Գոհ ժպիտը քնաթաթախ դեմքին դաջված, առավոտները մի քիչ դժվարությամբ, մի քիչ դանդաղ, բայց ինքնուրույն փորձում է շորերը հագնել, պատրաստվել ու մոր ուղեկցությամբ դասի է շտապում 7-ամյա Ռոբերտ Ղազարյանը։ Մանկական ուղեղային կաթված ունեցող Ռոբերտի դեպքում սա մեծ ձեբերում է, ավելի ճիշտ դրանցից մեկը։
4 ամիս առաջ, Սորս հիմնադրամի կողմից արդեն 7 տարի իրակացվող ծրագրի շրջանակներում, Ռոբերտի հետ սկսեց անհատական օգնականն աշխատել։ Նեղ մասնագիտական աջակցության շնորհիվ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական ձեռքբերումները նկատելի են, գոհ են օգնականից, ասում է Ռոբերտի մայրը՝ Լիլիթ Արոյանը։
«Մինչ այդ Ռոբերտը հաճախում էր կենտրոններ, բայց անհատական օգնականի միջոցով ավելի շատ շփումներ սկսեց ունենալ, դրսում լինել, ձեռքերը ավելի լավ սկսեց աշխատացնել, հիմա փորձում է ինքնուրույն հագնվել դրա շնորհիվ, մի խոսքով ավելի ինքնուրույն դարձավ», — ասում է Ռոբերտի մայրը։
Լիլիթը 2 երեխա ունի։ Անհատական օգնականի շնորհիվ նաև մյուս երեխայի հետ է հիմա կարողանում ժամանակ անցկացնել։ Մտածում է նաև նոր մասնագիտություն ձեռք բերելու մասին։ Լիլիթը վարսահարդարություն է սովորել, բայց աշխատել առայժմ չի հասցրել։ Ժամանակի մեծ մասը Ռոբերտի ն էր հատկացնում, այս տարի էլ Ռոբերտը դպրոց գնաց, տղայի հետ տանը միասին էին դասապատրաստում անում, հիմա Լուսինեն է օգնության հասել։ Ռոբերտը դպրոցել է սիրով գնում, դպրոցում էլ առաջընթացը նկատելի է։ Սիրով սովորում է, հետո տանը Լուսինեի հետ ամրապնդում սովորածն ու նոր գիտելիքներ ձեռք բերում։
«Մեր աշխատանքի շնորհիվ Ռոբերտն արդեն կարողանում է մտքերն արտահայտել, կարճ նախադասություններ կազմել առանց հուզվելու ու լարվելու, կատարել թվաբանական գործողություններ տարբեր իրերի միջոցով, մաթեմաթիկական գործողություններ ենք նաև անում», — ասում է Լուսինեն։
Լուսինեն արդեն 6 տարի է աշխատում է որպես անհատական օգնական։ Մասնագիտությամբ հատուկ հոգեբան է, սիրում է երեխաների հետ աշխատել։ Այս 6 տարիների ընթացքում հաշմանդամություն ունեցող 7 երեխաների հետ է աշխատել, առաջընթաց ամեն մեկն էլ գրանցել է, յուրովի։
«Անհատաան օգնականի ծառայությունը նաև ընտանիքի համար է մեծ աջակցություն, ընտանիքի մյուս անդամները նաև այլ գործերով են կարողանում զբաղվել կամ հանգստանալ, նաև տեսնում են, թե մասնագետն ինչպես է աշխատում երեխայի հետ, ինչի վրա է կենտրնոնաում, ոնց է այս կամ այն հմտությունը զարգացնում, որովհետև հաճախ ծնողը չի նկատում տարված աշխատանքն ու գրանցած առաջընթացը», — ասում է Լուսինեն։
Աշխատանքը Լուսինեն սիրով է անում, բայց այն նաև իր դժվարություններն ունի։ Օրինակ, ընտանիքի անդամների հետ դժվար է լինում լեզու գտնել կամ միանգամից սպասում են մեծ արդյունքների, պահանջում ավելին, քան հնարավոր է, երեխան է հոգնում և այլն։ Բայց երբ աշխատանքը սիրով ես անում, գիտակցաբար կարողանում ես հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ռոբերտի ընտանիքի հետ ջերմ հարաբերություններ են, ընտանիքի անդամները փորձում են օգնել ինչով կարող են, ասում է օգնականը։
«Ռոբերտի հետ, ըստ ծրագրի, աշխատում ենք շաբաթական 3 օր, յուրաքանչյուր օր 5 ժամով։ Ծրագիրը 4 ամսով է իրականացվում», — մանրամասնում է Լուսինեն։
Ռոբերտը Լուսինեի գալուն անհամբեր է սպասում, հարազատի պես ընդունում, նրա հետ սիրով աշխատում։ Անհատական օգնականի ծառայությունը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը։ Նույն մոդելով Կառավարության կողմից ներդրվել է Անձնական օգնականի ծրագիրը, որից կկարողանան օգտվել հենաշարժական, տեսողական և հոգեկան (մտավոր) խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ում ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունի 10-ից բարձր անապահովության միավոր։ Ծրագիրը կգործի 2024 թվականի հունվարի 1-ից, բայց մինչ այդ կիրականացվի համանման պիլոտային ծրագիր։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան