Արցախի շրջաններում բնակվող հաշմանդամություն ունեցող անձինք զրկված են վերականգնողական ծառայություններ ստանալու հնարավորությունից։ Նրանք այլևս չեն հաճախում Ստեփանակերտի վերականգնողական կենտրոն։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնում է կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գոհար Խաչատրյանը։
«Ամեն ինչ անում ենք, որ աշխատանքը չտուժի, բայց խնդիրն առկա է հատկապես շրջաններից ծառայություններ ստացողների համար։ Տրանսպորտի աշխատանքը շրջաններում էլ է դադարեցվել, այնտեղ ապրողներն ընդհանրապես չեն կարողանում գալ։ Նրանց համար ծառայությունների մատուցումը չի կազմակերպվում»,-ասաց նա։
Գոհար Խաչատրյանի խոսքով` չնայած, որ իրենք վերականգնողական ծառայությունները փորձում են կազմակերպել ֆիզիկական վարժությունների միջոցով, այնուհանդերձ, կենտրոնի աշխատանքը դժվարում է, քանի որ դեղորայքը, վառելիքը սուղ է։
«Այդ պատճառով չենք կարողանում իրենց վերականգնողական ծառայությունների մատուցումը ճիշտ կազմակերպել։ Համընդհանուր տարածված խնդիր է, որ բոլորն ունեն, բայց հաշմանդամություն ունեցող մարդկանց վրա ավելի ծանր է ազդում։ Եթե խնդիրներ չունեցող մարդը կարողանում է ոտքով քայլել ու հասնել աշխատանքի, ապա շարժողական խնդիրներ ունեցողները չեն կարողանում հասնել ծառայություններ ստանալու համար»,-ասաց կենտրոնի ղեկավարը` նշելով, որ բժշկական պարագաների ու դեղորայքից զատ բուժումն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք սնվեն, ինչի հնարավորությունից այժմ զրկված են։
«Շրջափակման ժամանակ էլի ինչ-որ հնարավորություններ կային, բայց այս ամբողջական բլոկադայից հետո խնդիրն ավելի լուրջ է։ Դեղորայքից ու վառելիքից բացի խնդիր է նաև ճիշտ, բալանսավորված սնվելուց զրկված լինելը»։
Վերականգնողական կենտրոնն ունի ստացիոնար, ամբուլատոր բաժանմունքներ, մանկական կենտրոն և այլ ծառայություններ։ Գոհար Խաչատրյանի խոսքով կենտրոնի գույքը, մարզասարքերը և մյուս անհրաժեշտ պարագաները ձեռք էին բերում Հայաստանի հանրապետությունից, իսկ հիմա բավարարվում են եղածով և շարունակում են աշխատանքները։
«Աշխատակիցները ոտքով Ստեփանակերտի տարբեր ծայրերից են հասնում վերականգնողական կենտրոն։ Շրջաններից էլ աշխատակիցներ ունենք, բայց եկել մայրաքաղաքում բարեկամների տանն են մնում, որ աշխատանքը չթողնեն»,-նշեց նա։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան