Հարություն Մխիթարյանի կյանքի պատմությունը մոտիվացիայի ու ոգեշնչման իսկական օրինակ է:
Տարիներ շարունակ 9-րդ հարկի իրենց բնակարանում 39-ամյա Հարություն Մխիթարյանն ինքնակրթությամբ է զբաղվել: Միայն 2005 թ-ին, երբ սկսեց աշխատել բարձրահարկի վերելակը, Հարութն աստիճանաբար սկսեց ելումուտ անել: «Բացարձակ չեմ կոմպլեքսավորվել,- ասում է,- տարօրինակ հայացքներ որսացել եմ, բայց շարժվել առաջ, գնացել նպատակներիս ետևից:
2013 թ-ին «Լիարժեք կյանք» ՀԿ-ի առաջարկով Հարությունը մասնակցեց «Կյանքի հմտություններ և աշխատանքի որոնում» դասընթացին, որի ժամանակ էլ տեղեկացավ «LIFE» ծրագրի մասին. «Այդ ժամանակ շատ թերահավատ էի: Մազերիս քանակի դասընթացների եմ մասնակցել, տարբեր խոստումներ լսել, շատ ծրագրեր են «եկել-գնացել» ու մեծ մասը՝ անարդյունք. մենք մնում էինք միայնակ մեր խնդիրների հետ»,-հիշում է Հարությունը: Հետո լսեց, որ ԱԻՆ-ը մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների համար աշխատանքի է հրավիրում հաշմանդամություն ունեցող անձանց: Առանց վարանելու լրացրեց ինքնակենսագրականն և նախարարություն ուղարկեց: 2015-ից Հարությունն աշխատում ՀՀ ՏԿ ԱԻՆ Լոռու մարզային Փրկարարական վարչության Ճգնաժամանային կառավարման 911 կենտրոնում՝ որպես փորձագետ: Բնավորությամբ շփվող ու կատակասեր Հարությունն ասում է. «Ոչ թե ես եմ ինտեգրվել հասարակությանը, այլ հասարակությունն՝ ինձ»,-ժպտում ու լուրջ դեմքով ասում է Հարութը: Աշխատավայրը լիովին հարմարեցված է իրեն: Աշխատանքը հերթափոխային է: Լավ հարաբերություններ է ստեղծել գործընկերների հետ: Ինչպես ինքն է ասում՝ իրեն դրսևորված է զգում: Աշխատանք գտնելու հարցում ունեցած նախկին թերահավատությունից ոչինչ չի մնացել:
Հարությունն այժմ լրիվ ուրիշ մարդ է. «Հիմա ես պլանավորում եմ օրս, գիտեմ` երբ ինչ եմ անելու, երբեմն արդեն ժամանակը չի բավարարում, բայց ավելի լավ է այդպես, քան առաջվա պես»: Աշխատանքից բացի, 10 տարուց ավելի է՝ Հարութը նաև բազկամարտով է զբաղվում, բազմաթիվ առաջնությունների մեդալակիր է, անգամ մարզչական գործով է զբաղվում, բայց մարզական ոլորտն էլ հեշտ չի տրվել: Ժպիտով հիշում է, թե ինչ դժվարությունների միջով է անցել. մարզիչները հրաժարվում էին մարզելուց, մարզասրահներն էլ «մերժում»՝ մատչելի չլինելու պատճառով: Միակ մարզչի՝ Վալերի Ժամհարյանի ընձեռած հնարավորությունը լիովին փոխեց երիտասարդ մարզիկի կյանքը. 6 տարի առաջ աբազկամարտին զուհագեռ սկսեց զբաղվել նաև ծանրամարտով:
2015 թվականից ի վեր՝ հաջողություններ գրանցում ծանրամարտի և բազկամարտի հանրապետական մրցաշարերում: 2021-ին Հարութը գրավեց Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կազմակերպած հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնության 1-ին պատվավոր հորիզոնականը՝ 65 կիլոգրամ քաշային կարգում աջ ու ձախ ձեռքերով:
