15-ամյա այս պատանին Մաթեոսն է, որ իր համարներով ու հնարքներով ժպիտ է պարգևում հանդիսատեսին։ Մարդիկ նայում են, ծափահարում ու հիանում նրա տաղանդով արդեն 7 տարի։ Մաթեոսը լսում է իրեն ուղղված ծափահարությունները միայն շնորհիվ լսողական սարքի։ Նա ծնվել է 4-րդ աստիճանի ծանրալսությամբ, ունի բնածին կատարակտա։ Ծնողները, որ ևս կրկեսի դերասաններ են, որդու մեջ սերը դեպի բեմ նկատել են փոքր հասակում, բայց նրան չծանրաբեռնելու համար միայն 8 տարեկանից են թույլ տվել բեմ դուրս գալ։
Մայրը հիշում է, երբ իրենք հյուրախաղերով Ռուսաստանում էին, Մաթեոսը ամեն ներկայացման ժամանակ, կուլիսներում կանգնած, համոզում էր իրեն էլ բեմ թողնել ու մի գեղեցիկ օր, համպատրաստից թզուկի շորեր են հագցնում տղային ու ծաղրածուի հետ բեմ թողնում։ Հաջողված համարից հետո Մաթեոսն ու բեմը դարձան անբաժանելի։
«Տղաս բեմը շատ լավ է ընկալում, իր մոտ նաև ծաղրածույական համարներն են լավ ստացվում։ Բեմում իրեն լավ է զգում, կոմպլեքսներ բացարձակ չունի ու եթե բեմում հանկարծ ինչ-որ բան լավ չի ստացվում, այնքան հմտորեն է տակից դուրս գալիս, որ ոչ մեկը չի էլ կռահում։ Մեծ սիրով է պատրաստվում ու ելույթ ունենում։ Ակրոբատիկան խոսքի հմտություն չի պահանջում և այս մասնագիտությունը իր համար լավագույնն է», — ասում է մայրը՝ Կարինե Զաքարյանը։
Լուսանկարում պատկերված են 2 ծաղրածուներ
Իհարկե, ամեն ինչ հարթ չի եղել, եղել են նաև դժվար համարներ, հիսաթափություններ, չստացված ելույթներ ու ծանրաբեռնված աշխատանք, բայց որևէ խնդիր հիմք չի դարձել՝ թողնելու մասին մտածելու համար։
Մայրը պատմում է, որ նա շատ արագ է ընկալում հանձնարարությունը, մեկ անգամ ցույց տալուց հետո արագ ընկալում է, հաճախ ինքնուրույն է հնարքներ մտածում ու անում։ Մայրը հիշում է, թե ինչպես է Մաթեոսը մեկ օր չստացված համարից հետո դուրս եկել բեմից ու լաց եղել, բայց դա էլ չի հիասթափեցրել ու կանգնեցրել տղային։
«Միշտ ձգտում է առաջ, նա իր համառության ու նվիրվածության շնորհիվ է, որ կարողանում է գրավել հանդիսատեսի սիրտը», ասում է մայրը։
Մաթեոսը հոր հետ իրականացնում է «Կուբ» կոչվող հնարքը, որտեղ երկաչափական պատկերները պտտելով տարբեր պատկերներ են ստանում։ Համարներ ունի նաև քույրիկի հետ։
Բնավորությամբ Մաթեոսը ուրախ տղա է, շփվող ու բոլորին օգնության ձեռք մեկնող։ Շատ ընկերներ ունի ու չնայած կյանքի մատուցած դժվարություններին՝ կարողանում է դրանց հակադրել իր կամքի ուժն ու ծափահարությունների ներքո ժպտալ կյանքին։
Մաթեոսը բեմից բացի, շատ սիրում է նաև նկարել ու մեքենա վարել։ Առաջիկաում ծրագրում է իր աշխատած գումարով մեքենա գնել, — Ու կանի՛, — վստահ է մայրը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան