Հայաստանում ընդհանուր բնակչության 11,38 տոկոսն ունի հոգեկան առողջության խնդիր։ Այս ցուցանիշով տարածաշրջանում առաջատարն ենք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արված վերջին հետազոտությունը, որ փաստում է սրա մասին 2019թ-ին է հրապարակվել, բայց իրավիճակն այս տարիների ընթացքում չի բարելավվել, այլ թիվը շարունակել է աճել ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում։ ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած վիճակագրական տվյալներով` Հայաստանում հաշվառման մեջ գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թիվը կազմել է. 2000թ.` 32717, 2015թ.` 51167, 2019թ.` 57164 և 2021թ.` 60222` արձանագրելով հիվանդացության աճ: Նաև աճել է դիսպանսերային հսկողության տակ վերցված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թիվը:
Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց թվի աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ այդ թվում համավարակով ու պատերազմով, coalition.am-ի հետ զրույցում ասում է ՀՔԱՎ ներկայացուցիչ Մարիետա Թեմուրյանը։ Ըստ մասնագետների, հոգեկան առողջության վրա ազդող անբարենպաստ գործոններից է նաև բնակչության ծերացումը(Հայաստանի բնակչության 15 տոկոսը 65 տարեկանից բարձր անձինք են, իսկ 60-ն անց անձինք ավելի խոցելի են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների առաջացման հարցում), տեղեկատվական անվերահսկելի հոսքերը և այլն։
«Կովիդի հետազոտությունները ցույց էին տալիս, որ վարակը հոգեկան առողջության խնդիրների առաջացման ռիսկ է պարունակում, պատերազմն էլ լուրջ մարտահրավեր էր։ Կա նաև մեկ այլ խնդիր՝ Հայաստանում սինթետիկ թմրամիջոցների օգտագործման աճ է նկատվում, իսկ դրա գործածումը փոխկապակցված է հոգեկան առողջության խնդիրների հետ», — ասում է Մարիետա Թեմուրյանը։
Մեկ այլ խնդիր ևս՝ ծառայությունների որակով, արժեքով ու խարանով պայմանավորված շատերը խուսափում են ժամանակին դիմել հոգեբույժի ծառայությանը, ինչը ևս նպաստում է թվերի աճին, նկատում է մասնագետը։
«Ունենք մասնավոր վճարովի և պետական հոգեբուժական ծառայություններ, որոնք անվճար են, բայց տարբեր պատճառներով պայմանավորված շատերը նախընտրում են դիմել մասնավորին, որի դեպքում մեկ ժամվա արժեքը սկսվում է 20 000-ից և բոլորը չէ , որ կարող են իրենց թույլ տալ դիմել այդ ծառայություններին։ Ինձ դիմել է, օրինակ, 20 տարեկան աղջիկ, ով ունի ծառայության կարիքը, բայց չէր ուզում գնալ հոգեբուժական հաստատություն, որովհետև եթե իմացան, ասում էր, խնդիրներ եմ ունենալու հասարակության տարբեր շերտերում, բայց նաև գումար չուներ մասնավորին այցելելու համար ու նմանատիպ շատ դեպքեր։ Կան նաև դեպքեր, երբ առհասարակ ուղղակի խուսափում են դիմել մասնագետի՝ կրկին խարանի պատճառով։ Թեև առաջվա համեմատ փոփոխություն կա դիմելիության առումով, բայց խարանն ու կարծրատիպը նստած է ու դժվար են մարդիկ խոսում դրա մասին, դժվար են ընդունում ու բացահայտում խնդիրը», -ասում է Մարիետա Թեմուրյանը, նշելով մեկ այլ խնդիր ևս՝ որակյալ մասնագետների պակասը, որ հատկապես մարզերում է նկատվում։
Նաև մանկական հոգեբույժների խնդիր կա։ Մարդիկ չեն գնում մարզերում աշխատելու, իսկ գնացողներն էլ քիչ են աշխատում ու հետ են վերադառնում, չեն մնում։ Մասնագետները թեպետ կենտրոնացած են Երևանում, այդուհանդերձ մայրաքաղաքում էլ նրանց թիվը մեծ չէ և որակյալ կադրերի պակասն էլի զգացնել է տալիս։ Այս խնդրի լուծման համար, ըստ մասնագետի, պետք է երիտասարդ մասնագետներին, ուսանողներին խրախուսելու ձև գտնել։
Առհասարակ, խոսելով ոլորտային խնդիրների մասին, Մարիետա Թեմուրյանը որպես առաջնային ու կարևոր խնդիր հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բացակայությունն ու ապաինստիտուցիոնալացումը նշեց։
«Մենք չունենք համայնքահենք ծառայություններ, բուժման առաջադեմ մեթոդներ ու դա բերում է ավելի մեծ խնդիրների։ Հիմա բուժումը կենտրոնացած է հոգեբուժական հաստատություններում, իսկ խնամքը՝ խնամքի կենտրոններում։ Թեպետ հոգեբուժական հաստատությունները բուժման համար են նախատեսված, բայց տարբեր գնահատականներով 50 տոկոս և ավելի խնամքի կարիք ունեցողներն են այնտեղ, քանի որ չունեն գնալու տեղ, տարբեր ծառայություններ ստանալու հնարավորություն։ Սա հիմնական ու ամենամեծ խնդիրն է, որ Հայաստանում կա և դրա ապաինստիտուցիոնալացման ռազմավարությունը չունենք, թեպետ այդ կոնցեպտը որոշ տեղերում դիտարկվում է, օրինակ, «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների 2022-2026թթ. ծրագրում» առաջ է քաշվում այդ կոնցեպտը, բայց էլի այն չէ, որ կբերի արդյուանվետ իրականացմանը ու փոփոխությանը։ Պետությունը արդեն 1 տարուց ավելի է որդեգրել է այդ քաղաքականությունը, բայց արդյունք չունենք», — նշում է Թեմուրյանը։
Ըստ նրա, թեպետ որոշակի գործողություններ արվում են, բայց այն բավարար չէ։ Օրինակ, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամքը կազմակերպելու նպատակով տարիներ առաջ բնակարաններ գնվեցին, որոնք անմխիթար վիճակում էին, նորոգման կարիք ունեին ու մինչ այսօր ոչ միայն այդ տներում բնակվողներ չկան, այլև քրեական գործ է հարուցվել՝ գնման գործընթացի ոչ պատշաճ իրականացման հետևաքով։
Հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդիկ պետք է ապրեն ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքով, սնվեն, տեղաշարժվեն ըստ ցանկության, այլ ոչ թե որևէ մեկի կողմից սահմանված գրաֆիկով, պնդում են մասնագետները։
Մարիետա Թեմուրյանը նշում է, որ «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների 2022-2026թթ. Ծրագրով» նախատեսվում է նաև իրազեկման և օրենսդրության բարելավման միջոցառումներ իրականացնել։
«Ծրագրում կա հոգեկրթման բաղադրիչը, որը հույս ունեմ ներդրվելու է, որովհետև սովորաբար գրում ենք, բայց իրականացման խնդիր ենք ունենում։ Եթե պատշաճ իրականացվի, դպրոցներում ներդրվի, ապա երեխաները ի սկզբանե կիմաման հոգեկան առողջության պահպանման կարևորության մասին։ Ունենք նաև ազգաբնակչության հոգեկան առողջության պահպանման իրազեկման ծրագիր, որը ևս շատ կարևոր է։ Նախատեսում ենք հոգեկան առողջության մասին օրենքի մշակում ևս», — ընդգծում է նա։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան