«Եթե կար ժամանակ, երբ մարդկանց հայացքները ինձ հուսահատեցնում էին, հիմա այդպես չէ. փոխվել է մոտուցումը, բայց ամեն ինչ սկսվեց ինձանից, երբ ես հասարակությանը սկսեցի նայել հավասարը հավասարի աչքերով»,-այսպես սկսվեց զրույցը ծնունդով լոռեցի Մանուելի հետ։ Նա մանկական ուղեղային կաթված ունի։ Կարծրացած կարծիքները, որոնք, թվում է, թե պետք է անհանգստացնեին կամ հուսահատեցնեին, արդեն անցյալում են. նշում է Մանուելը, որն արդեն մոտ 9 տարի է, ինչ զբաղվում է լրագրությամբ ու վստահեցնում՝ հաշմանդամությունը դատավճիռ չէ, իսկ ցանկացած փորձություն հաղթահարելի է, եթե ինքդ չես հանձնվում։
«Բարդ փուլեր եմ հաղթահարել, բայց, ամենակարևորը, ես ունեի ընտանիքիս աջակցությունը, իսկ դա հաշմանդամություն ունեցող անձի համար ամենակարևոր բաներից մեկն է, եթե ունես ընտանիքիդ աջակցությունը, ուրեմն, այն օգնության մեկնվող ձեռք է, երբ ամեն անգամ մոտ ես անդունդին, և վստահություն ու հենարան, որը պետք է ցանկացած անձի՝ մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձին։ Պետք է նշեմ, որ դպրոցում ևս մթնոլորտը ներառական էր. թե՛ ուսուցիչներիս, թե՛ դասընկերներիս կողմից ես լավ վերաբերմունք եմ ստացել, միակ խնդիրը ճանապարհն էր դեպի դպրոց, իսկ առարկաներից՝ մաթեմատիկան (կատակում է Մանուելը), նույնը նաև կարող եմ ասել քոլեջի մասին, որտեղ ես սովորել եմ»։
Մանուելը վիրահատություններ է տարել, որոնք, ինչպես ինքն է նշում, օգնել են նաև կյանքի որակը բարելավել։
«Վիրահատությունը բարդ էր, մանավանդ վերջինը, բայց օգուտը նկատելի է, հիմա ավելի վստահ ու ուղիղ եմ քայլում, մկանային երկարություն ու կարճություն կար. քայլելուց նախկինում դիմացինի մոտ կարող էր տպավորություն ստեղծվել, թե ոտքերս երկար ու կարճ էին, բայց դա մկանային էր։ Հիմա սկսել եմ ավելի ուղիղ քայլել»,- նշում է Մանուելը։
Վիրահատություններից մեկից հետո բուժման կուրսում անհրաժեշտություն է եղել սայլակով տեղաշարժվել, այդ ժամանակ Ֆրանսիայից եկած մասնագետները, Երևանում տեսնելով Մանուելին, որոշում են սայլակը փոփոխությունների ենթարկել, որպեսզի հարմարեցնեն իրեն, քանի որ չի կարող քայլել. հենց սա էլ մոտիվացիա է դառնում իր համար. նշում է Մանուելը։
«Մասնագետների հետ հանդիպումից ու այդ խոսակցությունից ընդամենը մեկ օր հետո ես սկսեցի հենակով քայլել, հիշում եմ՝ վիրահատությունից հետո առաջին անգամն էր, և դա իսկապես մոտիվացիա էր ինձ համար, ավելի արագ ես սկսեցի ոտքի կանգնել ու քայլել: Չհանձնվել , միշտ առաջ նայել ու չվախենալ դժվարություններից , եթե քեզ ինչ-որ փորձություն է բաժին հասնում, ուրեմն, դու այն հաղթահարել միանշանակ կարող ես»,- վստահեցնում է Մանուելը։
2016 թվականի տվյալներով հաշմանդամություն ունեն Հայաստանի Հանրապետության բնակչության մոտ 7%-ը կամ 200․000 քաղաքացի, հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորություններ և ավելի ներառական մթնոլորտ ստեղծելն ու ձևավորված կարծրատիպերը կոտրելը կախված է ինչպես մնացյալ 93%-ից, այնպես էլ հենց իրենցից՝ հաշմանդամություն ունեցող անձանցից։ Չհանձնվելով, չդժգոհելով և սեփական իրավունքների համար պայքարելով՝ կարելի է ինտեգրվել ակտիվ կյանք ու ընտրել նաև մասնագիտությունը. դա վկայում է նաև Մանուելի պատմությունը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական Միության տեսակետները:
Հրաչ Սահակյան