Թեև վերջին տարիներին պետությունը որդեգրել է ՀԿ-ներին ծառայություններ պատվիրակելու քաղաքականություն՝ փորձելով ավելի հասցեական դարձնել սոցիալական ոլորտի ծառայությունները, այդուհանդերձ, խոցելի խմբերի համար հանրային կյանքում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ: Հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են ապրել մեկուսի՝ չներառվելով համայնքային կյանքին:
Արդեն 2 տարի հաշմանդամների հարցերով զբաղվող «Լիարժեք կյանք» ՀԿ-ն Ստեփանավան, Տաշիր խոշորացված համայնքներում և մայրաքաղաք Երևանում սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայություններ է մատուցում: 2 տարվա ընթացքում այդ ծառայությունների շնորհիվ հաշմանդամություն ունեցող շուրջ 500 երեխաների և երիտասարդների համար սոցիալական ներառումը թղթից գործի է վերածվել:
Թեման շարունակում է Լուսինե Սարգսյանը:
****
«Միայն այս կենտրոնում են իմ երեխային ընդունել այնպիսին, ինչպիսին կա»,-հուզմունքից Սյուզաննայի ձայնը մերթ ընդ մերթ ընդհատվում է: «Խնդիրների պատճառով, -ասում է,- մանկապարտեզում մերժեցին, խոսքը նորմալ չէ՝ ասեցին ու չընդունեցին, դպրոցում էլ խնդիրներ եղան, որոշ չափով հարթվեցին. խնդիր չունեցող երեխաների ծնողները դժվար են հարմարվում իրենց երեխաների կողքին խնդիր ունեցող երեխաների տեսնելու և նույն դասարանում կրթություն ստանալու մտքին, իսկ այստեղ իմ երեխային սեր տվեցին՝ ասում է։
«Միակ տեղն է, որտեղ երեխային ընդունում են այնպես, ինչպիսին կա՝ իր առանձնահատկություններով: Իր հետ աշխատում են հոգեբանը, լոգոպեդն ու արտթերապիստը: Շատ չար էր, ագրեսիվ, հիմա շտկվել է: Այժմ շատ մեծ, դրական փոփոխություն կա իմ երեխայի մոտ առաջվա ու հիմիկվա մեջ: Առաջ չէր մնում, հետո ընտելացավ, իրան առաջին հերթին սեր տվեցին»:
3 տարի է՝ Սյուզաննա Համբարյանի յոթնամյա տղան հաճախում է Ստեփանավանի «Լիարժեք կյանք» ՀԿ –ի սոցիալ-հոգեբանական աջակցության ցերեկային կենտրոն: Տղայի հետ մասնագետներ են աշխատում. նրա նախկին ագրեսիվ վարքից ոչինչ չի մնացել։ Տղաս ավելի հանգիստ է դարձել՝ ասում է։
«Երբ տեսնում էի՝ ինչպես են մարդիկ վերաբերվում խնդիրներով երեխաներին, ներքուստ շատ էի ընկճվում»,- 20-ամյա Էդվարդ Նիկողոսյանն է հիշում: Մանկական ուղեղային կաթվածից հենաշարժողական խնդիրներ ձեռք բերած տղան Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ուսանող է: Մի քանի ամիս կենտրոն է հաճախել ու տեսել երեխաների, որոնք ամեն օր կարծրատիպեր են կոտրում ու բանաձևում հասարակության մեջ ներառման իրենց տարբերակները: Կենտրոնում ոչ միայն սեփական բարդույթներն է թոթափել, այլև փորձի փոխանակում ունեցել երեխաների հետ: «Կարևորը վերաբերմունքն է,- ասում է, երբ քեզ վերաբերվում են ինչպես հավասարը հավասարին, խնդիրներդ փոքր են թվում :Կենտրոն հաճախելով՝ զգացի, որ ես ևս կարող եմ պիտանի լինեմ: Շատ ծանր էի տանում, որ տեսնում էի հասարակության վերաբերմունքը խնդիր ունեցող երեխաների հանդեպ: Հիմնականում հաճախել եմ կենտրոն, որ այդ բարդույթն իմ միջից դուրս գա: Եթե վերաբերմունքը վատը լիներ, չէի գնա կենտրոն»:
«Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանի խոսքով՝ Ստեփանավանում և տարածաշրջանի գյուղական համայնքներում կազմակերպությունն արդեն մի քանի տարի է՝ սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայություններ է մատուցում: Նախկինում միջազգային դրամաշնորհներով, 2019-ից՝ պետական: Շահառուները հիմնականում Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերի հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդներն են: Գյուղական համայնքներն այժմ խոշորացվել են: Չի հիշում դեպք, երբ նախընտրական շրջանում որևէ թեկնածու իր ծրագրային դրույթներում անդրադառնար նաև հաշմանդամների հիմնահարցերին, այնինչ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը համայնքային կյանքին տեղական ու միջազգային օրենսդրությամբ է ամրագրված: Համայնքները խոշորացան, հաշմանդամություն ունեցողների շատ ու շատ խնդիրներ այդպես էլ մնացին չլուծված՝ քաղաքաշինական մատչելիությունից մինչև խտրական վերաբերմունք՝ Մաղաքյանն է ասում:
