընթացքում եղել են Վրաստանում, Հունաստանում, Ֆրանսիայում․ էս ամեն ինչն է իրենց ստիմուլ տալիս, որ չնայեն խոչընդոտներին ու խնդիրներին, այլ միշտ տոնուսի մեջ լինեն ու պայքարեն։ Պատկերացնու՞մ եք, եթե խդիրները չլինեին ի՞նչ մեծ հաջողություններ ու նվաճումներ կունենայինք», — ասում է մարզիչը, նշելով, որ պետական աջակցություն կա՝ մրցաշարերի ու միջոցառումների ժամանակ ֆինանսական աջակցություն լինում է, բայց հիմնական ու գլոբալ խնդիրները մնում են չլուծված, իսկ սպորտաձևը հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել քան կարևոր է, քանի որ հաշմանդամություն ունեցողները շատ են և սպորտային ակտիվությամբ իրենց առողջությունը բարելավելու հնարվորություն ու ինքնավստահություն է տրվում։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
32-ամյա Հովհաննես Խզմալյանն, օրինակ, արդեն 10 տարի է բասկետբոլ է խաղում։ Ասում է առաջին անգամ ծանոթացավ ու փորձեց մարզաձևը 2011թ-ին դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերելուց հետո։ Երբ հարցնում ես դժվարությունների մասին, շրջանցում է հարցը, որովհետև ասում է, մարզաձևից ստացածն ավելի շատ է, դժվարությունները դրանց դիմաց ոչինչ են։
«Սկզբում ընկերներիս պարտադրանքով փորձեցի խաղալ հենց առաջին խաղից հետո սկսեցի զբավել բասկետբոլով։ Դժավր էր, քանի որ ընդհանրապես մարզաձևին չէի տիրապետում, նույնիսկ նորմալ սայլակ էլ չէի կարողանում քշել այդ ժամանակ, բայց սերը խաղի հանդեպ արագ հաղթեց բոլոր դժվարություններին։ Խաղի ընթացքում լիովին տեղափոխվում ես ուրիշ աշխարհ և ընդհանրապես, սպորտը հաշմանդամություն ունեցող անձանց համար ներգրավման ամենալավ միջոցն է», — ասում է Հովհաննեսը։ Ու նրա նման նույն ոգևորությունն ու սերը խաղի հանդեպ բոլորն են տածում։ Խաղին պատրաստվող մարզիկների աչքերում երևացող ոգևորությունն ու կրակը միանգամից բացառում են հարց տալու անհրաժեշտությունը։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
«Ցանկացած մարզիկ, որ մեկ անգամ նստում է մեր սայլակին խաղալու՝ սիրահարվում է։ Սայլակները հատուկ պատրաստված են, ավելի արագ ու ճկուն են ու դա խաղացողներին թևեր է տալիս։ Ավելի ակտիվ են կարողանում դառնալ, ինքավստահ լինել առօրյա սայլակներց դուրս։ Ու եթե հասնում ենք նրան, որ գոնե մեկ անգամ փորձեն, սիրահարվում են ու նվիրվում», — ուրախությամբ արձանագրում է թիմի մարզիչը։
Հետաքրքրությունը սպորտաձևի հանդեպ գնալով աճում է և եթե նախկինում դժվարությամբ ու զանգերով էր թիմը հավաքվում, ապա այսօր արդեն 4 հիմնական թիմ է ձևավորվել։ Մեծ է հետաքրքրությունը նաև երիտասարդների շրջանում, իսկ սա արդեն վկայում է սպորտաձևի զարգացման միտումների մասին։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան