Խաչիկ Ավագյանն ունի բարձրագույն կրթություն։ Ավարտել է Շիրակի պետական համալսարանի Ֆրանսերենի բաժինը։ Մասնագիտությամբ, սակայն, չի աշխատել։ Պատմում է, որ ժամանակավորապես աշխատանքի է անցել հացի փռում, ապա փորձել է այլ գործատուի մոտ աշխատանքի ընդունվել, սակայն, ապարդյուն;
Մի քանի տարի է, ինչ Խաչիկը «Էմիլի Արեգակ» կենտրոնի ֆինանսական աջակցությամբ հիմնել է սեփական բիզնեսը։ Կավից ափսե-հուշանվերներ է պատրաստում, ափսեները նկարազարդում եւ վաճառքի ներկայացնում։ Արդեն 10 ափսե-հուշանվեր է ստեղծել, որից 6-ն արդեն վաճառվել են;
Խաչիկը մանկուց ունի հաշմանդամություն: Անկեղծանում է՝ հիմնած բիզնեսն իրեն դուր է գալիս։ Նպատակը մեկն է՝ բիզնեսի զարգացումն ու ֆինանսական կայունությունը։ Սեփական բիզնեսն ունի «Նռանե» անվանումը։ Խաչիկը նռան նախշով ափսեները ներկայացրել է նաեւ տոնավաճառների ու փառատոնների։
Ազատ ժամանակ զբաղվում է նկարչությամբ, հաճախում է կենտրոնի խմբակ։ Մինչ բիզնեսը կենտրոնի տարածքում զբաղվել է այգեգործությամբ։ Այդ աշխատանքը եւս Խաչիկին դուր է եկել։
Հովհաննես Աբրահամյանը եւս մի քանի տարի առաջ է սեփական բիզնեսը ստեղծել դարձյալ «Էմիլի Արեգակ» կենտրոնի ֆինանսական աջակցությամբ։ Ստեղծում է բուրումնավետ օճառներ, դրանք վաճառում։ Առայժմ ուսումնասիրում է սոցիալական մեդիա մարքետինգը, ցանկանում է ինքնուրույն կատարել օճառների գովազդը։
Հովհաննեսը սովորել է ուսումնարանում, ստացել համակարգչային օպերատորի մասնագիտություն, սակայն մինչ կենտրոն հաճախելը, երբեք չի աշխատել։ Անկեղծանում է․ «Գիտեմ, որ եթե դիմեմ աշխատանքի խնդրանքով, ինձ պիտի մերժեն»։
Նա եւս մանկուց ունի հաշմանդամություն։
«Էմիլի Արեգակ» կենտրոնի ընդհանուր բաժնի համակարգող Մարինե Աթայանն ասում է, որ իրենց նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելն է սեփական բիզնես ունենալու գործում այնքան, մինչեւ վերջիններս կկարողանան ինքնուրույն եւ անկախ դառնալ։ Մարինեն միաժամանակ ավելացնում է՝ տարիների ընթացքում կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձինք փոխվում են, դառնում ակտիվ, նախաձեռնող։
«Պատահում է, որ անձը անինքնավստահ է եղել, չի ճանաչել իր կարողությունները, ունեցել է բարդույթներ, հաղորդակցության դժվարություններ, եղել է պասիվ, սակայն թիմային մոտեցման արդյունքում այդ դժվարությունները հաղթահարվել են։ Մասնակցել են միջոցառումների, տարբեր մասնագիտություններ են փորձել եւ այսօր նրանց համար ամենակարեւորը ինքնուրույն դառնալն է»,-ասում է նա։
Եւ Հովհաննեսը, եւ Խաչիկը ձգտում են անկախ եւ ինքնուրույն կյանքի, իսկ դրա համար, կարծում են, հարկավոր է շարունակական կրթություն ու աշխատանք։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Անի Մկրտչյան