«Երբ նայում ենք համայնքների քառամյա զարգացման ծրագրերը, սոցիալական ոլորտին և, ընդհանրապես, ներառականությանը վերաբերող գրեթե ոչինչ չկա: Այս առումով համագործակցության խորացման անհրաժեշտությունը կա: Հուսով եմ՝ համայնքներից ևս պատրաստակամություն կլինի: Համայնքներն ակտիվորեն զբաղված են համայնքային ենթակառուցվածքների փոփոխությամբ, կառուցմամբ, ցավոք, ոչ միշտ է, որ ապահովվում են մատչելիությունը կամ օրենսդրությամբ սահմանված նորմերը»:
Ստեփանավանին զուգահեռ «Լիարժեք կյանք» ՀԿ –ն պետական դրամաշնորհով սոցիալ-հոգեբանական աջակցության ցերեկային կենտրոններ է գործարկել նաև Տաշիրում և մայրաքաղաք Երևանում, անցյալ տարի՝ նաև Սևանում ու Գորիսում: 2019-ից ի վեր տարեկան ընդհանուր թվով շուրջ 250 շահառուներ տարաբնույթ ծառայություններ են ստացել կազմակերպության 5 կենտրոններում, որոնցից շուրջ 70-ը՝ Ստեփանավանում: Տաշիրի և Ստեփանավանի համայնքային իշխանությունների հետ համագործակցության հաջողված օրինակն է բերում ու ավելիի հույս հայտնում Սուրեն Մաղաքյանը:
«Գործող խոշորացվածների հետ համագործակցություն կա, թեև ցանկալի մակարդակի չէ: Որ խոշորացվածները հատուկ հետաքրքրություն ցուցաբերեն մատուցվող ծառայությունների նկատմամբ և մասնակցություն ունենան, մինչ օրս, որևէ օրինակ չկա, եթե հաշվի չառնենք Ստեփանավան համայնքի օրինակը: Խոշորացված համայնքներն աշխարհագրորեն շատ սփռված են և կազմակերպությունը միայնակ, իր ռեսուրսներով ի զորու չէ բոլոր համայնքներից միաժամանակ շահառուներին կենտրոն տեղափոխել , դրա համար կարևոր է հենց այդ համայնքների մասնակցությունը»:
Ըստ բժշկասոցիալական փորձաքննական գործակալության շտեմարանի՝ հանրապետությունում հաշվառված են 192.411 հաշմանդամություն ունեցող անձինք, որոնցից 8.861-ը՝ երեխաներ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ պետբյուջեից ծառայություններ պատվիրակվում են ոչ միայն հաշմանդամների, այլև տարեցների, երեխաների, ընտանեկան բռնությունների, թրաֆիքինգի հիմնահարցերի գծով:
Միայն հաշմանդամության ոլորտի ծառայություններին անցած 2 տարում պատկառելի գումար է տրամադրվել ՀԿ-ներին՝ 2021-ին շուրջ 295 մլն դրամ, 2022-ին՝ 40 մլն-ով պակաս՝ համապատասխանաբար շուրջ 450-500 շահառուների համար: Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ծառայությունների պատվիրակման մեխանիզմի միջոցով լրացնում են ծառայությունների հասանելիության այն բացը, որ կա մարզերում: Նախարարության ենթակայության կառույցներն ի զորու չէին ապահովել ողջ հանրապետության կարիքները: Ցավոք, ծառայությունների հասանելիության խնդիրը հաճախ օբյեկտիվորեն է առաջանում:
«էլի հասանելիությունն էնպիսին չէ, ինչպիսին կցանկանայինք, այնուամենայնիվ, կարևոր է, որ տարբեր մարզերում ունենք գործընկեր ՀԿ-ներ: Մարզերում ունենք տարբեր ծառայություններ, բայց ելնելով մարզերի աշխարհագրական դիրքից, ենթակառուցվածքների ոչ բավարար զարգացումից՝ մարզը սակավ հնարավորություն ունի, ինչպես, օրինակ, Սյունիքի մարզը»:
Ծառայությունների հասանելիության աշխարագրությունն ընդլայնելու նպատակով նախարարությունը գործընկեր կառույցների հետ քննարկում է հնարավոր արդյունավետ լուծումներն ու ապագա դրամաշնորհների նկարագիրը: Սուրեն Մաղաքյանի խոսքով՝ խնդրի լուծումը համակարգային մոտեցման կարիք ունի: Ելնելով համայնքների կողմից ծառայությունների պատվիրակման ու սոցիալական գործընկերությունն ավելի խորացնելու միտումներից՝ 2023 –ին ընդառաջ «Լիարժեք կյանք» ՀԿ-ը պատրաստվում է համագործակցության առաջարկներ ներկայացնել համայնքապետարաններին՝ փորձելով համագործակցությունը ՏԻՄ-երի հետ բարձրացնել նոր մակարդակի, պատրաստ է նաև առաջարկներ լսել:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական
աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ
արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Լուսինե Սարգսյան