Երկար միջանցքից բարձր ծիծաղի ու Գյումրուն ոչ հատուկ բարբառով խոսակցություն է լսվում։ «Գամ չէ՞»,- կիսաբաց դուռը թակում է կենսախինդ մի պատանի, սեղմում սայլակի փոքրիկ կոճակն ու վստահ ներս մտնում։
Երկարաթարթիչ, մեծ աչքերով տղան Մհերն է։ 7-8 տարի առաջ նրա տեսած մի երազի հետքերով Առաքելյանների բազմանդամ ընտանիքը Երևանից տեղափոխվեց Գյումրի։ Ընտանիքի հայրը մնաց Երևանում, աշխատանքն այնտեղ էր, Մհերը մայրիկի, 2 եղբայրների և 3 քույրերի հետ Գյումրիում հարմարվել, ապրում, սովորում է։
Մայրը 1-2 ամսով, լինում է, որ մեկնում է արտագնա աշխատանքի, Մհերին այդ ժամանակահատվածում քույրերն են օգնում։
15-ամյա տղան այս տարի կավարտի հիմնական դպրոցը։ Չի շտապում մասնագիտության կողմնորոշման հարցում, նաև չգիտի՝ Գյումրիում են մնալու, թե վերադառնալու են Երևան։
«Եթե մնացինք Գյումրիում, երևի ավագ դպրոց կգնամ, բայց եթե վերադառնամ Երևան, հավանաբար մի քոլեջում կշարունակեմ ուսումս»,-ասում է Մհերը։
Աշխարհում ամեն ինչից առավել մարդկային անկեղծությունն է սիրում, դպրոցի առարկաներից՝ ռուսերենն ու ֆիզիկան։
Մեր զրույցի ընթացքում Մհերն ակնթարթորեն վերադառնում է վաղ մանկություն։
«Իմ հիվանդությունը 2,5-3 տարեկանում ի հայտ եկավ, դրանից առաջ մանկապարտեզ եմ գնացել, շատ ակտիվ եմ եղել»:
Մհերը շատ ընկերներ ունի, որոնց հետ կարողանում է քննարկել ցանկացած հարց ու հաղթահարել տարբեր իրավիճակներ։
«Շրջապատում ես ինձ բացարձակ տարբեր չեմ զգում, որովհետև իմ շրջապատում բոլորն իրենց այնպես են պահում, որ ես ինձ ներառված զգամ, թե դպրոցում թե «Փյունիկ»-ում ես ինձ չեմ տարբերում ուրիշներից, չունեմ այդպիսի զգացողություն»,-վստահեցնում է նա։
Ուզում է ծրագրավորող դառնալ, սակայն Գյումրիում չի կարողացել գտնել մի խմբակ, որն իրեն թեկուզ նախնական, բայց մասնագիտական գիտելիք կտար։
«Հետաքրքրվել եմ, հարմար չեն դրանք ինձ համար։ Հարցրել եմ, կարող եմ գալ, կամ չգալ, ասել են այո կարող ես գալ, բայց ես չեմ գնացել, հասկացել եմ, որ իրենց մոտ չեմ կարողանալու գնալ»,-անկեղծանում է Մհերն ու նշում՝ այնպես չէ, որ իր նպատակին հասնելու քայլեր չի ձեռնարկում։
Ինքնակրթվում է, մասնագիտական գիտելիք ձեռք բերում ինքնուսույցների և երևանաբնակ ընկերոջ օգնությամբ։ Օնլայն հարթակը Մհերի համար չէ, սակայն այս պահին դա հարցի լուծման ելքային միակ տարբերակն է, մինչև Գյումրիում գտնվի այնպիսի հաստատություն, որը կլինի հարմար, կկարողանա ինքնուրույն հաճախել ու ծրագրավորում սովորել։
Դպրոց, հանդիպում ընկերների հետ։ Մհերի՝ տանից դուրս գալու հիմնական առիթներն են։ Եթե Գյումրին, հատկապես Անի թաղամասը, որտեղ Մհերն է ապրում, ունենար նորմալ փողոցներ ու հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին հարմարեցված տրանսպորտ, շատ բան կփոխվեր 15-ամյա պատանու կյանքում։ Ինքն իրեն ուր և երբ ուզեր կգնար, կվերադառնար։ Իսկ հիմա, չնայած սայլակն ինքնակառավարվող է, ինքն էլ վարժ տիրապետում է դրան, միշտ մեկի օգնությունը պետք է, քանի որ փողոցները քարուքանդ են, մայթեր չկան, կամ կտրտված են, բարձր ու ցածր։ Ամեն քայլափոխի խնդիրներ են։
«Հիմնականում տաքսիով եմ գնում դասի, սայլակս թողնում եմ դպրոցում, երբ որ հասնում եմ, նստում եմ սայլակին ու գնում եմ դասարան։ Քույրիկս միշտ օգնում է ինձ։ Բայց որ եղանակը տաք է լինում, ու ցեխ չի լինում, ես մենակ կարողանում եմ գնալ-գալ»,-ասում է Մհերը։
Տղան երկու մեծ երազանք ունի՝ ինքնուրույն քայլել ու ճամփորդել, լինել Ֆրանսիայում, Մեքսիկայում, Չինաստանում, ԱՄՆ-ում։ Երկուսի իրականացմանն էլ հավատում է, վստահ, որ այդ օրերն իրենից այնքան էլ հեռու չեն, բայց դրանց հասնելու մեծ ջանք ու կամք են պահանջվում։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Արմենուհի Մինասյան