Պարգևների, դիպլոմների մեդալների ու գավաթների պակասից չի դժգոհում. Հայաստանի բազմակի չեմպիոն է, Համաշխարհային առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր: 2016-ին ծանոթությունը, ապաև ամուսնությունը Սուսաննայի հետ մի նոր էջ բացեց Հարութի կյանքում:
«Առաջնահերթություններս փոխվեցին ընտանիք կազմելուց հետո, հիմա ամեն ինչ, անգամ հաղթանակներս հանուն ընտանիքիս են, փառք Աստծո, ունեմ գեղեցիկ ընտանիք, ապրում եմ լիարժեք կյանքով, զբաղվում իմ սիրած սպորտաձևով ինքնաբավ եմ »,-ասում է բազմակի չեմպիոնը: Ընտանիքի մասին պատկերացումների յուրովի մեկնություններ ունի: Ամենամեծ պարգևն ընտանիքն է՝ ծնողները, եղբայրը, որոնց կյանքով է պարտական ու շնորհակալ այնպիսին լինելու համար, ինչպիսին կա: Հիմա արդեն իր ստեղծած ընտանիքին, որ դարձավ կարևոր ու նվիրական օազիս հաջողությունների ու ոգեշնչման հաղթական ճանապարհին. «Երբ փոքր էի, մերոնք էին ինձ թև ու թիկունք, եղբայրս, որ մինչ օրս սարի պես կանգնած է, ես էլ իր համար, ամեն հարցում օգնում, աջակցում: Ընդհանրապես հանրության մեջ ներառվելու խնդիր չեմ ունեցել ու դրանում մեծ դերակատարում ունի մեր ընտանիքը, որ կարծրատիպերից ու նման մտածելակերպից զուրկ էր: Հենց դրա շնորհիվ է, որ ես այն եմ ինչ կամ, ես երբեք չեմ հարմարվում հասարակության կարծիքին, թող իրենք հարմարվեն իմ գոյությանն իրենց կողքին: Միայն թե, որ շրջապատող միջավայրն էլ փոքր ինչ մատչելի լիներ, շատ ավելի հեշտ կլիներ»:
2020 թվականի հունիսի 20-ը օրացույցում դարձավ բացառիկ Հարությունի և Սուսաննայի կյանքում: Ծնվեց նրանց առաջնեկը՝ Աշոտը: Արդեն 3 տարի փոքրիկը իմաստավորում է երջանիկ ծնողների ամեն օրն ու ժամը: Ամեն օր ծնողավարման դաս է ինձ համար՝ կիսակատակ ասում է Հարութը «Սկզբում չգիտեի, կարո՞ղ եմ լավ ծնող լինել, լավ հայր, հուսով եմ լավ հայր եմ, ամենաշատը, երևի թե, դրանից էի վախենում, ինձ թվում է վատ ծնող չեմ, լավ հայր եմ, համենայն դեպս տղաս ինձ շատ է սիրում, ես էլ փորձում եմ այս հասակից շատ ճիշտ դաստիարակեմ նրան»:
«Մեծ հաշվով այն եմ, ինչ կամ.սեփական եսին հաշվետու լինելու պես է: Կուզեն կընդունեն, կուզեն՝ չէ, դա իրենց խնդիրն է: Կարծատիպերը, թե մենք լիարժեք անձնական կյանքի իրավունք չունենք, մեծապես մեզնից է կախված, խորհուրդ կտամ հաշմանդամություն ունեցող անձանց դուրս գան այդ կարծրատիպերից, որովհետև բոլորս էլ հավասար ենք»,ասում է Հարութը։ Կարծրատիպերով ու հասարակության կարծիքներով չի ապրում: Խոչընդոտ չի տեսել ու չի տեսնում, թե ինչու հաշմանդամություն ունեցող անձը չպիտի ամուսնանա, ընտանիք կազմի, երեխաներ ունենա, այստեղ շատ կարևոր է նաև հենց հաշմանդամություն ունեցողի պահվածքը:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Լուսինե Սարգսյան