Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները զրկված են աշխատելու հնարավորությունից։ Coalition.am-ը զրուցել է Հայաստանի տարբեր մարզերում բնակվող մեկ տասնյակից ավելի ծնողների հետ, որոնք ունեն մասնագիտություն, աշխատելու մեծ ցանկություն, բայց չեն կարողանում իրացնել իրենց այդ իրավունքը, քանի որ անհնար է հաշմանդամություն ունեցող երեխային միայնակ թողնել։
Ալվարդ Բալայանը մասնագիտությամբ հաշվապահ է։ Չի աշխատում, արդեն 19 տարի է խնամում է հաշմանդամություն ունեցող որդուն։ «Չեմ կարողանում աշխատել, երբեք չեմ աշխատել, քանի որ տղայիս խնամող չկա»,-ասում է նա և նշում, որ եկամտի միակ միջոցը որդու հաշմանդամության թոշակն ու նպաստն է։
Ալվարդ Բալայանը պետությունից ակնկալում է աջակցություն հաշմանդամություն ունեցող ծնողների համար։ «Պետությունը գոնե միայնակ երեխաներին խնամող ծնողներին խնամակալի գումար կարող է տրամադրել»,-նշում է նա։
Ռուզաննա Դարիբեկյանի հաշմանդամություն ունեցող որդին 14 տարեկան է․ չի խոսում, չի քայլում և չի կարողանում նստել։ Որդու ամենօրյա խնամքին զուգահեռ նկարում է շապիկների և կերամիկայի վրա։ «Նկարում եմ, բայց չեմ կարողանում վաճառքը կազմակերպել, տան պայմաններում հնարավոր չէ։ Տան պայմաններում այլ աշխատանք էլ կարող եմ անել՝ եթե ծրագրեր լինեն, օրինակ կարելու կամ մեղվապահության»,-ասում է նա և ավելացնում, որ պետությունը պետք է վերանայի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները և ըստ առողջական վիճակի հատկացնի ֆինանսական աջակցություններ։
Աննան մասնագիտությամբ մանկավարժ է, ունի նաև մագիստրոսի որակավորում։ Կրկին չի աշխատում։ Երեխայի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված։ «Չկա որևէ հաստատություն, որտեղ երեխան ցերեկային ժամերին ծառայություններ ստանա, իսկ ծնողն աշխատի, հնարավորություն էլ չկա դայակ վարձելու»,-ասում է նա:
Նույն առողջական խնդիրներն ունի նաև Սոնա Անտոնյանի 16-ամյա որդին։ Նա կարծում է, որ պետությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին այնպիսի աշխատանքներ պետք է առաջարկի, որը հնարավոր կլինի տանից ևս կատարել։ «Կամ ինչ-որ հաստատություն լինի, որ երեխային աշխատանքային ժամին թողնես իրենց խնամքին։ Իմ նման ծնողներին, գոնե այս տարիները, որ երեխայի խնամքով են զբաղվել, հաշվեն աշխատանքային ստաժ, չէ որ հասկանալի պատճառով չենք կարող աշխատել ու մեր երկրում նման ծնողների խնդիրներով զբաղվող չկա։ Կարծես անտեսված լինենք, ես չեմ ուզում համեմատվել ուրիշ երկրների հետ, բայց, եթե ուրիշ հարցերում օրինակներ են վերցնում այլ երկրներից շատ կուզենայի, որ խնդիրներով երեխա ունեցող ընտանիքների համար էլ օրինակ վերցնեին այլ երկրներից»,-ասաց նա։
Նույն խնդիրներին բախվող Ջուլիետա Նակաշյանի խոսքով էլ՝ չաշխատելը հոգեբանական խնդիրներ է առաջացնում ծնողների համար։ «Եթե հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող ես չաշխատելով պարզապես կարող ես խելագարվել՝ զուտ օրվա միապաղաղությունից։ Ծնողն էլ պիտի դուրս գա տնից, ցրվի, լիցքաթափվի։ Էս պարագայում աշխատանքը միանգամից մի քանի հարց կարող է լուծել»,-ասաց նա։
ՀՀ ԱԺ-ն ընդունել է օրենք, որի համաձայն 2024 թվականից հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին աջակցելու է անձնական օգնականներ վարձելու հարցում։
«Իրականում, անհրաժեշտ է տարբերություն չդնել և հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց տրամադրել անհատական օգնականի վարձելու համար գումար։ Այդ դեպքում ընտանիքի անդամները (տվյալ դեպքում՝ մայրը) կկարողանա ունենալ կարիերայի զարգացում, վճարել հարկեր, ինչը նպաստավոր է պետության համար»,-մեզ հետ րույցում ասաց Ռասմիլան։
Նա ունի երկու երեխա, որից մեկն ունի հաշմանդամություն։ Մասնագիտությամբ երաժիշտ է, երեխային խնամելու և թերապիաների տանելու կարիք կա, բացի երեխայից, տանը կա ևս մեկ հաշմանդամություն ունեցող անձ։ Նշում է՝ այդ պատճառով լիարժեք աշխատելն իրատեսական չէ։
Աշխատանքի և սոցալական հարցերի նախարարությունից փոխանցում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացման նպատակով՝ 2024 թվականի հունվարի 1-ից ներդրվելու է անձնական օգնականի ծառայություն։ Պետական ծրագրից կարող են օգտվել հենաշարժական, տեսողական և հոգեկան (մտավոր) խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունի 10-ից բարձր անապահովության միավոր։
Գերատեսչությունից հայտնում են՝ ծառայությունը հնարավորություն կտա աջակցել հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները, այդ թվում՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան